Հայաստանի ոստիկանությունում, այսօր` հունիսի 15-ին, տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների, բաժինների պետեր, ինչպես եւ այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով օպերատիվ-ծառայողական գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին եւ բարեփոխումների ընթացքին` նշել է, որ, այնուամենայնիվ, դեռեւս կան ծառայողներ, որոնք լիովին չեն ընկալել ընթացող փոփոխությունների ողջ խորությունն ու անշրջելիությունը եւ հստակ չեն պատկերացնում նպատակը, որին ուղղված են ոստիկանության ղեկավարության գործողությունները:
Նա կրկին շեշտել է յուրաքանչյուր ոստիկանի ներքին բարեփոխման, ոստիկանության գործունեության հիմքում բարոյականության, պատվի, արժանապատվության արժեքները դնելու անհրաժեշտությունը` գլխավոր ցուցիչ ունենալով ազնիվ, անկաշառ ու պրոֆեսիոնալ աշխատանքը:
Խոսելով ոստիկանության աշխատանքում տեղ գտած թերությունների մասին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ դեռեւս գոհացուցիչ չէ կատարողական կարգապահության մակարդակը: Մասնավորապես, թեեւ համապատասխան ցուցումներին ու հանձնարարականներին, դեռ արձանագրվում են հատկապես գյուղմթերքներ տեղափոխող ավտոմեքենաներն անհիմն ու անհարկի կանգնեցնելու դեպքեր, միշտ չէ, որ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում ապօրինի ծառահատումներին:
Ոստիկապետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մեկ անգամ եւս հրահանգել է առավելագույնս պահանջկոտ լինել անծածկոց թափքերով բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, գերհզոր ազդանշանային սարքերով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաների վարորդների եւ ընդհանրապես ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների նկատմամբ, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Անդրադառնալով ծառայողական եւ կատարողական կարգապահության ամրապնդման, աշխատանքի արդյունավետության բարելավման, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության խնդիրներին` Գասպարյանը նշել է, որ մի շարք բաժինների թերացած պետեր արդեն իսկ տույժեր են ստացել, ոմանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, եւ այդ ուղղությամբ խստապահանջ ու հետեւողական աշխատանքը շարունակվելու է:
Նրա խոսքով, շուտով վերսկսելու է մարզային այցելությունները եւ անպայման հանդիպումներ է ունենալու համայնքներում` ոստիկանության աշխատանքի գնահատականն անմիջաբար բնակչությունից ստանալու համար: