Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ գազալցակայաններում սպառվող գազի 1 խմ-ը մոտ 10-15 տոկոսով թանկացել է: Իսկ, ահա, որոշ գազալցակայաններում այս թանկացումը հասնում է մինչեւ 30 տոկոսի: Թեեւ գազալցակայաններ էլ կան, որտեղ գազի գինն ընդհանրապես չի բարձրացել: Ի՞նչ ազդեցություն կունենա այս թանկացումը հասարակական տրանսպորտի ուղեվարձի վրա:
«Ժողովուրդ»-ը այս հարցի շուրջ զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ:
-Պարո՛ն Նավասարդյան, ՀՀ գազալցակայաններում գազի գինը որոշակի չափով բարձրացել է: Սա ի՞նչ հետեւանք կունենա հասարակական տրանսպորտի սակագնի վրա:
-Ես ոչինչ չեմ կարող ասել: Բնական է, որ այն ինչ-որ ազդեցություն կթողնի, բայց ինչպե՞ս կամ ի՞նչ արդյունք կտա, այս մասին ոչինչ չեմ կարող ասել:
-Հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա՞, թե՞ ոչ:
-Ուղեվարձին վերաբերող հարցերին չեմ կարող պատասխան տալ, քանի որ հանձնաժողով գոյություն ունի:
-Այնուամենայնիվ, ի՞նչ բացասական ազդեցություն կունենա գազալցակայաններում գազի սակագնի թանկացումը:
-Այս մասին կարող է խոսել միայն տնտեսվարող սուբյեկտը կամ տաքսու վարորդը, որ հաշվարկ ունեն եւ աշխատում են: Այսօրվա դրությամբ մենք ամեն բան անում ենք, որպեսզի բոլորն էլ աշխատեն, եւ քաղաքացին էլ չտուժի: Իսկ թե հետագայում ինչ կլինի, ես չեմ կարող ասել:
-Այս պահին գծատերերը դժգոհություններ ներկայացրե՞լ են:
-Երեկվա դրությամբ նրանք անհանգստացած էին եւ մեզ էին դիմել մի հարցով՝ եթե հանկարծ վարորդները բոյկոտեն ու դուրս չգան աշխատանքի, ապա մենք ի՞նչ ենք անելու: Մենք էլ իրենց ի պատասխան՝ ասացինք, թե գնացե՛ք ու աշխատե՛ք համոզել նրանց, որ անպայման սպասարկեն:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ