
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում ու կոչ է անում պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին:
ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքերով` աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում նաև` Հայաստանի ՍՊԱԾ համակարգում, իրականցվում են հետազոտություններ` ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումներ անելու ուղղությամբ, սակայն որպես բարդագույն գիտական խնդիր, այն դեռ լիարժեք լուծում չունի։ Այսինքն` այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսում (վայրի, ժամանակի, ուժգնության և այլ տվյալների հստակ նշումով) չի արվում։