Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտթեւի միջեւ կռիվ է «ընկել»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին ժամանակահատվածում երկու կուսակցությունների երիտասարդ թեւի ներկայացուցիչները փորձում են միմյանց վախեցնել, ինչ-որ հանդիպումների են հրավիրում՝ հարցը «տղավարի» լուծելու համար: Բանն անգամ հասել է այնտեղ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանի «թիմակիցները» փորձել են ֆեյսբուքով գտնել ՀՀԿ-ականներին ու պարզել, թե ինչու են իրենց վարկաբեկում կամ անհասկանալի սպառնալիքներ հնչեցնում իրենց հասցեին:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են ՀՀԿ երիտթեւի հետ «պայքարի» դուրս եկել, ի՞նչն է նրանց վիճաբանությունների պատճառը:
-Պարո՛ն Բաբայան, վերջին ժամանակահատվածում ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի երիտասարդ թեւի հետ լարվածություն է առաջացել, կարելի է ասել՝ «սառը պատերազմ» է ընթանում Ձեր միջեւ: Ի՞նչ է կատարվում, ի՞նչ չեք կարողանում «կիսել» երիտասարդներով, որ նման իրավիճակ է ստեղծվել:
-Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե այդ ամենն ինչից է գալիս, բայց հիմնականում գիտեմ, որ երբ մենք երկրի վերաբերյալ հարցեր ենք բարձրացնում, քննադատում ենք, ՀՀԿ-ի երիտթեւի որոշ երիտասարդների հանձնարարվում է մեզ վրա ցեխ շպրտել:
-Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր եք, կոնկրետ Ձեր հասցեին ի՞նչ է ասվում, ի՞նչ բնույթի են լինում «ցեխերը», որոնք Ձեզ վիրավորում են:
-Անհիմն բնույթ կրող հայտարարություններ են հնչում: Ինձ, ինչպես միշտ, մեղադրում են, որ ես մի քանի կուսակցություն եմ փոխել, ու նման անլուրջ խոսակցություններ: Երբ որ մենք բարձրաձայնում ենք, որ երկրի աղքատությունը 40 տոկոս է, 1 միլիոն մարդ աղքատ է, երբ որ ասում ենք, որ մեր երկրում անսահման պրոբլեմներ կան, որոնք պետք է լուծվեն, այդ ժամանակ ինձ մեղադրում են, թե ես ժամանակին եղել եմ «Երիտասարդական» կուսակցության նախագահ ու նաեւ եղել եմ ընդդիմությունում՝ 10 տարի առաջ:
Ես էլ մատնանշում եմ, թե իրենց ղեկավարները քանի կուսակցություններում են եղել ու քանի կուսակցություններ փոխելով են դարձել ղեկավարներ: Ու, ընդհանրապես, ժողովրդավարական երկրում նման բանի մասին խոսելը, կարծում եմ, անլուրջ է, որովհետեւ ամեն մարդ ի՛ր ճանապարհը, ի՛ր թիմը, ի՛ր քաղաքական ճամբարը ինքն է ընտրում: Ու եթե մարդիկ խոսում են ընտրությունների ազատության իրավունքներից, ուրեմն իրենք իրավունք չունեն նման քննադատություններ հնչեցնել: Ես ո՛չ օլիգարխ եմ ու ո՛չ էլ թալանել եմ այս երկիրը: Ու, ընդհանրապես, ոչ էլ մի քայլ եմ արել, որի համար կարող եմ փոշմանել: Իմ գործունեությունն ազատ է ու բացահայտ հասարակության համար: Այդ քննադատություններին վերաբերում եմ անլուրջ:
–Նշեցիք, որ անլուրջ եք վերաբերվում, բայց Ձեր թիմակիցները ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներին «ժամադրել» էին, որպեսզի պարզեն, թե ինչո՞ւ են Ձեր վերաբերյալ նման անհարգալից տեղեկություններ հրապարակում:
-Իմ կողմնակիցներից մարդիկ են եղել, որ փորձել են հարցնել, զրուցել, թե ինչի համար են նման բաներ գրում: Իսկ իրենք այդ ժամանակ ժամադրել էին Մելիք-Ադամյանում: Ում ժամադրել էին, իրենք գնացել էին, իսկ ժամադրողները չէին եկել: Մենք ժամադրելու խնդիր չունենք, եթե հարցեր լինեն, մենք պատրաստ ենք քննարկել, եթե այդ քննարկումները կառուղոցական բնույթ են կրում, եթե ոչ, ապա կարծում եմ՝ անիմաստ է ինչ-որ բան խոսել:
-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Մելիք-Ադամյան փողոցում ժամադրելը, ինչո՞ւ էին ՀՀԿ-ականները հենց այդ փողոցում որոշել Ձեզ հետ հանդիպել:
-Չգիտեմ՝ ինչու են այդտեղ ընտրել, ընդամենը ես մտածում եմ, որ ցանկացել են ցույց տալ, որ իրենք ունեն Մելիք-Ադամյանի հովանավորությունը:
-ԲՀԿ-ականները վախենո՞ւմ են այդ փողոցից կամ հովանավորյալներից:
-Իհարկե՝ ոչ, մենք ոչնչից էլ չենք վախենում, իրենք թող վախենան, իրենք թող վախենան ժողովրդի ընդվզումից, իրենք թող վախենան, որ իրենք չեն կարողանալու դուրս գան փողոց եւ նայեն ժողովրդի աչքերին, իրենք թող վախենան, որ հանրապետականների զնաչոկները կպցրած իրենց դոշին՝ իրենց վստահեցնում են, որ դրանով լավ գործ են անում: Իրենք դրանով ընդամենը փորձում են այն մարդկանց, որոնք խորհրդարանում հարցեր են բարձրացնում, գործ են անում, իրենց հասցեին ինչ-որ անիմաստ հայտարարություններով են հանդես գալիս, որն անիմաստ է:
-Իսկ ինչպե՞ս է այդ ամենին վերաբերվում ԲՀԿ առաջնորդը, կուսակցությունում Ձեզ ասվո՞ւմ է, որ ՀՀԿ-ականներին շատ կոպիտ պատասխան տրվի, երբ քննադատություններ է հնչեցվում կուսակցության վերաբերյալ:
-Իհարկե՝ ոչ, նման բաները չի հրահանգավորվում, դա կուսակցության աշխատանքի բնույթ չի կրում, մարդիկ ազատ են իրենց կարծիքները հայտնելու: Ու մեզ մոտ նման պրակտիկա չկա, մեր թիմակիցները շատ-շատ են սոցիալական ցանցերում, ու եթե որոշակի անարդար կամ վիրավորական բաներ է լինում, 10 անգամ իրենք պատասխանում են: Համենայնդեպս, մենք առաջինը որեւէ մեկին չենք վիրավորել:
Զրուցեց Սոնա Գրիգորյան