Սիվիլիթաս հիմնադրամի տնօրենը հրաժարվել է ցուցմունք տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ուրբաթ առավոտյան հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):
Շուրջ մեկ ժամ ԱԱԾ-ում անցկացնելուց հետո պատասխանելով “Ազատություն” ռադիոկայանի հարցերին` “Սիվիլիթասի” տնօրենն ասաց, որ հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ արված ձեւակերպումները խոսում են այն մասին, որ ինքը ոչ թե վկա է, այլ` կասկածյալ: Ըստ Սալբի Ղազարյանի փաստաբան Արթուր Գրիգորյանի, միջազգային իրավունքի նորմերի համաձայն` եթե անձը գտնվում է փաստացի կասկածյալի կարգավիճակում, ապա նա կարող է օգտվել լռություն պահպանելու իր իրավունքից եւ ցուցմունք չտալ, ինչը եւ տեղի է ունեցել:
“Ընդհանրապես հրաժարվեցինք, ասացինք` ցուցմունք չեն տալու, որովհետեւ այդ հայտարարությունը ասում է, որ մենք խախտումներ կատարել ենք, չի ասում` թերեւս, ասում է` կատարել ենք, իսկ եթե կատարել ենք, ուրեմն` կասկածյալ ենք, վկա չենք”, – ընդգծեց Սալբի Ղազարյանը:
Հինգշաբթի օրը Սալբի Ղազարյանը “Սիվիլիթասի” հետ կապված այս քրեական գործի մանրամասները ներկայացրել է Եվրամիության երկրների, նաեւ` Միացյալ Նահանգների դեսպաններին: Ղազարյանը հույս ունի, որ այդ հանդիպումը իր ազդեցություն կունենա գործի վրա:
“Ես շատ շնորհակալ էի, որ դեսպանները եկել էին` բազմազբաղ մարդիկ էին, եկան, շատ հետաքրքրությամբ լսեցին եւ ասացին, որ ուշիուշով հետեւելու են եւ ինչ որ կարող են` կանեն”, – նշեց “Սիվիլիթասի” տնօրենը` շարունակելով. – “Բոլորս պետք է հասկանանք` մեր իշխանությունները, մեր դատական համակարգը, որ այսպիսի մոտեցում` այսպիսի անկապ հարցի, ոչ մի պատիվ չի բերի ոչ միայն պետությանը, այլ նաեւ մեր դատական համակարգին: Մեր նման թափանցիկ կազմակերպություն չի եղել, “Սիվիլիթասը” խախտումներ չի գործել, եթե հարց կար` հարցի պատասխանը ստանալու տարբեր ձեւեր կային, քրեական գործը այդ ձեւը չէ”:
Ե՛վ Ղազարյանը, ե՛ւ “Սիվիլիթասի” հիմնադիր, Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստանե խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պնդում են, որ այս գործի ետեւում հստակ պատվեր կա։ “Ազատությունե ռադիոկայանի հարցին, թե ո՞վ է պատվեր տվողը,”Սիվիլիթասի” տնօրենն արձագանքեց. – “Չգիտեմ` ով է պատվեր տվողը։ Մենք “Սիվիլիթասում” անում ենք գործունեություն, որը մի քիչ ոչ տրադիցիոն եւ անկառավարելի է: Ես չեմ զարմանա, եթե դա որոշ մարդկանց դուրը չգա : Եթե սա ձեւ է մեզ մեր գործից շեղելու` դա չի հաջողվելուե:
“Ես ուզում եմ, որ այս հարցին վերջ տրվի, որովհետեւ սա արդեն աբսուրդ է, անհեթեթ է, անտրամաբանական է եւ որեւէ մեկին պատիվ չի բերում”, – ասաց Սալբի Ղազարյանը:
Պատասխանելով “Ազատություն” ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ հայտարարությամբ հանդես գա ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Ջոն Հանթսմանը, ում տրամադրած գումարների մասին է խոսքը քրեական գործում, “Սիվիլիթասի” տնօրենը հայտարարեց. – “Ես վստահ եմ` այդ կարելիությունը կա: Ես սրտանց հույսով եմ, որ այդ օրը չի գա` ոչ որովհետեւ պարոն Հանթսմանը չի ուզենա, կամ սխալ բան պետք է ասի, բայց դա կնշանակի, որ մենք մեր բոլոր դոնորներին հիմնովին ասում ենք, որ “ժողովուրդ, դուք այսօր մեզ փող եք տալիս, մենք շնորհակալ ենք, բայց 10 տարի, 20 տարի հետո մենք կարող ենք դառնալ եւ ասել` գիտեք, մենք հիմա ձեզ ենք կասկածում ապօրինի գործունեության համար”: Եթե մենք ուզում ենք այսպիսի մարդուն այսպիսի մեսիջ տալ` ես այլեւս չգիտեմ ինչ ասել”:




Լրահոս