ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ երբ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրեց, պարզ դարձավ, որ ներկայիս «էլիտան» համախմբված աշխատում է նույն գաղափարի շուրջ: Ըստ մեր զրուցակցի՝ պետք է այնպես անել, որ Հայաստանն իր ինքնիշխանությունը վերջնականապես չկորցնի:
-Պարո՛ն Սաֆարյան, Դուք այն պայքարողների թվին եք դասվում, ովքեր ամեն ինչ անում էին, որպեսզի Հայաստանը չվավերացնի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը, սակայն ապարդյուն: ՀՀ խորհրդարանը պայմանագիրն արդեն ընդունել է 103 «կողմ»-ով, որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը, համակերպվելո՞ւ եք եղածի հետ:
-Ես՝ որպես բողոքի ակցիայի մի մասնակից, պետք է ասեմ, որ մեծ հույսեր չունեի, որ պայմանագիրը չի վավերացվելու, որովհետեւ նույն այդ քաղաքական ուժերն անցած ամիսներին եւ 1 տարվա ընթացքում, ըստ էության, ոչ մի շահագրգռվածություն չեն ցուցաբերել՝ դրա դեմ պայքարելու կամ այն չվավերացնելու համար: Հետեւաբար մեզ ոչինչ չէր մնում անել, քան խորհրդարանի մոտ մեր դիրքորոշումը եւս մեկ անգամ բարձրաձայնել, այսինքն՝ նրանք անդրդվելի էին մնալու, քանի որ բոլորը հրահանգով եկել էին պառլամենտ ու քվեարկելու էին այնպես, ինչպես իրենց ասել էր իրենց քաղաքական ղեկավարությունը՝ սկսած իշխող կուսակցությունից, վերջացրած «Հայ ազգային կոնգրես»-ով: Մենք էլ ներկայացնում էինք մեր դիրքորոշումը, որպեսզի այնպիսի տպավորություն չլիներ, թե Հայաստանում բոլորն են կողմ այդ պայմանագրին:
-Այսինքն՝ այսքանով վե՞րջ, Ձեր պայքարը համարում եք ավարտվա՞ծ, այլեւս որեւէ քայլի չե՞ք դիմելու:
-Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ իրավիճակ է փոխվելու, երբ 2015 թվականին արդեն ՀՀ-ն դառնա ԵՏՄ անդամ: Այժմ զարգացումները կախված են գեոպոլիտիկ իրավիճակից, որոնք երբեւիցե կարող են Հայաստանին թույլ տան դուրս գալ այդ ճահիճից: Իսկ մեզ ինչ է մնալու անել: Նախ մեզ մնացել է, որ թույլ չտանք, որպեսզի տնտեսական միություն ներխուժեն հասարակական եւ քաղաքական կյանքի մյուս բոլոր ոլորտները, նախ պետք է թույլ չտալ, որպեսզի դրանք վտանգներ ստեղծեն Հայաստանի եւ Եվրամիության, Հայաստանի եւ Վաշինգտոնի, Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի եւ այլ բոլոր հարաբերությունների առանցքներում: Հետեւաբար, դա պահելը մեզ համար գերխնդիր է:
-Բայց կոնկրետ ի՞նչ քայլ է արվելու՝ դրանք թույլ չտալու համար, մինչեւ այսօր, բացի խոսքից, գործ չկա:
-Մենք գիտենք, որ ի սկզբանե Ռուսաստանը ցանկանում էր այդ միությունը քաղաքական դարձնել, մենք գիտենք, որ Բելառուսն ու Ղազախստանը չհամաձայնեցին, որ դա քաղաքական միություն լինի, ու նրանք հանել տվեցին բոլոր դրույթները, որոնք կարող էին հետագայում այս միությանը վերածել մի քաղաքական մոնստերի, որը կլանել է պետությունների ինքնիշխանությունն ամբողջովին, բայց նաեւ մենք պետք է հասկանանք, որ որքան էլ դա թույլ չի տրվել Բելառուսի եւ Ղազախստանի կողմից, այնուամենայնիվ ՌԴ-ն ունի նման ցանկություն՝ կլանելու այդ միության մեջ գտնվող երկրների ինքնիշխանությունը: Հետեւաբար, մեր խնդիրն է աչալրջորեն հետեւել այն որոշումներին, որոնք կընդունվեն այդ միության շրջանակներում, եւ պայքարել, որպեսզի դրանք տնտեսական ասպեկտներից այն կողմ չանցնեն, իսկ եթե անցնեն, ապա պայքար սկսել՝ թույլ չտալու համար, որ դրանք վնասեն Հայաստանի քաղաքական անկախությանը, այսպես ասեմ՝ հնարավորինս չանցնեն: Հունվարի 1-ից միությունն արդեն սկսելու է գործել, կարծում եմ՝ շատ լուրջ փորձագիտական աշխատանք կա անելու՝ առաջին հերթին վերլուծական աշխատանք՝ հասկանալու համար, թե ինչ կանոններ են գործում ԵՏՄ-ում, որոնք են խաղի կանոնները, որոնք են Հայաստանի հնարավորությունները, ու ինչ մարտահրավերների կարող ենք սպասել: Այս առումով, առանց հասկանալու դա, մենք դժվար կարողանանք ասել, թե ինչ մարտահրավերներ կլինեն, եւ ինչ քայլեր է պետք անել: Հետեւաբար, կարծում եմ, որ առաջին խնդիրը փորձագետների վրա է, որ պետք է դրվի կոնկրետ գործողության մեջ՝ հասկանալու համար, թե ուր է տանում այդ գործընթացը:
-Ի վերջո, ՀՀ-ն անդամակցել է ԵՏՄ-ին, դա այլեւս իրողություն է. միայն դժգոհելով ի՞նչ կփոխվի:
-Ես գտնում եմ, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանը շղթայում է, Հայաստանի ձեռքերը կապում է, Հայաստանի անկախությունը պատանդ է վերցնում, եւ եթե մենք թույլ տանք հետագա գործընթացի խորացում, ապա իսպառ կարող ենք հրաժեշտ տալ մեր պետականությանը:
-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ իրենք այսուհետ աշխատելու են երիտասարդների հետ, քանի որ միայն նոր սերունդը կարող է ինչ-որ բան փոխել:
-Դեկտեմբերի 4-ի քվեարկությունից հետո իմ եզրահանգումը եղավ այն, որ, ըստ էության, այս էլիտան, այս սերունդը, որը մի մեծ թիմ է կազմում եւ իրար հետ շատ համերաշխ քվեարկեցին, առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը, իրենց հետ այլեւս պետք չէ հույսեր կապել, եւ այսպիսի գաղտնազերծումից հետո, ըստ էության, խնդիր կա հրապարակ բերել անկախության սերնդին, որն իսկապես անկախության արժեքով է մեծացել եւ պատրաստ է պայքարելու այդ անկախության ինքնիշխանության համար եւ նաեւ գիտի դրա արժեքը: Հետեւաբար, ես կիսում եմ դեսպանի կարծիքը, ես զուգահեռ նման դիրքորոշում հայտնել եմ, ես կարծում եմ, որ լուծումներից մեկը դա է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՏԵՂԻ Է ՏԱԼԻՍ
ԱԺ-ի աշխատանքները լուսաբանող լրագրողների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու հիմնավորմամբ երեկ Ազգային ժողովում քննարկվում էր լրագրողների հավատարմագրման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Քննարկմանը ներկա էին սակավաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հավանաբար շատերն այնքան էլ լուրջ չէին ընդունել ԱԺ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի նախաձեռնությունը կամ էլ պատշաճ չէին ծանուցվել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիրն անձամբ էր գնացել՝ մասնակցելու քննարկմանը: 25 կետից բաղկացած նախագծի քննարկումն, ըստ Արսեն Բաբայանի, նպատակ ունի լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին ծանուցել միայն: «Ներեցեք, իհարկե, որ ես ձեզ տեղեկացնում եմ ձեր իրավունքների եւ պարտավորությունների մասին»,- ելույթ ունեցավ Արսեն Բաբայանը: «Մինչ Ձեր բարձրացրած աղմուկը՝ մենք շատ էլ լավ կարողանում էինք աշխատել ԱԺ-ում, եւ որեւէ մեկը չէր ասում, որ մենք տեղյակ չենք մեր իրավունքներից եւ պարտավորություններից»,-վրդովված պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Աստղիկ Բեդեւյանը:
Լրագրողները, ծանոթանալով ներկայացված նախագծի կետերին, իրենց դժգոհությունն արտահայտեցին հատկապես 9-րդ կետի մասով, որը սահմանում է. «Հավատարմագրման ենթակա են ՀՀ արդարադատության նախարարությունում հաշվառված 3.000 եւ ավել տպաքանակ ունեցող օրաթերթերը, 1.000 եւ ավել տպաքանակ ունեցող ամսագրերը եւ շաբաթաթերթերը»: Ստացվում է, որ Հայաստանում միայն երկու օրաթերթ կկարողանա հավատարմագրվել ԱԺ-ում («Հայկական ժամանակ» եւ «Ժողովուրդ»), քանի որ տպագիր մամուլի տպաքանակը հիմնականում իջել է վերջին տարիներին: Արսեն Բաբայանն այս հիմնավորմանը փաստարկներ չներկայացրեց՝ ասելով միայն, թե. «Մեր ներկայացրածը նախագիծ է, այն քննարկման փուլում է»:
Լրագրողներն իրենց մտահոգությունը հայտնեցին նաեւ հավատարմագրման կարգի նախագծում ներառված 23-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ, որը սահմանում է «Մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը»: Մի լղոզված պահանջ, որի տակ կարելի է ցանկացած նախադասություն հասկանալ՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: «Դուք կարող եք ասել, որ Մհեր Սեդրակյանի ոչ հայեցի մեկնաբանությունները լուսաբանելը չի բխում պատգամավորի շահերից, բայց այդ ընկալումը շատ հակասական է: Նայած թե ում տեսանկյունից է հարցը դիտարկվում»,- նկատեց Աստղիկ Բեդեւյանը:
Այսպիսով՝ լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխության «ջատագով» Արսեն Բաբայանը խոստացավ ամեն ինչ անել, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեությունն անխոչընդոտ անցնի:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՄՆԱՑ ՄԻԱՅՆԱԿ
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետի պաշտոնի համար այս պահի դրությամբ պայքարում է միայն ներկայիս ՀՀԿ-ական քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Հիշեցնենք, որ Շահգալդյանի մրցակիցն էր «Կար-Կոր» ՍՊԸ-ի հերթափոխի պետ Արտավազդ Ալեքսանյանը, ով, ըստ լուրերի, Հակոբ Շահգալդյանի կնոջ ազգականն է: Նա իր թեկնածությունը ձեւական էր դրել, որպեսզի ընտրությունները չկայացած չհամարվեն: Եթե ի սկզբանե մեկ թեկնածու առաջադրվեր, ապա ընտրությունները, ըստ ընտրական օրենսգրքի, կճանաչվեին չկայացած: Այդ իսկ պատճառով բոլոր մակարդակի ընտրություններում իշխանական թեկնածուները հոգում են, որ առաջադրման եւ գրանցման փուլում իրենք գոնե մեկ մրցակից ունենան, որը հետագայում ինքնաբացարկ է ներկայացնում: Այս մեխանիզմի միջոցով հնարավոր է լինում հաղթել միայնակ:
ԴՈՒԲԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը Դուբայ-Երեւան չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: Հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի մյուս օլիգարխներն ու պաշտոնյաները եւս բավական հաճախ են լինում Դուբայում: Հետաքրիր է՝ նրանցից ո՞ւմ հետ է այս անգամ խաչվել Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայան այցելելիս օգտվում է նախագահական մուտքից:
ՎԱՐՁՍ ՏՈՒՐ
Հայաստանում ֆրանսիական համալսարանն ուսանողներից վարձավճարները ստանալու համար սկսել է դիմել դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. փետրվարի 11-ին Հայաստանում «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ քաղաքացի Լեւոն Իսրայելյանի: Համալսարանը պահանջում է դատարանի միջոցով Լեւոնից բռնագանձել 311 հազար 220 դրամ` որպես ուսման վարձի պարտքի գումար, ինչպես նաեւ՝ վճարված 6 հազար 224 դրամ` պետական տուրքի գումար: Ավելին՝ պարզեցինք, որ 2013թ. ուսման վարձի պարտքը չվճարելու պատճառով Լեւոնը հեռացվել է համալսարանից:
Այս տարվա մայիսի 22-ին դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է ֆրանսիական համալսարանի հայցը եւ որոշել է Լեւոն Իսրայելյանից բռնագանձել վերը նշված գումարը: Հիշեցնենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է: