Փոս փորողը փոսն է գցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարկային միջոցներով ներկայումս նորոգվում են Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքների խմելու ջրագծերի ներքին ցանցերը: Այդ աշխատանքների մրցույթները շահել եւ ծրագրերն իրականացնում են տարբեր կազմակերպություններ: Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները կատարում է «Բաղրամշին» բաց բաժնետիրական ընկերությունը: Իջեւանի տարբեր հատվածներում երկար, մեծ փոսեր կան:

Դրանք փորվել են հին ջրագծերը փոխելու նպատակով: Այդ փոսերից շատերը երկար ժամանակ չեն ծածկվում եւ բնակիչների համար վտանգավոր են դարձել: Իջեւանցիները պատմեցին, որ դեկտեմբերի 5-ին մարզկենտրոնի կենտրոնական՝ Անկախության փողոցում մի կին ընկել է նշված ընկերության փորած փոսերից մեկը եւ վնասել ոտքը: Պատահական մարդիկ օգնության հասնելով՝ կնոջը դուրս են բերել փոսից: Սակայն նույնիսկ այս պարագայում Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը դժգոհ չէ «Բաղրամշինի» կատարած աշխատանքներից:

Քաղաքապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Իջեւան քաղաքի սեփական առանձնատների թաղամասերում ջրագծերի նորոգման ընթացքում վնասված ճանապարհները վերականգնելու համար այդ ընկերությունը քաղաքապետարանին օգնում է շինարարական տեխնիկայով: Քաղաքապետի խոսքերով՝ նախատեսված էր, որ ջրագծերի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ այս տարեվերջ, սակայն մինչեւ Ամանոր նորոգումը չի ավարտվի, այն կշարունակվի նաեւ 2015թ.-ին: Վ. Ղալումյանի խոսքերով՝ ամռանը տեղացած անձրեւներն էին պատճառը, որ նորոգման գործընթացը հաստատված ժամանակացույցից ետ է մնացել:

Զանգահարեցին նաեւ «Բաղրամշին» ԲԲԸ գրասենյակ: Ընկերության փոխտնօրեն Վարդան Վարդանյանն ասաց, որ ընկերության տնօրենը ներկայումս արտասահմանում է եւ չի կարող պատասխանել մեր զանգին:

Վ. Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է նախատեսված ավարտել Իջեւանի ջրագծերի նորոգումը: Նա ասաց, թե դեռ պարզ չէ: Երբ փոխտնօրենին հիշեցրեցինք, որ վերանորոգման աշխատանքների ծրագրի ավարտը պետք է հստակ լինի դեռեւս նախագծման փուլում, նա ասաց, թե իրենց ընկերության տնօրենը կարող է այդ հարցին պատասխանել, ինքը չգիտի:

Այսպիսով՝ ստացվում է, որ «Բաղրամշին» ԲԲԸ փոխտնօրենը տեղյակ չէ կամ չի ուզում հայտնել մեծ ծրագրի ավարտի ժամկետը: Իսկ այդ ընթացքում Իջեւանում այդ ընկերության փորած փոսերը շարունակում են բաց մնալ եւ վտանգ ներկայացնել բնակիչների համար: Ձմռանն այդ փոսերի ցեխը լցվելու է Իջեւանի ճանապարհներին՝ պատկերացնելի տեսարան բեմադրելով:

Ոսկան Սարգսյան




Լրահոս