ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Ռուբեն Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն) փաստորեն զբաղված է վագր «մեծացնելու» գործով: Ինչպես երեւում է՝ պատգամավորը հիացած է իր «սխրագործությամբ», ինչը ցանկացել է «կիսել» նաեւ հանրության հետ՝ լուսանկարը տեղադրելով իր ֆեյսբուքյան էջում: Երեւի սա է պատճառը, որ պատգամավորն ԱԺ-ից հաճախ է բացակայում: Կարծում ենք ժամանակն է՝ Ռուբեն Գեւորգյանի մականունը վերանայվի՝ «վագր Ռուբո»: Վատ չէ…

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ երեխայի միանվագ նպաստը երեխայի ծնվելուց քանի՞ օր հետո կարող եմ ստանալ, ո՞ւմ պետք է դիմել եւ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:

Տիգրան Սարգսյան (30 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի հետ ՀՀ բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:
Ըստ ՀՀ Կառավարության 2014 թ. մարտի 3-ի թիվ 275-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի, սահմանված է հետեւյալ կերպ.
ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հզ. դրամ,
բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հզ. դրամ,
գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,
դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,
ե. հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:
Որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի համաձայն` նպաստը նշանակելու համար դիմողն անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ վերջինս չստանալու մասին տեղեկանքը:
Տարածքային բաժինը 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`
1) մերժել նպաստ նշանակելը
2) նշանակել եւ վճարել նպաստը:
Ըստ որոշման 18-րդ կետի` տարածքային բաժինը մերժում է նպաստ նշանակելը, եթե`
դիմողը եւ նոր ծնված երեխան համատեղ հաշվառված չեն ՀՀ նույն բնակության վայրում,
դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից 12 ամիս հետո:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է նրա ծննդյան օրվանից 12 ամսվա ընթացքում դիմելու եւ վերոնշյալ փաստաթղթերը բնակության վայրի տարածքային բաժին ներկայացնելու դեպքում:

ՀՀ կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր երկրում ծնելիությունը խրախուսելու մեթոդներն այնքան էլ արդյունավետ չեն: Օրինակ՝ անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել օրինաստեղծ մարմինները, երբ գրել են, որ երկրորդ երեխայի ծննդյան պարագայում եւս մայրը պետք է ստանա 50 հազար դրամ: Այսինքն՝ առաջին ու երկրորդ երեխաները հավասա՞ր են: Էլ ուր մնաց ծնելիության խթանը: Իսկապես որ մեզանում ձեւն ավելին է, քան բովանդակությունը:

 

 

 
ՀԱՐՑ. ՀՀ գործող գրավատների թիվը տարեցտարի նվազում է: Հետաքրքիր է իմանալ՝ քանի՞ գրավատուն է գործում Երեւանում եւ մարզերում, եւ անցնող տարվա ընթացքում քանի՞սն են դադարեցրել իրենց գործունեությունը:

Վահագ Մամիկոնյան (36 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. 03.12.2014թ. դրությամբ առկա է 141 գործող գրավատուն ՀՀ ողջ տարածքում եւ ԼՂՀ-ում: Նշված գրավատներից 106-ը գործունեություն են ծավալում Երեւան քաղաքում, իսկ 35-ը՝ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում: 2014թ. տարեսկզբից մինչեւ 03.12.2014թ. դադարեցվել է թվով 17 գրավատների գործունեությունը:

ՀՀ Կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե նախկինում գրավատներն ունեին իրենց ուրույն տեղը վարկային համակարգում, եւ մարդիկ վստահելով նրանց՝ օգտվում էին մատուցված ծառայություններից, ապա այժմ այդ համակարգն իր տեղը վաղուց արդեն զիջել է բանկային համակարգին: Գրավատներն այսօր փոքր բիզնեսի փակվող օբյեկտների շարքն են համալրում: Ու կարելի է ասել, որ ըստ էության ոլորտը մասնակիորեն մոնոպոլացվում է, ինչն էլ բանկերին թույլ է տալիս թելադրողի դիրքից հանդես գալ:




Լրահոս