Գյումրու «Կոլիզեյ»-ի ճակատագիրն անորոշ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակութային արժեք ներկայացնող, վերանորոգման կարիք ունեցող Ալեքսանդրապոլի թատրոնի շենքը «Թումո» կենտրոնին տրամադրելու հարցի քննարկումն օրերս դժգոհություններ է առաջացրել գյումրեցիների շրջանում: Քաղաքացիները նշում են, որ թեեւ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ունենալու անհրաժեշտությունը կա, այնուամենայնիվ, նշված տարածքի ընտրությունը տրամաբանական չէ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրա համար քաղաքում մի շարք այլ հարմար կառույցներ կան:

«Լոգոս» ՀԿ նախագահ Արա Մելիքջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ Գյումրիում շատ շենքեր կան, որոնք ավելի բարվոք վիճակում են, մշակութային արժեք չեն ներկայացնում, եւ դրանք շահագործելու դեպքում կարելի կլինի թե՛ կոսմետիկ, թե՛ կառուցվածքային փոփոխություններ կատարել:
Որպես այլընտրանք Ա.Մելիքջանյանն առաջարկեց շահագործել, օրինակ, նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի, «Շիրակ» հյուրանոցի շենքերը:
ՀԿ նախագահը նշեց, որ եթե ամեն քաղաքապետ, պատգամավոր, նախարար իր մեկ ամսվա աշխատավարձը հանգանակեր թատրոնին, ապա այն վաղուց կառուցված կլիներ:
«Թող քաղաքապետարանը վերջնականապես հստակեցնի իր դիրքորոշումը՝ ԱՄՆ դեսպանատնից գումար խնդրում ենք կառույցը վերանորոգելու, արդեն ունեցած ծրագրով այն մշակութային օջախ դարձնելո՞ւ, թե՞ «Թումո»-ին հանձնելու համար»,-նկատեց ՀԿ նախագահը:

«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետարանից տեղեկացրին, որ թատրոնի շենքի վերականգնումը կապված է ֆինանսական լուրջ ներդրումների հետ, քանի որ քաղաքի աղքատիկ բյուջեով այն իրականացնելն անիրատեսական է. «Մշակութային ծրագրերի իրականացման նպատակով համապատասխան ֆինանսական ներդրումներ ապահովելու համար քաղաքապետարանը հետեւողականորեն փորձում է գտնել ֆինանսական աղբյուրներ: Շենքը «Թումո» կենտրոնին տրամադրելու հարցի քննարկումը չի նշանակում նահանջ քաղաքապետարանի կողմից ընդունված մշակութային ծրագրերի իրականացումից: Քաղաքապետարանի կողմից մշակված են նմանատիպ շինությունների վերականգնման եւ մշակութային կենտրոններ ստեղծելու այլ ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Շենքը վերականգնելու համար ֆինանսական ներդրումներ կատարելու հարցը՝ որպես պարտադիր պայման, ներկայացվել է «Թումո»-ի ղեկավարներին»,-ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Նշենք, որ քաղաքապետարանն անպատասխան է թողել մեր ուղղած հետեւյալ հարցերը՝ ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով է «Թումո»-ի համար ընտրվել հենց թատրոնի շենքը, մի՞թե քաղաքապետարանն այս հարցը լուծելու համար այլընտրանքային տարբերակ չի տեսնում, եւ ո՞րն է ԱՄՆ դեսպանատնից գումար խնդրելու բուն նպատակը:

Ի դեպ, թարոնի շենքի ճակատագրով մտահոգ քաղաքացիները եւ հասարակական կազմակերպությունները պահանջում են հանրային քննարկում: Այս առթիվ քաղաքապետարանն իր պատասխանում նշել է, որ շենքի վերակառուցման նախագիծը պարտադիր կերպով կներկայացվի հանրային քննարկման:
Հիշեցնենք, որ Գյումրու կենտրոնական այգում գտնվող թատրոնի մեկուկեսդարյա շենքում 1912-ին առաջին անգամ բեմադրվել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան: Շինությունն ինքնատիպ է իր ճարտարապետական լուծումներով, թատերական շենքը տիպային կառույց է, հարմարեցված է թատրոնի պահանջներին:

Այս շենքը բացառիկ թատերական կառույց է, որի միայն ճակատամասն իր նմանը չունի ողջ Հայաստանում: Այստեղ են իրենց առաջին քայլերը սկսել այնպիսի մեծանուն արտիստներ, ինչպիսիք են Ցոլակ Ամերիկյանը, Լեւոն Զոհրաբյանը, Արմեն Արմենյանը, Վարդան Աճեմյանը:
«Ի վերջո, չի կարելի այդպես վարվել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչված Գյումրու հնագույն մշակութային արժեքների հետ: Երբ զբոսաշրջիկները գան մեր քաղաք, անցնեն այդ կառույցի կողքով, ի՞նչ ենք ասելու՝ դա «Թումո»-ն է, թե՞ Հայաստանի ամենահին թատրոններից մեկը: «Կոլիզեյ»-ը՝ որպես մշակութային արժեք, կանգուն է մինչեւ օրս, թատրոնի հին շենքն էլ Գյումրու «Կոլիզեյ»-ն է»,-ասում է Արա Մելիքջանյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս