2014թ. սեպտեմբերին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի՝ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար: Վ. Ներսիսյանը 2011-ի նոյեմբերից՝ համայնքի ղեկավարի ընտրություններում Վարդան Ղալումյանին պարտվելուց հետո, աշխատանք չուներ: Ներսիսյանի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար նշանակվելուց հետո սպասելի էր, որ նրա եւ Իջեւանի քաղաքապետարանի միջեւ հարաբերությունները հարթ չեն լինելու:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրավոր դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին` հույս հայտնելով, որ Մ. Սարգսյանի հանձնարարականով պարզաբանում կտրվի եւ կլուծվի 2014թ. նոյեմբերի 28-ին կադաստրի պետական կոմիտեի՝ Տավուշի մարզային ստորաբաժանում ուղարկված իր դիմումի մեջ բարձրացված խնդրին: Քաղաքապետը հայտնել է, որ կադաստրի մարզային ստորաբաժանումը, կասեցնելով կոնկրետ անձնավորության անշարժ գույքի պետական գրանցումը, որպես կասեցման հիմնավորում նշել է կառավարության՝ 2005թ. որոշումը եւ քաղաքաշինության նախարարի համաձայնության բացակայությունը:
Ղալումյանը դիմումի մեջ դրան հակադարձել է. «ՀՀ Կառավարության՝ 29.12.2005թ. թիվ 2404-Ն որոշման 1-ին եւ 8-րդ կետերի ուժով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի համաձայնությունը, երբ հիշյալ որոշման 8-րդ կետի սահմանման մեջ, որպես ՀՀ քաղաքաշինության նախարարի համաձայնության պայման են առաջացնում միայն քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները, ճարտարապետահատակագծային առաջադրանքի (կից ներկայացվող կառուցապատման սխեմայով) տրամադրման գործառույթների դեպքերում միայն, իսկ սույն դեպքը հիշյալ պայմաններից եւ որեւէ մեկին չի համընկնում, ընդամենը առկա է օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տարածքի նկատմամբ պետական գրանցման իրավական ռեժիմ»:
Վ. Ղալումյանն էլ նշել է. «Ստորաբաժանման ներկայիս ղեկավարը հանդիսացել է իմ իրավանախորդը, եւ մեր միջեւ քաղաքական հայացքների շուրջ ձեւավորվել են որոշակի տարաձայնություններ, իսկ ստորաբաժանման ղեկավարը մինչեւ օրս բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ներկայիս լիազորություններն օգտագործում է իր ունեցած սկզբունքներին համահունչ»:
Իջեւանի քաղաքապետը նախկին քաղաքապետի գործելակերպն անթույլատրելի համարելով՝ հայտնել է, որ նա քաղաքի բնակիչների համար խոչընդոտ է դարձել: Ղալումյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ կադաստրի պետական կոմիտեի՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը նախկինում վերոհիշյալ պատճառաբանությամբ չի կասեցրել որեւէ քաղաքացու անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը:
Ոսկան Սարգսյան