ԼՐԱԳՐՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է «ԾԱՂԻԿՆԵՐԻՆ» ԽՈՍԵՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն անգամ, երբ լրագրողներից մեկը Հայաստանի խորհրդարանի «ծաղիկ» պատգամավորներից մեկնաբանություն է խնդրում, իսկ վերջիններս էլ իրենց մտահորիզոնի շրջանակներում դրանց պատասխանում են կամ սկանդալ սարքում, առաջին հարցը, որ քննարկման առարկա է դառնում, այն է, թե ինչու են լրագրողները նման անձանցից մեկնաբանություն վերցնում եւ հրապարակում:

Օրեր առաջ խոսելով ԵՏՄ անդամակցության մասին՝ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն ահա թե ինչ էր ասել. «Առանց ռուս ազգի մենք չենք կարա գոյատեւել, դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք, ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի՝ պարսիկը, թուրքը, ռուսը… Լա՞վ չի ռուսի իշխանության տակ լինենք: Մենք որ իրանց հետ չեղանք, մեզ ուտելու են… 91-ից հետո ի՞նչ կատարվեց, Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց, եթե ռուսը չլիներ, ոնց էինք Ղարաբաղ պահում։ Մեր բանակը ռուսի օգնությամբ պահեց։ Եթե ռուսը չլիներ, մենք Ղարաբաղը ո՞նց էինք գրավելու»: Իհարկե, երեկ արդեն նա ներողություն էր խնդրել իր այս խոսքերի համար:
Բայց պարզվում է՝ մարդկանց մի խումբ կա, որոնք լուրջ դեմքով ասում են, թե լրագրողներն այս կատեգորիայի պաշտոնյաներից կամ պատգամավորներից չպետք է մեկնաբանություններ վերցնեն, որպեսզի նրանք իրենց հասկացածի կամ նույն է թե՝ չհասկացածի չափով չարտահայտվեն: Ու քանի որ Հայաստանի այդ վայ պաշտոնյաների կամ ազգընտիրների «մտքի գոհարները» ադբեջանական կայքերի ամենասիրած թեմաներն են, եւ նրանց կողմից լայնորեն տարածվում են, քիչ է մնում՝ լրագրողներին «պետական դավաճանության» մեջ մեղադրեն: Բարեբախտաբար տեխնիկայի վերջին զարգացումները լրագրողներին հնարավորություն են տալիս նման վիճահարույց զրույցները տեսագրել, եւ այդ զրույցների հեղինակներն այլեւս չեն կարողանում չքմեղանալով ասել, թե իրենք նման բան չեն ասել, լրագրողներն են սխալ ներկայացրել:
Իրականում վերը բերված մտածողության եւ նման կարծիքների առկայությունը Հայաստանի հասարակությունում առկա «հիվանդության» ապացուցն է: Նորմալ երկրում, եթե որեւէ պաշտոնյա իրեն թույլ տար այն, ինչ անում են ՀՀ պաշտոնյաների մեծ մասը կամ պատգամավորները, ապա տվյալ անձինք մեկ օր անգամ չէին մնա իրենց պաշտոններին: Դա նրանից չէ, որ նման երկրների իշխանությունները հրեշտակի թեւեր ունեն, պարզապես նրանք գիտեն, որ եթե նման պաշտոնյաները շարունակեն պաշտոնավարել, ապա հասարակությունն իր պարտքը կհամարի նրանց իշխանությունից զրկելը, եւ որքան ուշացնեն այդ «հեռացնելու» ընթացքը, այնքան ծանր կլինի հենց իշխանությունների համար: Հայաստանում պաշտոնյայի շուրթերից հիմարությունը կամ ցինիկ արտահայտությունը լսելուց հետո մարդիկ ոչ թե սկսում են պայքարել, որպեսզի տվյալ անձն իշխանությունից հեռացվի, այլ բողոքում են, թե իբր չգիտեիք, որ տվյալ անձը տգետ է, էլ ինչու էիք նրանից մեկնաբանություն ուզում:
Ընդհակառակը՝ լրագրողները պարտավոր են ոչ միայն այդ մի քանի հայտնի «ծաղիկներին», այլեւ մնացած բոլորի հետ զրուցել, այդ թվում նաեւ՝ ոչ իշխանական «առյուծասեր եւ իմաստուն» առաջնորդ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Օրինակ, երբ մի քաղաքական ուժ խորհրդարանում 70 պատգամավոր ունի, որոնցից միայն տասը կարող են կապակցված միտք արտահայտել, իսկ հասարակությունը հանդուրժում է, որ նրանք շարունակեն Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ, բնական է, որ մի քանի տարի հետո տվյալ քաղաքական ուժի՝ խորհրդարան բերած խմբի մեջ կապակցված միտք արտահայտողների թիվը կնվազի: Իշխանության ղեկի մոտ կանգնած են մարդիկ, որոնք իրենց կյանքի վերջին քսան տարիներին, տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելով, հասցրել են միլիարդատեր դառնալ: Նրանց իշխանությունից հեռացնելն իրենց գերխնդիրը հռչակելու փոխարեն մարդիկ քննարկում են, թե որքանո՞վ է ճիշտ այդ մարդկանց խոսեցնելը: Կամ երբ երկրի նախկին թիվ մեկ, ներկայումս թիվ երկու օլիգարխն իր տան գզրոցի արժեքի չափով գումար է բաժանում անապահով խավերին, նրան հռչակում են «բարերար», եւ փոխարեն հարցնեն, թե եղբա՛յր, դու ինչպես կարողացար ֆերմերից դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը (գուցե կիսվի «հայկական երազանքի» իր բանաձեւով), նրան մեծարում են իբրեւ բարերարի:
Կարծում ենք՝ լրագրողի պարտքն է հասարակությանը ներկայացնել խնդիրները եւ այն իրողությունը, որում մարդիկ ապրում են: Նորմալ եւ հիվանդ երկրների տարբերությունն այդ լրատվությանը հետեւող արձագանքն է: Ահա Հայաստանի հիվանդության ախտանիշը:
Ու եթե ցանկանում ենք, որ Հայաստանը փոխվի, եւ մարդիկ արժանապատիվ կյանքով ապրեն, ապա գործող պաշտոնյաների եւ իշխանության հավակնորդների ապրած կյանքը պիտի դառնա լրջագույն քննարկման առարկա: Իսկ պաշտոնյաներին ճանաչելու հարցում լրագրողների գործունեությունը պետք է հնարավորինս խրախուսել՝ քարկոծելու փոխարեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԴԵՄ Է, ԲԱՅՑ ՉՔՎԵԱՐԿԵՑ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ դեմ է քվեարկելու Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրին: Սակայն այդ պայմանագրի՝ ԱԺ-ում քվեարկությանը Ռուստամ Գասպարյանը չմասնակցեց: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ-ական պատգամավորից պարզել, թե ինչու է նա փոխել իր կարծիքը եւ որոշել չմասնակցել քվեարկությանը: «Ես հայտարարել էի նաեւ, որ հնարավոր է՝ չմասնակցեմ քվեարկությանը, դրա համար չեմ մասնակցել, չուզեցա մասնակցել: Էս պայմաններով այս պայմանագիրը սխալ է, ոչ թե դեմ եմ Ռուսաստանին, այլ այս պայմաններով սխալ է նման միության մեջ մտնելը»,- ասաց Գասպարյանը:

 

ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵ՞Ն
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով իրենց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քաղաքականությունը եռյակի «փլուզման» հետեւանք չէ: Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել եռյակից առանձին հանրահավաք-ժողովներ կազմակերպել, եւ արդյոք սա չի՞ նշանակում, որ իրենք եռյակից «դուրս» են եկել: «Դրանք քաղաքացիական ժողովներ են, մենք մեր գործն անում ենք անկախ նրանից, թե ով ինչ կեղծ մեղադրանքներ է հնչեցնում մեր հասցեին: Եռյակում ի սկզբանե որոշում է եղել, որ եթե որեւէ քայլի հետ կապված միասնություն չկա, ընդհանուր քայլ չկա, ապա յուրաքանչյուրն ազատ է իր քաղաքական քայլը կատարելու մեջ»,-պարզաբանեց «Ժառանգութան» փոխնախագահը: Ըստ նրա՝ ոչ իշխանական եռյակում որեւէ տարաձայնություն չկա այս հարցում: «Երեք ընդդիմադիր ուժերով մենք շարունակում ենք մեր համագործակցությունը, ընդամենը օրակարգի խնդիր կա, միասնական օրակարգի, փաստաթղթավորված, որը, հույս ունեմ, մոտ ապագայում կլինի»,-ասաց Մարտիրոսյանը:

 

ԾԵԾԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Արտաշ Երանոսյանը հաղորդում է տվել ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իր նկատմամբ ոտնձգություն է կատարել ՀՀ ՊՆ N զորամասի (Զոդի չաստ) հրամանատար Սերոժ Գեւորգյանը: shamshyan.com-ի հաղորդմամբ՝ զինվորական ոստիկանությունում էլ հաղորդում տվել է գնդապետ Ս. Գեւորգյանը եւ հայտնել, որ Ա. Երանոսյանն է իր նկատմամբ ոտնձգություն կատարել: Հայտարարությունների հիման վրա Վարդենիսի ոստիկանությունում եւ ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՐԿԻՆ ԵԽԽՎ-ՈՒՄ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 7-13-ը գործուղվել են Փարիզ: Պատգամավորները մասնակցելու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, իրավական հարցերի, մոնիթորինգի եւ կանոնակարգի հարցերի հանձնաժողովների նիստերին: Հիշեցնենք, որ վերջին անգամ սեպտեմբերին ԱԺ ԵԽԽՎ պատվիրակությունը սկանդալային իրավիճակում էր հայտնվել Հ. Նաղդալյանի պատճառով: ԵԽԽՎ-ում ընդունվել էր ադրբեջանական կողմի նախաձեռնած «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձեւը, որին փորձել էր ընդդիմանալ Հ. Նաղդալյանը, բայց այնպես, որ կռիվ էր սկսվել, արդյունքում նրա խոսափողն անջատել էին, իսկ թարգմանությունը՝ դադարեցրել:

 

ՄՏԱՎ ՕՐԱԿԱՐԳ
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության մասին Մինսկում հոկտեմբերի 10-ին կնքված պայմանագրի վավերացման հարցը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետական դուման, կքննարկի դեկտեմբերի 10-ին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Նրա խոսքով՝ Պետդումայի ղեկավար մարմինը` խորհուրդը, հարցը դեկտեմբերի 10-ի օրակարգում ընդգրկելու մասին որոշումը կայացրել է երեկ:

 

ՆԱԵՎ ՀԱՅ ԷԼՑԱՆՑԵՐԸ
Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի պետբյուջեն փոխհատուցում է ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վնասները: Ըստ «Ազատության»՝ անցած տարիների ընթացքում հարկատուների գրպանից վճարվող գումարը տարեցտարի ավելացել է. եթե 2011-ին պետբյուջեն որպես վնասների փոխհատուցում «Հարավկովկասյան երկաթուղուն» նվիրել է 167 միլիոն դրամ, ապա այս տարի՝ երեք անգամ ավելի՝ 536.5 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատկանում է ռուսաստանյան պետական «Российские железные дороги» (РЖД) ընկերությանը: 2008 թվականի փետրվարին Երեւանում Հայաստանի Կառավարության եւ РЖД-ի միջեւ կնքվեց պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի երկաթուղային ցանցը՝ իր շարժական եւ անշարժ գույքով, 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ընկերությանը:

 

ԿՄԵԿՆԻ
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանի հրավերով 2014 թվականի դեկտեմբերի 15-19-ը պաշտոնական այցով գտնվելու է Քիշնեւում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ: Մոլդովայում Իշխան Զաքարյանն ու Սերաֆիմ Ուրեկյանը կստորագրեն համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է մեթոդական փոխադարձ աջակցություն, փորձի փոխանակում, ուսուցման եւ վերապատրաստման համատեղ ծրագրեր, ինչպես նաեւ՝ համատեղ եւ զուգահեռ վերահսկողության անցկացում: Իշխան Զաքարյանը Քիշնեւում հանդիպելու է նաեւ Լատվիայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Էլիտա Կրումինայի հետ:




Լրահոս