Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի արժանի հետնորդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում վավերացրել է մի քանի վարկային պայմանագրեր,  որոնց արդյունքում Հայաստանի Կառավարությունը տարբեր միջազգային կազմակերպություններից կստանա ընդհանուր 260 միլիոն դոլարի վարկ: Սակայն այսքանով չեն ավարտվում 2014 թվականին ստորագրված վարկային պայմանագրերը:

Կառավարության կողմից հաստատվել, բայց դեռեւս Աժ չեն հասել ընդհանուր 165 միլիոն դոլարի եւ 32 միլիոն 500 հազար եվրոյի վերաբերյալ թվով հինգ համաձայնագրերը, որոնք գործադիրի հավանությանն են արժանացել նոյեմբերի 27-ին: Նշվածից բացի՝ ՀՀ Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստում էլ հաստատվել են գերմանական KFW բանկի կողմից 85 միլիոն 200 հազար եվրո արժողությամբ վարկ տրամադրելու համաձայնագրերը:

Այսպիսով՝ ՀՀ Կառավարությունը ԱԺ-ում քննարկվող 260 միլիոն դոլարի վարկային համաձայնագրերից բացի՝ դեռ խորհրդարան պետք է ուղարկի 165 միլիոն դոլարի եւ 117 միլիոն 700 հազար եվրոյի (մոտ 150 միլիոն դոլար) վարկային համաձայնագրեր: Մինչ այս էլ խորհրդարանն այս տարի արդեն իսկ հասցրել է վավերացնել Ասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլարի եւ Միջազգային զարգացման ընկերակցությունից 13 միլիոն 900 հազար դոլարի վարկերի համաձայնագրերը:

Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանի որպես վարչապետ պաշտոնավարման առաջին տարում Հայաստանի պետական արտաքին պարտքը (այս պահին արդեն ստորագրված եւ մի մասն էլ անգամ վավերացված պայմանագրերով), կավելանա մոտ 700 միլիոն դոլարով: Այնպես որ՝ Հովիկ Աբրահամյանը կարող է հպարտությամբ հայտարարել, որ ինքը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի արժանի հետնորդն է: Ինչպես հայտնի է՝ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման վեց տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը մեկուկես միլիարդ դոլարից հասցրեց չորս միլիարդի: Եթե Հայաստանին նման դժբախտություն պատի, եւ Հովիկ Աբրահամյանն իր նախորդի պես հինգ կամ վեց տարի պաշտոնավարի, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանի արտաքին պարտքը տարեկան միջինը 700 միլիոն դոլարով ավելացնի, ապա նա ոչ միան կկրկնի Տիգրան Սարգսյանի ռեկորդը, այլեւ մի բան էլ դեռ կգերազանցի այն:

Տեղեկացնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյաներով Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմում է 8 միլիարդ 489 միլիոն 300 հազար դոլար: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է շուրջ 4 միլիարդ 465 միլիոն դոլար, որից 3 միլիարդ 731 միլիոն 480 հազար դոլարը արտաքին պարտքն է, իսկ 733 միլիոն 315 հազարը` ներքին:

Իհարկե, պետությունների կողմից վարկ վերցնելն ինքնին օգտակար գործիք է, քանի որ նպաստում է՝ տվյալ երկրի տնտեսությունն ավելի արագ զարգանա: Սակայն այս գործիքը կիրառելի է եւ դրական արդյունք կարող է տալ միայն, այսպես կոչված, նորմալ կամ նույնն է թե՝ կոռուպցիայի ցածր կամ առնվազն խելամիտ մակարդակ ունեցող երկրների պարագայում: Հայաստանն այս տեսանկյունից առայժմ չի կարող համարվել նորմալ երկիր, քանի որ այստեղ պետական համակարգն ամբողջությամբ կոռումպացված է: Հայաստանում, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձից սկսած վերջացրած բաժնի պետերով, բոլորը պետական պաշտոնը օգտագործում են հարստանալու եւ պետական միջոցներն իրենց հաշիվներին տեղափոխելու համար: Կոռուպցիան ամբողջությամբ կլանել է Հայաստանի պետական կառավարման համակարգը, եւ չկա մի օղակ, որն իրականում պայքարում է կամ ի վիճակի է դա անելու:

Դատաիրավական համակարգի որ օղակը կուզեք, դիտարկեք, բավական է ղեկավար կազմի կենսագրությունը եւ ունեցվածքն ուսումնասիրեք եւ կհամոզվեք, որ նրանք կոռուպցիոն համակարգի ոչ միայն մասն են, այլեւ կարկառուն ներկայացուցիչը:
Հայաստանի պես երկրների դեպքում վարկերի միջոցով պետական պարտքի ավելացումը դժբախտություն է պետության եւ հատկապես երիտասարդության համար: Պարտքով վերցված գումարները մի քանի տասնյակ մարդկանց կողմից լափվում են, եւ եթե մի օր հաջողվի պետությունում օրինականություն հաստատել, ապա ապագա իշխանություններն ամեն դեպքում ստիպված են լինելու վերադարձնել այդ գումարները:

Հ.Գ. Հայաստանի պետական կառավարման համակարգը պատած կոռուպցիոն խոցը այնքան է հզորացել, որ այն նաեւ ինքնապաշտպանական մեխանիզմներ է ստեղծել՝ ի դեմս ոչ իշխանական քաղաքական ուժերի: Այսինքն, եթե հասարակությունն այսօր փորձի ինչ-որ փոփոխության հասնել, ապա պետք է հույսը դնի այդ նույն կոռուպցիոն համակարգի ծնած ոչ իշխանական քաղաքական ուժերի վրա: Այսինքն՝ նման պայմաններում իրական փոփոխությունը դեռեւս անհնար է:

Վահագն Հովակիմյան




Լրահոս