Բյուջեի ծախսերի ընդամենը 1%-ը՝ մշակույթի ոլորտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով մշակույթի ոլորտի ծախսերը կազմելու են ընդհանուր ծախսերի ընդամենը 1%-ը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ նախատեսված հատկացումները կազմում են 12.182.4 միլիոն դրամ: Նաեւ տեղեկացանք, որ նախարարության բյուջեի հետ կապված փոփոխությունները հիմնականում պայմանավորված են բնագավառի աշխատողների աշխատավարձերի, էլեկտրաէներգիայի ծախսերի, հուշարձանների վերականգնման աշխատանքների, պեղումների նպատակով արված ծախսերի, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական ծրագրերի հատկացումների, ինչպես նաեւ՝ նոր ծրագրերի անդամակցության նախատեսմամբ, այլ ծրագրերի գծով հատկացումների փոփոխությամբ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ մշակույթի ոլորտի համար նախատեսված ծախսերի տոկոսը շատ քիչ է. «Այդ կարգի գումարներով մշակույթ չեն զարգացնի: Քանի դեռ իշխանությունները մշակույթից անտեղյակ մարդիկ են, այդ ոլորտից հեռու են, միշտ էլ այսպես է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ոլորտին տրամադրվելիք գումարները հիմնականում ծախսվելու են բնագավառի մասնագետների աշխատավարձերի բարձրացման նպատակով, Արամ Մանուկյանը նկատեց, որ հենց թեկուզ վերջին շաբաթվա ընթացքում դրամը բավական արժեզրկվել է. «Ում աշխատավարձը որ բարձրացվել է, մեկ տարվա ընթացքում նրա գնողունակությունն ավելի է ընկնելու»,-ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ, օրինակ, թանգարաններին, գրադարաններին տրամադրվելիք գումարները որքան էլ ավելացվեն, միեւնույնն է՝ դրանք շարունակ պետական հոգածության կարիք կունենան:
Նրա համոզմամբ՝ ոլորտի հիմնական խնդիրը մշակութային քաղաքականության հիմքը ճիշտ դնելն է, ազատ մշակութային դաշտ ձեւավորելը, եթե սրանք չկան, անիմաստ է խոսել 1% -ի մասին:

Ավելացնենք, որ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե նախարարությունն այս տարի բյուջեին հատկացված գումարի առնչությամբ ինչ դժգոհություն ունի, արդյոք կան ճյուղեր, որոնք առավել շատ ֆինանսավորման կարիք ունեն, նախարարությունից պատասխանել են, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտում անհրաժեշտ է ավելացնել ֆինանսական հատկացումները՝ հուշարձանների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այսինքն՝ այն ոլորտում, որտեղ, ըստ վերահսկիչ պալատի, հնարավոր է հավելագրումներ անել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս