ԵՌՅԱԿԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷԻՆ՝ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ իշխանական եռյակի առանցքային «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ իր շքախմբով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում էր: Օրեր առաջ նույն քաղաք էր այցելել նաեւ եռյակի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայրաքաղաք Գյումրիում ԲՀԿ առաջնորդին դիմավորել են մեծ շուքով, հանդիսավորությամբ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը «բավարարվել» է համեստ ընդունելությամբ: ԲՀԿ առաջնորդը սկզբում եղել է Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բակում եւ մասնակցել պսակադրության արարողության, այնուհետեւ Գյումրու մանկավարժական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ եւ եղել Գյումրիում բացված համաժողովրդական շարժման շտաբում:
Այդ ողջ ընթացքում նրան ուղեկցում էին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ պատասխանատու, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաեւ՝ Գյումրու քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ եւ բաժնի պետեր: Պետք է ընդգծել, որ թե՛ քաղաքապետը, թե՛ քաղաքապետարանի աշխատակիցները ԲՀԿ առաջնորդին դիմավորում եւ ուղեկցում էին աշխատանքային ժամերին:
Ինչպես միշտ, այս անգամ եւս Ծառուկյանին մեծ թվով մարդիկ էին շրջապատել, որոնց մի մասը եկել էր դժգոհություններ արտահայտելու, մյուս մասն էլ գումար ստանալու ակնկալիքով: Ու թեեւ ԲՀԿ առաջնորդին Գյումրու բնակիչներից պաշտպանում էին քաղաքապետարանի աշխատակիցները, այնուամենայնիվ Ծառուկյանը մի քանիսին գումար բաժանեց եւ հայտարարեց, թե գումար է թողել նաեւ Սամվել Բալասանյանի մոտ, որպեսզի վերջինս վճարի անապահով ընտանիքների կոմունալ ծախսերը:
Ամենափրկիչ եկեղեցու բակում Գագիկ Ծառուկյանը զրուցեց լրագրողների հետ եւ առաջին հերթին անդրադարձավ 1988թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժին՝ հայտարարելով, որ սա վերք է, որը ոչ մի հայ չի կարող մոռանալ: «Մենք պետք է կարողանանք միասնական այնպես անել, որ մեր երիտասարդ սերունդը երկրաշարժի հետեւանքները չհիշի: Հիմնականն այն է, որ նոր Գյումրի վերածնվի: Իհարկե, դա կլինի միայն այն դեպքում, երբ որ, ասենք, աշխատատեղերը չփակվեն, կրպակներն ու գործարանները չփակվեն, այլ բացվեն, արտագաղթը կանգ առնի, ու գնացածները հետ վերադառնան», – նշեց ԲՀԿ նախագահը:
Դեկտեմբերի 7-ի փոխարեն 8-ին Գյումրի հասած Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել. օրը հարմար չէր: Սակայն երբ լրագրողները հետաքրքրվեցին Գ. Ծառուկյանի խնամի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության մասին, թե ԲՀԿ առաջնորդն իշխանափոխության չի գնում, նա արձագանքեց. «Հովիկ Աբրահամյանն ասել է, իմ բարեկամը բարեկամ է, բայց ես իրա տեղը հո պատասխան չեմ տալու, այնպես որ, համաժողովրդական շարժումն իր ընթացքի մեջ է: Ամենակարեւորը, որ ես ասել եմ՝ Ծառուկյան Գագիկը ինչ-որ ասել է, միշտ իր խոսքի տերն է եղել, եւ Ծառուկյան ազգանունը չի վաճառվում, դա հատուկ Աստծո կամոք տրված է ժողովրդին, դա սրբությամբ պահելու եւ պահպանելու եմ»:
Հիշեցնենք, որ վարչապետ Հ. Աբրահամյանն օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ-ին, հայտարարել էր. «Հիմա ես պատասխանատվությո՞ւն եմ կրում, եթե նման բարեկամները գնում են իշխանափոխության,-եւ հավելել,-Բայց որտե՞ղ են գնացել իշխանափոխության, ես չեմ տեսել: Այո՛, չեն գնում իշխանափոխության, իմ կարծիքով»: Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել նաեւ այն հարցին, թե վերջերս արդյո՞ք հանդիպել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ. նա պարզապես հեռացավ:
Արդեն Գյումրու մանկավարժական համալսարանում ելույթ ունենալիս Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ցանկանում է իր հնարավորության սահմաններում մարդկանց օգտակար լինել: «Դրա համար նորից ես այսօր կխնդրեմ պարոն Բալասանյանին՝ մեր քաղաքապետին, որ ես գումար կհանձնեմ 45 միլիոն, ինքը կազմակերպի ժողովրդին իմ կողմից թեթեւակի բարեգործության համար, տանք այդ գումարը, բաժանեն ծանր ապրող ընտանիքներին, որ կարողանան թեթեւակի իրենց հոգսը թեթեւացնեն, ես էլ կարողանամ ինձ լավ զգամ, որ իմ հնարավորության սահմաններում աջակից, մասնակից եմ եղել», – նշեց նա:
Նա նաեւ գումար հանձնեց օրեր առաջ ողբերգական վթարի զոհերի հարազատներին եւ հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի միջոցով այդ գումարը կփոխանցեն նրանց: Հիշեցնենք, որ այն երթուղային «Գազել»-ը, որը հրդեհվել էր բեռնատարի հետ բախման հետեւանքով, պատկանում էր հենց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին:
«Ճիշտ է՝ դա վիշտը չի վերացնի, հիմա ստացվել ա, ոչ մեկը չէր ուզում այդ ավտովթարը, հիմա սա անում ենք, որ մի քիչ մխիթարվենք, մենք բոլորի կողքին ենք, կապ չունի` ով որ կուսակցությունից ա, ինչ ազգանուն ա կրում, մենք պետք ա էդ ամենը մոռանանք, պետք է կարողանանք միասնական մեկը մեկին հարգեն, լինեն հայ», – հայտարարեց նա: Ինստիտուտից հետո ԲՀԿ առաջնորդը գնաց Գյումրիում բացված համաժողովրդական շտաբ, որտեղ հանդիպեց գյումրեցիներին եւ դարձյալ խոստացավ օգնել:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր է եղել Գյումրիում` դեկտեմբերի 6-ին եւ 7-ին: Դեկտեմբերի 7-ին նա այցելել է Սուրբ Փրկիչ եկեղեցի եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, իսկ շաբաթ օրը գյումրեցիներին քաղաքացիական ժողովի էր հրավիրել եւ հորդորել շարունակել միասնության պահանջը: «Վաղը հատուկ օր է մեզ բոլորիս համար` մեծ երկրաշարժի 26-րդ տարելիցն է: Մենք եկել ենք համեստաբար, խոնարհ գլխով հիշելու մեր զոհերին, ասելու՝ այլեւս երբեք: Վաղը ես ձեզանից մեկը կլինեմ Յոթ Վերքում եւ ծաղիկներ կդնեմ զոհվածների հուշարձանին: Սիրելի՛ գյումրեցիներ, պատրաստվենք հատուցման պահին, ճշմարտության, բոլոր եղանակների պայքարին, որը բերելու է հաղթանակի»:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումն այնքան էլ մարդաշատ չէր, եւ պակասում էր այն ոգեւորությունն ու հավատը, որը մշտապես առկա է եղել գյումրեցիների շրջանում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ

Վերջին շրջանում սահմանամերձ գոտում պարբերաբար հիմնարկներ են փակվում, հաստիքներ կրճատվում: Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում փակվեցին գանձապետական բաժանմունքները, հարկային տեսչության եւ անշարժ գույքի կադաստրի հիմնարկությունների տեղական գրասենյակներում հաստիքների կրճատումներ եղան:

Կրճատումների հերթը հասավ «Հայփոստ» ՓԲԸ-ին, որի հավատարմագրային կառավարումը հանձնված է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին: Տավուշում փակվել են «Հայփոստի» Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի մասնաճյուղերը: Այս մասնաճյուղերը դարձել են բաժանմունքներ: Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի նախկին մասնաճյուղերը միավորվելով՝ ստեղծել են «Հայփոստ արեւելք» մասնաճյուղը, որը ղեկավարում է Սեւանի նախկին մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում մասնաճյուղերի վերացումով բավական թվով աշխատողներ են կրճատվել: Դա պայմանավորված է նրանով, որ բաժանմունքներում այլեւս հաշվապահական գործունեություն չի իրականացվում, հաշվապահ, գանձապահ «Հայփոստ»-ին անհրաժեշտ չեն:
Եթե նախկինում կենսաթոշակների գումարները «Հայփոստի» մասնաճյուղերից էր ուղարկվում գյուղեր, ապա այժմ այդ գումարները ստացվում են բանկերի միջոցով: «Հայփոստի» բաժանմունքներից ստացված տվյալներով՝ Նոյեմբերյանի բաժանմունքից կրճատվել է անձնակազմի կեսը՝ 6 հոգի: Իջեւանի բաժանմունքում նախկինում 2 հոգի ատեստացիայից «կտրվել էր», զրկվել աշխատանքից, 3 հոգի էլ հիմա է կրճատվել: Նույն կրճատումները եղել են նաեւ Բերդի եւ Դիլիջանի բաժանմունքներում: Մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ աշխատել են փոստային համակարգում, ստիպված են հեռանալ իրենց համար երկրորդ տուն դարձած աշխատավայրից:
Կրճատումներ են սպասվում նաեւ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղի հեռուստատեսային աշտարակի աշխատողներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենց աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ. հունիսի 1-ին: Դրանից հետո, թվային հեռարձակման անցնելու պատճառով, իրենց հաստիքները կրճատվելու են: Վերոհիշյալ 5 աշխատակիցներից 2-ը աշխատանքի են անցել սահմանամերձ Բաղանիս գյուղի հեռուստաաշտարակում, ուր աշխատակիցների մի մասի կենսաթոշակի անցնելու պատճառով թափուր հաստիքներ էին առաջացել:
Թվային հեռարձակման անցնելու կապակցությամբ Բաղանիսի հեռուստատեսային աշտարակի աշխատողները եւս կրճատվելու են:
Տեղեկացնենք, որ Կոթիի հեռուստաաշտարակի աշխատողներից մեկը՝ խիզախ ազատամարտիկ, մարտադաշտում ստացած վերքերից 2-րդ խմբի հաշմանդամ դարձած Արայիկ Պետրոսյանը, աչքի առաջ ունենալով եկող տարվա հունիսին աշխատանքը կորցնելու տխուր հեռանկարը՝ իր դիմումի համաձայն արդեն ազատվել է աշխատանքից եւ մեկնել Ռուսաստան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԿՓՈՐՁԵՆ
Բոլորս էլ գիտենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ երեկ հայտարարեց Ուրուգվայի Սենատի նախագահ, երկրի փոխնախագահ Դանիլո Աստորին: Նրա խոսքերով՝ աշխարհը, ըստ էության, դա ընդունել է՝ պարզապես տնտեսական իրավիճակից ելնելով եւ այլ իրողություններ հաշվի առնելով, ինչը որ չեն խոստովանում:
«Եթե որեւէ պետություն չի ընդունել, դա դեռեւս չի նշանակում, որ այդ մոտեցումները պետության ներսում ձեւավորված չեն: Նրանք, ովքեր չեն ընդունում Ցեղասպանության փաստը, մասնակից են դառնում Ցեղասպանությանը»,- այս մասին էլ ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում էլ Ուրուգվայը լինի առաջինը, Դանիլո Աստորին ասաց, որ իր երկիրն աշխատում է այդ ուղղությամբ. «Մեր երկրի Կառավարությունը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք ներգրավված են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»:
Գալուստ Սահակյանն արեց նաեւ մի ուշագրավ հայտարարություն. ըստ նրա՝ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայաստան կհրավիրվեն նաեւ Իսրայելի ներկայացուցիչները:

 

ԱՂԲԸ՝ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է ամենօրյա հսկողությունը՝ ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման եւ իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Այս մասով Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Կատարվող աշխատանքները գնահատելով ոչ բավարար՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ երեւույթը վերացնելու նպատակով: Հանձնարարվել է նաեւ հատուկ ուշադրություն դարձնել եւ խստորեն հետեւել տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ ապահովելով պատշաճ խնամք:




Լրահոս