«Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը, որը միայն փաստաթղթերով գոյություն ունի, հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀԿ-ին ձուլված այդ կուսակցության դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունից բռնագանձել շուրջ 240 հազար դրամ:
Նկատենք, որ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դատարան դիմելով եւ վճռին սպասելով չի բավարարվել, այլ հոկտեմբերի 10-ին միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի արգելանք դրվի կուսակցության գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչն այս գործով դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարել է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արայիկ Սաֆարյանն ասաց, որ կուսակցության հետ խնդիրն առաջացել է սպասարկման գումարը չվճարելու շուրջ, սակայն արդեն պրոբլեմը լուծված է:
Հիշեցնենք, որ ՀԺԱՄ կուսակցության նախագահը Սեյրան Ավագյանն էր, որը քաղաքականությունից դուրս եկավ տարիներ առաջ՝ նշանակվելով ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Ավագյանին փոխարինեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը: Վերջինս էլ հեռացավ կուսակցությունից՝ համալրելով իշխող ՀՀԿ-ի շարքերը, որպեսզի պատգամավորական մանդատ ստանա: Դրանից հետո Մկրտչյանին այլեւս չի հետաքրքրել իր՝ երբեմնի գաղափարական կենտրոնը: Նա կուսակցությունն անտերության է մատնել եւ վայելում է ԱԺ միջանցքներում խրոխտ քայլելու իր «վաստակած իրավունքը»:
Ի դեպ, Վահրամ Մկրտչյանը նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է, որի հովանավորը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը: Ինչպես երեւում է՝ Ֆլեշ Բարսեղն այլեւս չի ֆինանսավորում ՀԺԱՄ կուսակցությանը:
Ի դեպ, ՀԺԱՄ-ը միակ կուսակցությունը չէ, որ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին դատարանի դռներն է հասցրել:
Դեռեւս 2012թ. հուլիսին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Օրինաց Երկիր» կուսակցության` 110.058 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով: «Օրինաց Երկիր» կուսակցության եւ ՊՈԱԿ-ի միջեւ կնքվել էր օբյեկտի սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ կուսակցությունը պարտավորվել էր հայցվորին վճարել ամսական 21.885 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Սակայն օրենքի երկիր կառուցելու խոստումներ տված կուսակցությունը պատշաճ չէր կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետեւանքով կուտակել էր 101.488 դրամ պարտք, այդ թվում` ապառքի գումարը` 109.148 ՀՀ դրամ, տույժերը` 8.570 ՀՀ դրամ:
Նկատենք, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը դատարան չէր ներկայացել: Դատավորն էլ ուսումնասիրելով գործը՝ բավարարել էր «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պահանջը եւ հօգուտ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի բռնագանձել 110.058 (հարյուր տասը հազար հիսունութ) ՀՀ դրամ գումար։
Ավելին՝ 2013թ. «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ այս անգամ «ՕԵԿ պաշտոնաթերթի խմբագրություն» ՍՊ-ից պահանջելով 389 հազար 680 դրամ, ինչը եւս դատարանը բավարարել է:
Այսպիսով՝ Հայաստանում կուսակցական բիզնեսը կարծես թե կամաց-կամաց դադարում է շահավետ լինել: Թերեւս այդ պատճառով էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը սեփական բիզնեսը դրեց:
Քնար Մանուկյան