Օրերս կրկեսի արտիստ Արմեն Ադոնցը սահմանել է միանգամից չորս ռեկորդ ու գրանցվել հայկական «Դյուցազնագրքում»: Նա 40 վայրկյանում գլխի վրա ճկել է 12 մմ տրամագծով և 1 մ երկարությամբ 15 ամրան, պարանոցի փափուկ մասով 57 վայրկյանում ճկել է 7 հատ 2 մ 10 սմ-անոց ամրան: Այնուհետև Արմեն Ադոնցի վրայով անցել է գրեթե 2 տոննա կշռող Nissan X-Trail ամենագնացը: Նույն մեքենան նա պարանոցով հրել է 41 մետր 70 սմ: Նշված ռեկորդները Արմենը պատրաստվում է կրկնել կամ գերազանցել Գինեսի ռեկորդների գրքի համար: Արմեն Ադոնցը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ հայերը չեն ճանաչում իրենց ռեկորդակիրներին:
-«Դյուցազնագրքում» գրանցվելու հանգամանքը գործնականում ի՞նչ տվեց Ձեզ:
-Ինչ-որ առումով նպաստեց է՛լ ավելի ճանաչվելուն, բայց մի փաստի համար շատ եմ ցավում. Հայաստանում ռեկորդակիրներին լուրջ չեն վերաբերվում: Մեզ մոտ չափանիշը Գինեսի ռեկորդների գիրքն է. մինչեւ որ դրսում հաջողություն չունենաս, ներսում չեն գնահատի: Ոչ մի հեռուստաընկերություն անգամ տեղյակ չէր իմ սահմանած ռեկորդների մասին. ո՛չ եկան, ո՛չ լուսաբանեցին: Առհասարակ, Հայաստանում կրկեսի արտիստը, համեմատած «սուտի աստղերի հետ», զրկված է ճանաչումից: Իսկ դրսում նրանց հանդեպ հարգանքն ու ուշադրությունն ավելի մեծ է:
-Ձեզ պարգեւատրեցի՞ն, կամ գոնե խրախուսեցի՞ն:
-Եթե նկատի ունեք ֆինանսական գործոնը, ասեմ, որ այդ առումով ուշադրության չեմ արժանացել: Իսկ առհասարակ, շնորհակալություն եմ հայտնում Վարդան Թովմասյանին՝ ինձ աջակցելու համար:
-Ո՞րն է հաջորդ ռեկորդը, որ կուզենաք սահմանել:
-Հաջորդի մասին դեռ չեմ մտածում, բայց ռեկորդներիցս երկուսն արդեն ներկայացվել է Գինեսի գրքում. մնում է միայն հաստատեն:
-Եթե Ձեր ոլորտում կարողանայիք ինչ-որ բաներ փոխել դեպի լավը, որտեղի՞ց կսկսեիք:
-Նախ՝ Հայաստանում կկառուցեի ոչ թե մեկ-երկու, այլ մի քանի կրկեսի դպրոց, այդ թվում՝ մարզերում, իսկ ուսուցումը կլիներ անվճար:
Ասեմ, որ եթե կրկեսի հանդեպ ուշադրություն, պետական աջակցություն լիներ, հնարավոր կլիներ ավելի շատ ծրագրեր իրականացնել: Այսօր շատացել են, օրինակ, թատրոնի եւ կինոյի ոլորտի ամենատարբեր կինոփառատոնները, բայց Դուք երբեւէ լսե՞լ եք, որ Հայաստանում կրկեսային փառատոն անցկացվի: Չեմ կարծում, թե որեւէ մեկը ֆինանսներ կներդնի դրա համար, այնինչ, վստահ եղեք, որ լուրջ փառատոնի համար ներդնում անելու դեպքում հնարավոր կլինի հետ բերել ողջ գումարը:
-Գիտենք, որ տանը պահում եք էկզոտիկ կենդանիներ, անգամ ունեք օձեր, որոնցից ամեն մեկին, ըստ արտաքին տվյալների նմանության, տվել եք շոու-բիզնեսի ներկայացուցիչների անուններ, օրինակ՝ Արամեն, Շուշան Պետրոսյանը Ձեզանից չե՞ն նեղացել:
-Չէ՛, ես իրենց հարգելով եմ օձերիս անունները կնքել (ծիծաղում է), իսկ վերջինը, ում անունով անվանակոչել եմ օձիս, եղել է Էրիկը:
-Լիլիթ Հովհաննիսյանի, Զառա Սահակյանի եւ մի շարք հայտնիների հետ հայտնվել եք միեւնույն բեմում. այդ կերպ իրե՞նք են նպաստում Ձեր ճանաչմանը, թե՞ հակառակը:
-Ես առանձնապես չեմ ձգտում իրենց միջոցով ճանաչվել, պարզապես, բացի մասնագիտական հմտություններից, նույն բեմում հանդես գալու համար ընտրում եմ արտիստների, որոնց մարդկային տեսակն ինձ ավելի հարազատ է:
-«Թաքնված տաղանդ» նախագծին մասնակցած դերասանը ոլորտում մրցակիցներ տեսնո՞ւմ է:
-Այդ նախագծին մասնակցելով՝ համոզվեցի, որ ի տարբերություն մյուս տաղանդների, ես ամեն անգամ կարող եմ նորովի ներկայանալ եւ չսպառվել: Տաղանդավորներ մեր ոլորտում շատ կան, բայց իմ ժանրում մրցակից չեմ տեսնում:
-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել ուժը, արվեստը եւ շոուն այնպես, որ դրանցից ոչ մեկը չտուժի:
-Ինձ համար դա դժվար չէ. բեմում ես ներկայանում եմ որպես արվեստագետ՝ չմոռանալով շոուի մասին, իսկ ուժն առանձին, ինքն իրենով ոչինչ չարժե:
-Այդքան անհավանական հնարքներ անելուց առաջ բժիշկների խորհրդակցությանը դիմո՞ւմ եք:
-Այո՛, առաջնահերթ ուշադրություն եմ դարձնում ատամներիս, որոնք ստիպված են դիմանալ շատ մեծ ծանրության:
-Հոգեբանները երբեմն զգուշացնում են, որ կենդանիների հետ շատ սերտ առնչություն ունենալու դեպքում մարդիկ կորցնում են երկրորդ կեսին գտնելու անհրաժեշտության զգացումը…
-Չէ՛, ինձ նման վտանգ չի սպառնում (ծիծաղում է): Իսկ երկրորդ կեսին անպայման գտնելու եմ:
Աննա Բաբաջանյան