ԺԱՄԱՆԱԿ ՉԵՆ ԳՏԵԼ, ՈՐ ՀԱՐԳԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցը: Հայաստանի ղեկավարությունից եւ ոչ մեկն այս տարի չի բարեհաճել այցելել աղետի գոտի: Անհայտ է, թե Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրն այդ ինչ կարեւոր գործով են զբաղված եղել, որ ժամանակ չեն գտել Գյումրի, Սպիտակ կամ Վանաձոր այցելելու համար: Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը եւ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվութան վարչության պետ Արսեն Բաբայանը հրաժարվել են պատասխանել «Ժողովուրդ»-ի բանավոր հարցին եւ պահանջել են հարցը գրավոր ներկայացնել, որը եւս անպատասխան է մնացել: ՀՀ Կառավարությունից էլ հնարավոր չեղավ պարզել, թե ինչու աղետի գոտի չի այցելել վարչապետը: Համաձայնեք՝ փաստն ինքնին խոսուն է. նրանք ժամանակ չեն գտել՝ աղետի գոտի այցելելու եւ զոհերի հիշատակը հարգելու համար:
Փոխարենը երեկ Սերժ Սարգսյանն այցելել է «Սիթի-մոբիլ» ու «Մարկետ» ընկերությունների գրասենյակ, ինչպես նաեւ՝ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: Նշված ընկերությունները ստեղծվել են ռուսական կապիտալով, իսկ ավելի կոնկրետ՝ կապվում են Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ: Նա այս օրերին Հայաստանում է եւ երեկ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին:

 

 

 

 
ՀՀ Կենտրոնական բանկը երեկ աննախադեպ հայտարարություն է տարածել՝ ազդարարելով, որ. «…ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով»: ԿԲ-ն իր քայլի նպատակն այսպես է բացատրել. «Կարգավորել արժութային շուկայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ՝ փոխարժեքի տատանումները հարթելն ու արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելը»: Իհարկե, մինչ այս էլ ԿԲ-ն արժութային շուկայում ֆինանսական ինտերվենցիաներ իրականացրել է, բայց այդ մասին երբեք չի հայտարարել: Սա աննախադեպ է, երբ ԿԲ-ն ազդարարում է, որ ամեն օր ֆինանսական շուկայում դոլար է վաճառելու: Ակնհայտ է, որ Հայաստանի ֆինանսական շուկայի վիճակն առավել քան ողբերգական է: Թե որքանով կօգնի ԿԲ-ի այս քայլը՝ դրամի արժեզրկումը կանգնեցնելու կամ գոնե դանդաղեցնելու հարցում, ցույց կտա ժամանակը: Երեկվա տվյալներով ԿԲ-ն վաճառել է 6 մլն դոլար՝ 456.63 դրամ սակագնով:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին: Ըստ տարածված լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել օբյեկտներից մեկի կայանատեղում, երբ ազատամարտիկները միասին հաց կիսելուց հետո գնացել են իրենց ավտոմեքենաների մոտ: Նրանք հրաժեշտից առաջ կանգնած զրուցելիս են եղել, անհայտ անձինք, մոտ տասը հոգի, հարձակվել են Եղիազարյանի եւ Պետրոսյանի վրա ու «անզգուշ քաշքշել» նրանց: Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ ինչ-որ քաշքշուկ է եղել, սակայն ծեծի տարբերակը հերքել է՝ ասելով. «Ինձ չեն կարող ծեծել, ինձ կարող են միայն սպանել»: Եղիազարյանը հրաժարվել է պատասխանել այլ հարցերի: Իսկ Ռ. Պետրոսանի հետ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց կապ ստեղծել: Ի դեպ, վերջին ամիսներին Ռ. Պետրոսանը եւ Մ.Եղիազարյանը այլ հրամանատարների հետ միասին փորձում են ընդդիմադիր հայացքներով ազատամարտիկներին միավորել մեկ ընդհանուր կառույցի մեջ, ինչը բարկացնում է որոշ շրջանակների:

 

 

 

 
Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում սկսված թանկացումները սկսել են պարբերական բնույթ կրել: «Ժողովուրդ»-ը շրջայցի արդյունքում արձանագրեց, որ հերթական անգամ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները: Դրանց մեջ է մտնում սուրճը, ձեթը, կաթնամթերքի ողջ տեսականին: Ի դեպ, սուրճի մեկ կիլոգրամը թանկացել է միջինը 300 դրամով, ձեթը՝ 40-50 դրամով, շաքարավազը՝ 20-30 դրամով, կաթնամթերքը՝ 50 դրամով: Երեկվանից հերթական անգամ թանկացել են նաեւ հացը եւ հրուշակեղենը: Ի դեպ, հացամթերքի թանկացումն արձանագրվել է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ: ՀՀ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տվյալներով՝ հացամթերքի շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ թանկացումը կազմել է կես տոկոս կամ այլ կերպ ասած՝ 10-20 դրամ: Առաջիկայում դոլարի փոխարժեքի բարձրացմանը կավելանա նաեւ Ամանորի գործոնը, ուստի ենթադրվում է, որ թանկացումների հիմնական ալիքը դեռ առջեւում է:

 

 

 

ՍՏԱԽՈՍ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով խորհրդարանական լսումներին ներկայացած համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամայնն ուշագրավ հայտարարություն է արել:
Հիշում եք՝ 2014թ. հունվարի 31-ին Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպման ձայնագրությունն այս տարվա սեպտեմբերին հրապարակվեց, որից պարզ դարձավ, որ երբ նրան մեր հայրենակիցները հարցրել էին, թե ինչո՞ւ չհարցրիք համայն հայության կարծիքը Մաքսային միությանն անդամագրվելու որոշումից առաջ, նա պատասխանել էր, թե. «Չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:
Երեկ լրագրողները Սերժ Սարգսյանի այս խոսքերը մեջբերելով՝ Արա Աբրահամյանից հետաքրքրվել են, թե ինչ գիշերվա մասին է խոսքը: Ահա թե ինչ պատասխան է տվել հայերի միության նախագահը. «Ես տեղյակ չեմ այդ հայտարարությունից: Այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ ես մասնակցել եմ այդ գործընթացին, այն մեկ տարուց ավել քննարկվել է»:
Այսպիսով՝ Ա. Աբրահամյանը հրապարակավ «սխալ է հանել» Սերժ Սարգսյանին՝ փաստացի ապացուցելով, որ նա ստախոս է կամ, առնվազն, ազնիվ գործընկեր չէ միջազգային հանրության համար: Համաձայնեք, որ իսկապես տգեղ բան է ստացվել: Սերժ Սարգսյանը երեք տարի շարունակ Հայաստանի բոլոր մակարդակի չինովնիկներին հանձնարարել է եվրոինտեգրման շուրջ ռեալ քայլեր անել, բանակցություններ վարել, սակայն իրականում գոնե վերջին մեկ տարուց ավել «տակից» աշխատել է Ռուսաստանի Դաշնության հետ՝ Եվրասիական միությանն անդամագրվելու ռեալ խոստումներով:
Հասկանո՞ւմ էր, արդյոք, այս նրբություններն Արա Աբրահամյանը՝ նման ինֆորմացիա հաղորդելիս, դժվար է ասել: Բայց որ քաղաքականության մեջ նման գործընթացներում դերակատարում ունեցող մարդիկ սովորաբար գլուխ գովելու հակումներով աչքի չեն ընկնում, դա փաստ է: Ի վերջո, այդ նախադասությամբ Արա Աբրահամյանը սեփական իմիջը կառուցելուն զուգահեռ մեր երկրի անվտանգության համար այնքան էլ դուրեկան բան չի արել: Այլ բան է, որ այս մասին մինչ օրս բազմաթիվ վերլուծություններ են արվել, սակայն միանգամայն այլ իրավիճակ է, երբ Հայաստանի ներկայացուցիչն է խոսում իբրեւ ամենատեղեկացված մարդ:
Թերեւս լավ կլիներ, որ ամեն ինչից այդքան տեղյակ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հոդաբաշխ միտք արտահայտեր՝ ՀՀ տնտեսության վատթարացումը երբ եւ ինչ մեթոդներով հնարավոր կլինի կանխել: Չէ որ նա իր պահվածքով փորձում է ցույց տալ, թե տեղեկացված է բոլոր գործընթացներից, ընդ որում՝ մեկ տարի առաջ «ավանսով»: Սակայն Ա. Աբրահամյանը ռեալ ոչինչ չասաց: Հիմա ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե որ դեպքում է Ա. Աբրահամյանը, Ս. Սարգսյանի խոսքերով ասած, քամի տատանում, որ դեպքում՝ իրականությունը հաղորդում:




Լրահոս