Շուրջ մեկ տարի ընթացող քննությունից հետո Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրենի եւ աշակերտներից մեկի մոր միջեւ տեղի ունեցած հայտնի ծեծը դատարանում ստացավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը եւ դպրոցի աշակերտուհի Լիդիայի՝ ծեծի ենթարկված մայրիկ Նատալյա Սարգսյանը պարտվել են:
«Ժողովուրդ»-ը 2013թ. ապրիլի 23-ին գրել էր, որ Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել էր տուն: Աշակերտուհու մայրը` Նատալյան, եկել էր դպրոց՝ տնօրենից բացատրություն պահանջելու, ինչի արդյունքում՝ տնօրենի եւ ծնողի միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել: Աշակերտուհու մայրը դիմել էր ոստիկանություն, սակայն որեւէ արդյունքի չհասնելով՝ 2013թ. հունիսին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նատալյան դատարանում հայտնել էր, որ Չեխովի անվան N 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, հանդիսանալով կրթական հաստատության ղեկավարը, երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվելու փոխարեն մանկավարժին ոչ վայել պահվածք է դրսեւորել, ինչի հետեւանքով խախտել է նրա եւ նրա երեխայի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները եւ ազատությունները: Ուստի դպրոցի՝ արդեն նախկին աշակերտուհու մայր Նատալյան դատարանից պահանջել էր, որ պարտավորեցնեն դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրի եւ 1.000.000 դրամ վճարի:
Հակընդդեմ հայցով դատարան էր դիմել նաեւ Չեխովի անվան N 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը` պահանջելով Նատալյա Սարգսյանից իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել, հրապարակավ ներողություն խնդրել: Շուրջ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը վճռել է Նատալյա Սարգսյանի հայցն ընդդեմ Գայանե Սարուխանյանի մերժել: Ի դեպ, դատարանը նույն կերպ էր վարվել նաեւ դպրոցի տնօրենի՝ Գայանե Սարուխանյանի դեպքում: Ասել է թե՝ նրա հակընդդեմ հայցը եւս մերժել է: Արդյունքում դպրոցի տնօրենն ու աշակերտուհու մայրը մնացին դատարկաձեռն:
Քնար Մանուկյան