ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՈՒ ՓԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ գործող իշխանությունը ոգեւորված հայտարարում է, որ ամեն ինչ ձեռնարկում է տեղական արտադրողներին օգնելու հարցում, այնուամենայնիվ, իրականում հայաստանյան պայմաններին չհամակերպվելու հետեւանքով ձեռնարկությունները սնանկանում են: Այս կարգավիճակում է հայտնվել «Մեղվի քաղաք» ՍՊԸ-ն, որը վերջերս ՀՀ ֆինանսների նախարարության Եղեգնաձորի ՏՀՏ-ի պահանջով սնանկ ճանաչվեց:

Նշենք, որ «Մեղվի քաղաք» մեղվաբուծական տնտեսությունը եւ մասնագիտացված խանութների ցանցն իրենց գործունեությունը սկսել են 2007 թվականից: Կազմակերպիչները ներգրավված են մեղվաբուծության եւ ապիոթերապիայի միության մեջ: Ընկերության նպատակն է եղել սպառողներին տրամադրել բարձրակարգ անարատ մեղր, մայրակաթ եւ այլն:
Այս տարվա մարտի 27-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունը դիմել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով սնանկ ճանաչել «Մեղվի քաղաք» ընկերությանը: Այս գործով սնանկության կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը, ով մոտ օրերս հրապարակեց նաեւ պարտատերերի ցանկը: Պարտատերերից են ՀՀ ֆինանսների նախարարության Եղեգնաձորի ՏՀՏ-ն, որին ընկերությունը 3 մլն 398 հազար 550 դրամ է պարտք, քաղաքացի Խաչատուր Խաչատրյանին պարտք է 288 հազար 166 դրամ: Իսկ դատական ծախսերը՝ պետական տուրքը, կազմում է 500 հազար դրամ:
Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության՝ «Մեղվի քաղաք» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունները 2014 թվականի դրությամբ հետեւյալն են՝ շահութահարկ՝ 25.091 դրամ, եկամտահարկ՝ 27.741 դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճար՝ 1 մլն 75 հազար 551 դրամ, շրջանառության հարկ՝ 202 հազար 225 դրամ, եկամտային հարկ՝ 652 հազար 139 դրամ: Տույժերը կազմում են 931 հազար 656 դրամ, իսկ «ՀԴՄ-ների կիրառման մասին» ՀՀ օրենքով առաջադրված տուգանքը՝ 300.000 դրամ:
Տեղեկացնենք, որ ՀՀ վարչական դատարանն իր՝ դեռեւս 2012 թվականի հունիսի 6-ին կայացված վճռով ամբողջությամբ բավարարել է Հրազդանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Մեղվի քաղաք» ՍՊ ընկերությանը՝ օգուտ բյուջեի բռնագանձելով 573 հազար 787 դրամ: Բացի այս՝ ՀՀ վարչական դատարանը նախորդ տարվա ապրիլի 18-ի վճռով ամբողջությամբ բավարարել է նաեւ Եղեգնաձորի ՏՀՏ հայցը՝ «Մեղվի քաղաք» ընկերությունից 1 մլն 151 հազար 802 դրամ եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարի գումար բռնագանձելու պահանջի մասին:
Իսկ նույն տարվա օգոստոսի 15-ին հարուցված կատարողական վարույթը դեռեւս ընթացքի մեջ է: Կատարողական վարույթի հայցապահանջի մեջ ներառված է 150 հազար 308 դրամ եկամտահարկի գումարն ամբողջությամբ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում նույն տարվա հուլիսի 10-ին հարուցվել է կատարողական վարույթը, որը մեկ ամիս անց ավարտվել է՝ պարտապանին պատկանող գույք եւ դրամական միջոցներ չհայտնաբերելու հիմքով: Կատարողական գործողությունների ընթացքում գումար չի գանձվել:
Այսպիսով՝ դատարանն անվիճելի է համարել այն հանգամանքը, որ «Մեղվի քաղաք» ընկերության պարտավորությունները ՀՀ պետական բյուջեի հանդեպ գերազանցել են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Բացի այս՝ ընկերությունը պարտատերերի նկատմամբ ունի մի շարք ժամկետանց պարտավորություններ: Արդյունքում դատարանը բավարարել է սնանկ ճանաչելու Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության դիմումը: Եւ «Մեղվի քաղաք» ՍՊ ընկերությունից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որոշվել է բռնագանձել 500.000 ՀՀ դրամ:
«Ժողովուրդ»-ը «Մեղվի քաղաք» ընկերության տնօրեն Անի Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչու է ընկերությունը հայտնվել նման կարգավիճակում, սակայն տնօրենը խուսափեց պատասխանել մեր հարցերին:
Իսկ «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Թելման Նազարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս ընկերությունը ոչ միայն չի մարել հարկային պարտավորությունները, այլեւ գումարներ է պարտք մի շարք մեղվաբույծների: «Մեր կազմակերպության անդամներից մի քանիսն անընդհատ ինձանից էին հարցուփորձ անում այդ ընկերության մասին: Բայց ես ինչքան փորձեցի կապվել «Մեղվի քաղաք» ընկերության տնօրենի հետ, այդպես էլ չստացվեց: Կապանում, Գորիսում, Հրազդանում, Երեւանում շատերին է պարտք: Խանութներ էին բացել տարբեր մասերում: Ապրանքներ էին ձեռք բերել մարդկանցից, բայց գումարը չէին տվել ու պարտքեր են կուտակել: Չգիտեմ, թե ինչպես պետք է այդ պարտքերը հավաքեմ»:
Ի դեպ, այս գործով սնանկության կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ընկերությանն առաջարկվել է առողջացման ծրագիր ներկայացնել, սակայն տնօրինությունը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ֆինանսական հնարավորություն չկա: Այսպիսով՝ «Մեղվի քաղաք» ընկերությունը դադարեցրեց գործունեությունը եւ հեռացավ բիզնես դաշտից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԻ

Մեր հանրապետությունում վերջին տարիներին թափառող շների հարցը լուծում չի ստանում: Մասնավորապես խնդիրն առկա է քաղաքներում: Հրազդան քաղաքում թափառող շների դեմ պայքարը մի քանի տարի շարունակ իրականացվում է շների ֆիզիկական բնաջնջմամբ:

Մեր զրուցակիցը՝ Նարինեն, պատմեց, որ ինքն անձամբ ականատես է եղել, թե ինչպես մեքենան կանգնեց, գնդակահարեցին շանն իր ձագուկների հետ եւ անցան: «Ես շատ լավ եմ տեղեկացված, որ որսորդները բնակելի տարածքում հրազեն արձակելու իրավունք չունեն անգամ 5 կմ հեռավորությունից»,-ընդգծեց Նարինեն՝ ավելացնելով, որ բազմաթիվ միջոցներ է ձեռնարկել, դիմել տեղական հեռուստաընկերություն, ստորագրահավաք իրականացրել, ներկայացրել քաղաքապետարան, որպեսզի վերջինս պայքարի նոր մեթոդ ընտրի, շներին զենքով չոչնչացնեն, սակայն մինչ օրս հստակ պատասխան չի ստացել:
Հրազդանի որսորդմիության նախագահ Մերուժան Ենգիբարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պայմանագիր ունեն քաղաքապետարանի հետ եւ ընդառաջ են գնում քաղաքապետարանին՝ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով:
Տեղեկացնենք, որ 2013 թվականի տվյալներով՝ Հրազդան քաղաքում ոչնչացվել է 170-180 թափառող շուն: Իսկ թափառող շների գլխաքանակը, ըստ Մ. Ենգիբարյանի, քաղաքներում ապահովում են գյուղաբնակները, որոնք պահելու ցանկություն չունենալով՝ ձագերին պարկերով քաղաք են տեղափոխում եւ բաց թողնում փողոցներ:
Հասկանալու համար, թե շների զենքով ոչնչացումը որքանով է օրինական, «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կենդանիների պաշտպանության բարեգործական ընկերության» տնօրեն Նունե Պողոսյանի հետ: Պարզվում է՝ շներին ստերջացնելու եւ պատվաստելու փոխարեն քաղաքապետարանը գնդակահարում է նրանց՝ ընտրելով հեշտ եւ էժան մեթոդ: Ինչպես նշեց կենդանիների պաշտպանը, քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել շներին պատվաստելու, այլ ոչ թե գնդակահարելու համար, ուստի իրենք քայլեր են ձեռնարկել՝ դիմելով դատախազություն, սակայն գործի քննությունը հետաձգվում է, քանի որ քաղաքապետարանն անընդհատ հերքում է փաստը, որ իրենց կողմից իրականացված մրցույթի կարգի խախտում է արձանագրվել:
Կենդանագետ Սիլվա Ադամյանն էլ «Ժողովուրդ»-ին իրավիճակից դուրս գալու իր դեղատոմսն առաջարկեց. թափառող շներից հասարակությանը կփրկեն ո՛չ շների ամորձատումը, ո՛չ էլ ոչնչացումը, այլ միայն՝ օրենսդրական դաշտի կարգավորումը:
«Մենք պետք է ընդունենք ե՛ւ շների, ե՛ւ մեզ համար հումանիստական որոշում: Այն մարդիկ, ովքեր հանձն են առել պահել կենդանի, պետք է անպայման ինչ-որ տեղից փաստաթուղթ ստանան եւ պատասխանատվություն կրեն իրենց կենդանուն մինչեւ վերջ պահելու եւ դուրս չշպրտելու համար»,-կարեւորեց կենդանագետը:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՎԵՐՋԱՊԵՍ
Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչներն այլեւս ստիպված չեն լինի 800 մետր ճանապարհ անցնել, մոտենալ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող աղբյուրին ու խմելու ջուր բերել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ջանքերով վերանորոգվել է գյուղի ջրամատակարարման ցանցը:
Տասնմեկ տնային տնտեսություն ջրով ապահովող ծրագրի շրջանակում երկարացվել եւ բարելավվել է ջրամատակարարման ցանցը,տեղադրվել են 580 մետր երկարությամբ խողովակաշար, 3 հազար լիտր պլաստիկ ջրի բաք եւ հանրային օգտագործման համար ավտոմատ փականով ծորակ՝ ջուրը խնայողաբար օգտագործելու համար: Այս տարի նմանատիպ նախագծեր են իրականացվել նաեւ Տավուշի մարզի Չինարի եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում:

 

ՀԱՐԿԱՅԻՆԻ «ՄԵՂՔԸ»
Armlur.am-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Նորիկ Հովհաննիսյանը եւ ներկայացրել հարկային տեսչության աշխատակիցների անփութության հետեւանքով իր հետ տեղի ունեցածը: Մասնագիտությամբ երաժիշտ 68-ամյա Նորիկ Հովհաննիսյանը պատմել է, որ ստանում է 30 հազար դրամ կենսաթոշակ: Այս ամսվա կենսաթոշակը, սակայն, քաղաքացին ոչ մի կերպ ստանալ չի կարողանում: Թոշակառուն փորձել է բանկոմատից գումար ստանալ, սակայն պարզվել է՝ հաշիվը զրոյացված է:
Բանկից պարզաբանել են, որ նրա հաշվի վրա կալանք է դրված, եւ ավելի մանրամասն պետք է փորձի ճշտել հարկային տեսչությունից: Այստեղ էլ Նորիկ Հովհաննիսյանին տեղեկացրել են, որ հաշվի զրոյացման պատճառը չվճարված ակտերն են, որոնք առաջացել են երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով: Իսկ ամենաուշագրավը դեռ առջեւում է: Նորիկ Հովհաննիսյանը սկզբում զարմացել, ապա հայտարարել է, որ ինքը ոչ միայն մեքենա չունի, այլեւ երբեւէ վարորդ չի եղել, առավել եւս՝ տաքսու: Եվ այստեղ երկար բանավեճից հետո պարզվել է, որ խոսքը վերաբերում է մեր զրուցակցի հարեւանին՝ կրկին Նորիկ Հովհաննիսյան անուն-ազգանունով:
Հարկային տեսչության աշխատակիցները սկզբում ներողություն են խնդրել պատճառած անհանգստության համար, ապա վստահեցրել են, որ հաջորդ օրը կարող է ստանալ իր հասանելիք կենսաթոշակը:
«Հաջորդ օրը եկավ, իսկ գումարը՝ ոչ: Արդեն համարյա մեկ շաբաթ ժամանակ է անցել, սակայն գումարը դեռեւս չի նստել քարտին: Սա ինչ անփույթ վերաբերմունք է սեփական աշխատանքի նկատմամբ: Հիմա եթե հանրապետությունում մեկ այլ Նորիկ Հովհաննիսյան լինի, ամեն անգամ այս վիճա՞կն է լինելու: Հետո էլ ասում են՝ ինչո՞ւ են մարդիկ հիասթափվում մեր երկրից, ինչո՞ւ են լքում հայրենիքը: Բա ի՞նչ անեն, եթե ոչ ոք իր աշխատանքը նորմալ եւ պատասխանատվությամբ կատարել չի կարողանում: Թողնես միայն ուրիշներին քննադատեն: Ես ինչի՞ տեր եմ, որ ամեն անգամ իրենց մոտ գնալու եւ պարզաբանում խնդրելու համար էդքան տաքսու գումար տամ»,- վրդովված շարունակեց թոշակառուն: Հուսանք՝ համապատասխան կառույցները հաշվի կառնեն գոնե տարեցների անօգնական վիճակը, ու նրանց հասանելիք չնչին գումարները պատշաճ եւ մասնագիտական պահանջներին համապատասխան կտրվեն:




Լրահոս