ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը համոզված է՝ իշխանությունը ցավում է ազատամարտիկների հետ տեղի ունեցածի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկներ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին և Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգալից իրադարձություններից մեկն է: Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վազգեն Կարախանյանը, ում խոսքով՝ ինքը՝ որպես իշխանական թևի ներկայացուցիչ, խիստ քննադատում է կատարվածը:

«Անկախ այն բանից՝ ազատամարտիկն այսօր կլինի մեր շարքերում, թե մեր շարքերից դուրս, նկատի ունեմ՝ կլինի իշխանական, թե՝ ոչ իշխանական, իր անցած ճանապարհով արդեն իսկ ահագին բան ունի ասելու»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված հարձակման դեպքին՝ Վազգեն Կարախանյանը նշեց, որ առհասարակ մարդու նկատմամբ բռնությունը քննադատելի է՝ լինի պատգամավոր, թե շարքային քաղաքացի:

«Ես մարդու կողմնակիցն եմ. մարդու նկատմամբ բռնությունն անթույլատրելի է, էլ ուր մնաց, ասենք, ժողովրդի կողմից ընտրված մարդու, ով ներկայացնում է իր քաղաքական թիմը: Եթե էսօր որևէ մեկը չէր ուզենա, որ նման բան տեղի ունենար, կարող եմ ասել, որ առաջին հերթին պետք է այդ թվում ընդգրկենք իշխանություններին: Նրանք հաստատ չէին ուզենա: Ինձ համար դա շատ տխուր էր: Դեպքն իմ կողմից վատ արձագանք է ստացել»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Գուրգեն Արսենյանի այն դիտարկմանը, թե եթե այս դեպքերը չբացահայտվեն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է հրաժարական տա, Վազգեն Կարախանյանը պատասխանեց. «Ես ցանկանում եմ, որ ժամ առաջ այդ դեպքի մանրամասները հայտնի դառնան ոստիկանությանը, ապա՝ նաև հանրությանը»,- եզրափակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վազգեն Կարախանյանը:




Լրահոս