1883, դեկտեմբեր 13-ին է ծնվել հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանը:
1900 թվականին ավարտել է Վլադիկավկազի քաղաքային վարժարանը, 1900-1901թթ. աշակերտել է ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին:
1905-1907 թթ. սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում:
1912-1914 թթ. աշխատել է Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կրկին զորակոչվել է բանակ:
1918 թվականին հաստատվել է Հայաստանում և նույն թվականին Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել Անիի պեղումներին։ Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում:
1921 թվականին փետրվարյան ապստամբության պարտությունից հետո հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում:
1922 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Կոջոյանը վերադարձել է Երևան: 1945-1954 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
Ստեղծագործական գործունեություն:
Ճարտարապետ Կարո Հալաբյանի և նկարիչ Սեդրակ Առաքելյանի հետ Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ։ 1923 թվականին նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ 1924-1930 թթ. Կոջոյանը ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930-ից շարունակել է աշխատանքը նորաստեղծ ԵՐՊԻ-ում։
Հայտնի է «Սասնա Ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթ արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։
1925 թվականին նկարազարդել է Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933 թ.՝ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թ.՝ Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ Սայաթ Նովայի խաղերի ժողովածուն։
Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին, հեղինակն է Հայաստանի Հանրապետության զինանշանի (հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։
Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները։