Ադրբեջանական վերջին սադրանքներից հետո շատերի մոտ մտավախություն կա, որ առաջիկայում կարող են լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսվել: “Ժողովուրդ”-ը փորձեց բանակում չծառայած եւ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը չկատարած հայրենի պաշտոնյաներից պարզել, թե պատերազմի սկսվելու դեպքում պատրաստվում են արդյոք գնալ՝ հայոց սահմանները պաշտպանելու:
ՀՀ Արմավիրի մարզպետի օգնական ՆՎԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Պետրոսյան, այս օրերին շատ է խոսվում, որ հնարավոր է՝ առաջիկայում Ադրբեջանը պատերազմ սանձազերծի: Դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, զենք վերցնելու եւ գնալո՞ւ եք՝ հայրենի սահմանները պաշտպանելու:
-Ինչո՞ւ չեմ գնա, ես ծառայել եմ բանակում:
-Բանակում ծառայե՞լ եք, Ձեր կենսագրական տվյալներում նշված չէ, որ Դուք հայոց բանակում ծառայել եք:
-Մեր հայկական բանակում ծառայել եմ, հիմա արդեն նշված է, էն ժամանակ թյուրիմացություն էր եղել, չկար, հիմա արդեն կա, ավելացրել են, եթե հիմա նայե՛ք, արդեն կա: Ես պարտավոր եմ գնալ, ինչո՞ւ չպետք է գնամ: Դուք ե՞րբ եք նայել, որ չկար իմ կենսագրությունում:
-Հայոց բանակի 20-ամյակի նախoրեին` հունվարի 27-ին, եւ ոչ միայն նայել ենք, այլեւ հրապարակել ենք, որ Դուք հայոց բանակում չեք ծառայել:
-Այո՛, մի անգամ տպագրել էիք, այդ ժամանակ ընդամենը տեխնիկական թյուրիմացություն էր եղել, դա մեր մեղավորությունն էր, ձեր տպագրությունից հետո ավելացրել ենք: 1998-2000թթ. ծառայել եմ Կիրովականում:
-1998-2000 թվականների՞ն:
-Այո՛, ես մարզպետարան մտել եմ աշխատանքի, մարզպետարանից գնացել եմ ծառայության: Ես 22 տարեկանում եմ գնացել ծառայության: Ուղղակի դա մեր մեղավորությունն էր, որ նշված չէր: Եթե պատերազմ լինի, ես ստեղ՝ մեզ մոտ, գրանցված եմ, եթե լինի, ապա այդ ժամանակ, բնականաբար, պետք է գնամ:
ՀՀԿ երիտթեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆ
-Եթե հանկարծ պատերազմ վերսկսվի, Դուք զենք վերցնելո՞ւ եք՝ Ձեր հայրենիքը պաշտպանելու համար, այդպիսով նաեւ օրինակ ծառայելով ՀՀԿ-ական երիտասարդներին:
-Բայց ո՞վ է ասում՝ պատերազմ կսկսվի, դրանք ընդամենը վերլուծություններ են: Ե՛ւ նման վերլուծություններ կան, ե՛ւ դրան հակառակ վերլուծություններ կան, այսինքն՝ միանգամից նման հայտարարություն պետք չէ անել:
-Աստված մի արասցե, բայց եթե պատերազմ սկսվի, Դուք գնալո՞ւ եք՝ հայոց սահմանները պաշտպանելու, առավել եւս, որ Դուք հայոց բանակ չեք գնացել եւ Ձեր զինվորական պարտքը չեք կատարել հայրենիքի հանդեպ:
-Ես պատրաստ եմ գնալ, իմ զինվորական կոչումը բժշկական ծառայության լեյտենանտ է, Բժշկական համալսարան ավարտածները համապատասխան զինվորական կոչում են ստանում, եւ ես որեւէ խնդիր չունեմ՝ իմ երկրի համար ծառայելու:
-Բայց Դուք խուսափել եք ժամկետային զինծառայող լինելուց…
-Ես երբեք չեմ խուսափել, ես լեյտենանտ եմ, համապատասխան որակավորում եմ ստացել, իմ մասնագիտությունը ստացած մարդիկ բոլորն էլ գտնվում են նույն կարգավիճակում, ինձ համար ոչ մի առանձնահատուկ վերաբերմունք չի եղել: Իսկ եթե նման բան լինի, մենք անհրաժեշտության դեպքում կգնանք եւ մեր սահմանները կպաշտպանենք:
-Կան մարդիկ, որոնք ե՛ւ այդ որակավորումն են ստանում, ե՛ւ բանակ գնում` հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու համար:
-Մարդիկ կան, որոնք չեն զորակոչվել, եւ ես այդ մարդկանց շարքին եմ պատկանում, չկա մի դատական բժիշկ, որ բուհն ավարտելուց հետո գնա ծառայության: Քանի որ դատական բժիշկներն իրենց աշխատանքի ընթացքում սպասարկում են նաեւ մեր զինված ուժերին, դրա համար ուղղակի զորակոչ՝ այդ մասնագիտության հետ կապված, չկա:
ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, սահմանագոտում վերջին օրերի անդադար գնդակոծումները շատերի մոտ մտավախություն են առաջացրել, որ առաջիկայում պատերազմի վերսկսման վտանգը միանգամայն հավանական է: Եթե պատերազմը վերսկսվի, Դուք կգնա՞ք` հայկական սահմանները պաշտպանելու:
-Ես կոռեկտ չեմ համարում նման հարցին պատասխանելը եւ չեմ կարծում, որ հայտարարություններով է երեւալու հայրենասիրությունը: Աստված չանի, որ սկսվի պատերազմ, ապա այդ ժամանակ ե՛ւ մեր հասարակությունը, ե՛ւ Դուք կարող եք ինքներդ տեսնել, թե ովքեր են գնում ռազմաճակատ, եւ ովքեր չեն գնում: Ես կոռեկտ չեմ համարում ասել՝ այո՛, ես կգնամ կամ չեմ գնա:
-Խուսափե՞լ եք ժամկետային զինծառայությունից…
-Ո՞վ է խուսափել, ո՞վ է խուսափել… Էդուարդ Շարմազանովը զինապարտության ժամանակաշրջանում ոչ մի օր ու ոչ մի ժամ ՀՀ-ից չի բացակայել, բոլոր զինվորական պրոցեդուրաներն անցել եմ, ունեմ զինվորական գրքույկ եւ օրենքով սահմանված կարգով չեմ ծառայել զինված ուժերում, խուսափելը մի բան է, չծառայելը՝ մեկ այլ բան: Խնդրում եմ՝ նման հայտարարություններ այլեւս չանեք: