Արածող կենդանիները շուռ են տալիս պատմական խաչքարերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում սոցցանցերում կրկին բարձրացվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքի պատմական, միջնադարյան գերեզմանոցը պահպանելու, նոր հուղարկավորություններից զերծ պահելու հարցը: 15-19 դարերի գերեզմանոցը Հայաստանի բացառիկ հնավայրերից է եւ իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է, այն ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Սա նշանակում է, որ այնտեղ արգելված է ցանկացած շինարարական-տնտեսական գործունեություն, փոփոխում կամ միջամտություն: Դրա պահպանական գոտին ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատվել է 2011-ին:

Այնինչ, դեռեւս ապրիլին «Պահպանության ծառայության» ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի՝ հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրվել էր նոր գերեզմանոցի պարսպապատում, տարածքում տնտեսական աղբի կուտակում:

Առինջ գյուղի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ թե՛ մարդիկ, թե՛ անասուններն ազատ մուտք ունեն գերեզմանոց, եւ մի թեթեւ շփման դեպքում անգամ խաչքարերը կարող են ընկնել:

ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը «Ժողովուրդ» թերթին տեղեկացրեց, որ գերեզմանոցում նոր հուղարկավորությունների խնդիրն արդեն 10 տարի է՝ քննարկվում է.

«Այս տարի էլ գնացել ենք, տեսել ենք, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, դիմել ենք տարածքային կառավարման նախարարությանը, կարծում ենք, որ այս խնդիրը լուծելուն ուղղված աշխատանքները պետք է իրականացվեն մարզպետարանի եւ համայնքի ղեկավարների աջակցությամբ: Այս պահին նախարարությունը համապատասխան ծրագրային գումար չունի»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն անգամ իրենք գերեզմանոցի պահպանության հարցով դիմում են դատախազություն, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում:

Հիշեցնենք, որ Առինջի գյուղապետի տեղակալն ավելի վաղ նշել էր, որ մինչեւ գերեզմանոցը չցանկապատվի, այդ հարցը հնարավոր չի լինի լուծել, իսկ համայնքային բյուջեն համապատասխան միջոցներ չունի:

Ա.Աբրոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց.«Գյուղապետարանն ասում է՝ կներեք, այս պետք է անեի, այն չպետք է անեի…Ես չեմ կարող այդ արձագանքներին լուրջ նայել»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս