Գումարները վերցնում են, բայց գազով չեն ապահովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից վարկային միջոցներով դեռեւս երկու տարի առաջ Լոռու, Սյունիքի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում իրականացված գազաֆիկացման աշխատանքները եւ դրան հետեւած իրադարձությունները դիպուկ բնորոշում են Հայաստանի կառավարման համակարգի վիճակը: Միանգամից նշենք, որ զուտ վարչարարական սխալների եւ գործընթացը վատ կառավարելու արդյունքում ՀՀ պետբյուջեն մի քանի միլիարդ դրամի վնաս է կրել:

Այս խնդրի մասին «Ժողովուրդ»-ը մեկ անգամ արդեն գրել է: Խոսքը վարկային գումարներով չորս մարզերի՝ թվով 26 գյուղերը գազաֆիկացնելու մասին է: Շինարարական աշխատանքներն իրականացվել են 2012 թվականին, սակայն մինչ օրս նոր կառուցված գազատարները չեն օգտագործվում, եւ այդ համայնքների բնակիչները գազ չեն ստանում:

Մոտ երկու տարի տեւած վարչարարական քաշքշուկներից հետո Կառավարության՝ նոյեմբերի 27-ի նիստում որոշում կայացվեց վարկային միջոցներով կառուցված գազատարները համապատասխան համայքներին նվիրաբերելու վերաբերյալ: Այդ որոշմամբ Կառավարությունն ընդհանուր առմամբ համայնքներին նվիրաբերել է 4 միլիարդ 920 միլիոն դրամ հաշվեկշիռային արժեք ունեցող գազատարներ:

Նշենք, որ այս ծրագրով գազաֆիկացված գյուղերից 12-ը Արագածոտնի մարզի համայնքներն են: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մարզի 12 գյուղերի վարչական տարածքներում գտնվող գազատարները համայնքներին հանձնելու աշխատանքներն առաջիկա օրերին կավարտվեն: «11 համայնքների հետ ընդունում-հանձնումը կատարվել է, մնացել է միայն Կոշ համայնքի հետ գործընթացն ավարտենք»,- պարզաբանեց Սահակյանը: Վերջինիս խոսքերով՝ իրենց մարզի Հարթավան եւ Արայի համայնքներն արդեն իսկ պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիայի» հետ, եւ գազատարներն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն վերջինիս: Դրանից հետո ռուսական «Գազպրոմ Արմենիան» արդեն կարող է սկսել բնակիչների գազամատակարարման կազմակերպումը:

Մեր տեղեկություններով՝ մյուս համայնքները դեռեւս չեն շտապում «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանագիր կնքել, քանի որ ապագայի հետ կապված մտահոգություններ ունեն: Բանն այն է, որ գազի խողովակները համայնքի սեփականություն դառնալուց եւ այդպիսին մնալուց հետո դրանց անվտանգության եւ հետագա շահագործման ընթացքում խնամման համար պետք է պատասխանատվություն կրեն հենց համայնքները: Այսինքն՝ գյուղապետերին ավելի ձեռնտու է ադ խողովակները նույնիսկ անհատույց «Գազպրոմ Արմենիային» հանձնել, քան թե դրանք պահել իրենց հաշվեկշռում` դարձնելով լրացուցիչ գլխացավանք իրենց համար: Այսինքն՝ ակնհայտ է, որ գազատարները համայնքներին հանձնելով՝ ինչ-որ կերպ փորձ է արվում լուծել խնդիրը, բայց դա ժամանակավոր բնույթ է կրելու, քանի որ ամեն անգամ, երբ գազատարների հետ կապված խնդիրներ առաջանան, համայնքները փաստի առաջ են կանգնելու եւ կրկին թակելու են մարզպետների դռները` վերանորոգման համար գումարներ հայթայթելու ակնկալիքով, իսկ մարզպետներն էլ թակելու են Կառավարության դուռը:

Բնական հարց է ծագում՝ իսկ ինչպես է պատահել, որ այսպես է ստացվել, այս հարցը շատ կարճ պատասխան ունի՝ անտերության եւ որոշ չինովնիկների անպատժելիության արդյունքում: Բանն այն է, որ երբ 2012-ին ծրագիրն իրականացվել է, գյուղերը գազաֆիկացվել են, աշխատանքների հանձնման-ընդունման գործընթացի ժամանակ ծրագրում ընդգրկված ընկերությունների եւ ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» միջեւ տարաձանություններ են սկսվել: Մոտ մեկ տարի շարունակ շինարարները եւ Կառավարության վերը նշված գրասենյակը չեն կարողացել համաձայնության գալ: Արդյունքում, երբ արդեն 2013-ի տարեվերջին նրանք ի վերջո կարողացել են համաձայնութան գալ, ի դեպ, կրկին խնդրով լրագրողների հետաքրքրվելուց հետո, այս անգամ հարց է առաջացել՝ իսկ «Գազպրոմ Արմենիան» ի՞նչ հիմունքներով պետք է այդ խողովակները շահագործի եւ դրանցով մարդկանց գազ մատակարարի: ՀՀ Կառավարության տեսանկյունից միակ ճիշտ լուծումը պետք է լիներ այն, որ այդ խողովակները տրվեին այն ժամանակ դեռեւս «Հայռուսգազարդին» (ներկայիս «Գազպրոմ Արմենիային»), եւ գազատարների գնի չափով պետք է ավելացվեր ՀՀ Կառավարության 20 տոկոս բաժնեմասի հաշվեկշռային արժեքը: Սակայն, մինչեւ հերթը հասել է այս խնդրի լուծմանը, ՀՀ Կառավարությունն արդեն կնքած է եղել «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը պարտքի դիմաց ռուսական «Գազպրոմին» հանձնելու մասին պայմանագիրը: Այլ կերպ ասած՝ ինչ-որ չինովնիկների անգործության արդյունքում 5 միլիարդ դրամի գույքը մնացել է «օդում»:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Կառավարությունը պետբյուջեից կրկին գումար հատկացրեց «Գազպրոմ Արմենիային» վճարելու համար, քանի որ պարտքի եւ բաժնետոմսերի հաշվարկումից հետո հայկական կողմը մոտ մեկ միլիոն դոլար պարտք էր մնացել: Հասկանալի է, չէ՞, որ եթե 12 միլիոն դոլար արժողությամբ գույքը ժամանակին ձեւակերպվեր, ապա նման խնդիր չէր առաջանա:

Ինչեւէ, այս պատմությունը լավագույնս բնորոշում է Հայաստանում առկա կառավարման համակարգի բնույթը` կարեւորը գումար լինի, ծախսեն, իսկ թե ինչպես պետք է այդ ամենը ձեւակերպվի, ոչ մեկին չի հետաքրքրում, իսկ երբ այդ մասին հիշում են, արդեն բանը բանից անցած է լինում:

Հ.Գ. ՀՀ վերահսկիչ պալատը 2013 թվականի իր զեկույցում այս ծրագրին եւս անդրադարձել է եւ արձանագրել, որ վարկային միջոցներն անարդյունավետ են ծախսվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս