«Ստեղծված իրավիճակում մենք հունվարի 1-ից, հավանաբար, չենք անդամակցի ԵՏՄ-ին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հայտարարություն է տարածել, որով անդրադառնում է ՀՀ՝ ԵՏՄ անդամակցության առջև ծառացած խնդիրներին: Հայտարարության մեջ նշված է.

«Քանի որ այսօր ակտիվ քննարկումների առարկա է դարձել այն, որ Ղազախստանի խորհրդարանը 2014 թվականի ընթացքում չի հասցնի վավերացնել ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը, հարկ ենք համարում հստակեցնել հետևյալը.

-«Հրապարակ» օրաթերթի` ԵՏՄ-ին մեր անդամակցության տապալման նյութը համապատասխանում է իրականությանն այն մասով, որ հոկտեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանը, իսկապես, միանում է ԵՏՄ պայմանագրին և ոչ թե անդամակցում ԵՏՄ-ին: Այսինքն` այդ պայմանագրի վավերացման դեպքում Հայաստանը դառնում է ԵՏՄ հիմնադիր անդամ: Իսկ հունվարի 1-ից հետո այդ միությանն անդամակցելու համար բոլորովին այլ ընթացակարգ է սահմանված ԵՏՄ պայմանագրի 108-րդ հոդվածով:

-Այնուամենայնիվ, անգամ ստեղծված իրավական անհեթհեթ իրավիճակում, եթե և երբ որ բոլոր 4 երկրները վավերացնեն Հայաստանի պայմանագիրը, Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ` ի հեճուկս նշված իրավանորմերի:

-Նշված նորմերի և ժամկետների խախտումը կառաջացնի իրավական բազմաթիվ (հարյուրավոր) անհստակություններ:

-Ստեղծված իրավիճակում մենք հունվարի 1-ից հավանաբար չենք անդամակցի ԵՏՄ-ին, սակայն կանդամակցենք դրան Ղազախստանի օրենսդիր մարմնի վավերացումից ամիջապես հետո: Այսինքն` այդ կառույցին մեր անդամակցության օրը դառնում է անորոշ, քանի որ չենք կարող կանխատեսել, թե Ղազախստանում այն երբ կվավերացվի:

-Հունվարի 1-ից տնտեսվարողների համար ստեղծվում է անկանխատեսելի վիճակ, երբ վերջիններս չեն իմանա, թե, ասենք, ինչպիսի մաքսային դրույքաչափեր կլինեն 1 շաբաթ հետո»:

Նշենք, որ  Ղազախստանի Մեջլիսին դեռ չի փոխանցվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը, իսկ այն, ինչպես հայտնի է, պետք է ստորագրի նախ՝ հանրապետության նախագահը և փոխանցի խորհրդարանին




Լրահոս