ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի այս տարվա պաշտոնական վիճակագրությունը գերազանցում է բոլոր սպասելիքները: Այն փաստը, որ պաշտոնական վիճակագրությունը կեղծվում եւ ուռճացվում է, բոլորին է հայտնի: Բայց ամեն ինչ չափ ու սահման պետք է ունենա: ՀՀ գյուղատնտեսության նախարարութան հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի այս տարվա կարտոֆիլի բերքը կազմել է 691 հազար տոննա՝ անցած տարվա 660 հազար 500 տոննայի դիմաց: Այսինքն՝ պաշտոնապես վիճակագիրները պնդում են, որ անցած տարվանից շատ բերք ենք ստացել: Այսինքն, երբ գյուղացիները գոռում- գոչում են, որ անցած տարվա կարտոֆիլի բերքից մոտ կիսով չափ պակաս բերք են ստացել, լավ չգիտեն կամ էլ լավ չեն հաշվել: Բայց, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղացիներին չնեղացնի ու վիճակագիրների աճպարարությունն էլ թաքցնի, մատնանշում է կարտոֆիլի արտահանման թիվը` դեկտեմբերի 9-ի դրությամբ 21 հազար 100 տոննա: Ուշագրավն այն է, որ 21.100-ից 19 հազար 256 տոննան արտահանվել է այս տարվա սկզբին եւ գարնանը: Այսինքն՝ նախորդ տարվա բերքն է արտահանվել: Իսկ այս տարվա կարտոֆիլից արտահանվել է ընդամենը մոտ 2 հազար տոննա՝ անցած տարվա համեմատ երեք անգամ քիչ: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու են կարտոֆիլի բարձր գինը պատճառաբանում այս տարի ստացված բերքի սակավությամբ:

 

 

 
«Ազատամարտիկների դաշինքը» երեկ տարածած հայտարարությամբ պաշտոնապես հաստատել է «Ժողովուրդ»-ի հրապարակած այն լուրը, ըստ որի, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նախորդ օրը հարձակման են ենթարկվել: Նախորդ լուրը հրապարակելիս «Ժողովուրդ»-ի համար անհայտ էր, թե ովքեր եւ ինչու են հարձակվել ազատամարտիկների վրա եւ ծեծի ենթարկել: Սակայն «Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությամբ՝ կատարվածի համար սլաքն ուղղվում է դեպի իշխանությունների կողմը: Եթե իսկապես հարձակվողներն իշխանական շրջանակներից են եւ ինչ-որ պաշտոնյայի կամ կառույցի ղեկավարի հրահանգն են կատարել, ապա պիտի արձանագրենք, որ նման հրահանգ տվողը, մեղմ ասած, անմեղսունակ է, եթե կարծում է, որ նման մեթոդներով այսօրվա Հայաստանում հնարավոր է խնդիր լուծել եւ ծեծելով կարելի է մարդկանց ստիպել, որ իրենց հայացքներից հրաժարվեն: Բացի այդ՝ ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնողը սրիկա պետք է լինի:

 

 

 
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ եկող 2015-ի հունվարի առաջին աշխատանքային օրն ամսի 12-ն է: Թոշակները, ինչպես հայտնի է, վճարվում են ամեն ամսվա երրորդ աշխատանքային օրվանից: Ստացվում է, որ թոշակառուները հունվարի թոշակները կստանան հունվարի 14-ին: Ի՞նչ է սպասվում թոշակառուներին: «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից: Այստեղից մեզ հայտնեցին, որ այս օրերին բանակցում են գործընկեր վճարահաշվարկային կազմակերպությունների հետ, որպեսզի հունվարի կենսաթոշակները վճարվեն 2015 թվականի հունվարի 5-ին: Ի դեպ, եթե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու նրա գործընկերները համաձայնության հանգեն, ապա այդպիսով կլուծվի բանկային քարտով թոշակ ստացող թոշակառուների խնդիրը: Առձեռն, «Հայփոստից» թոշակ ստացողների խնդիրը, միեւնուն է, մնում է օդում կախված: Միգուցե քննարկեն հունվարի թոշակը դեկտեմբերի վերջին վճարելո՞ւ տարբերակը, թե՞ այդքան փող չկա:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզում հայտնի «Զոդի» զորամասի հարակից տարածքում ազգային անվտանգության ծառայության աշխատակից Արտաշ Երանոսյանի եւ նույն զորամասի հրամանատար Սերոժ Գեւորգյանի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Երեկ լուրը պաշտոնապես հաստատվեց. կողմերը մեկը մյուսին են մեղադրում, եւ, անկեղծ ասած, շատ դժվար է կողմնորոշվել՝ ի վերջո ով է եղել հարձակվող, իսկ ով՝ տուժող կողմը: Սակայն մի բան ակնհայտ է՝ վիճող կողմերը Հայաստանի Հանրապետության սպաներ են, եւ պատկան մարմինները պարտավոր են ամենայն մանրամասնությամբ քննել եւ պարզել այս պատմության բոլոր մանրամասները` իրական մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի նման դեպքերի կրկնությունը հետագայում բացառվի: Երկու կողմին հավասարապես պատժելով՝ գործը փակելու տարբերակն այս դեպքում լուծում չէ, եթե իսկապես երկուսն էլ հավասարապես մեղավոր չեն:

 

 

 

 

ԱՆՀԱՐՄԱՐ ԹՎԵՐ

Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, շարունակելով Սերժ Սարգսյանի ներկայացրած «գաղջ մթնոլորտի» տրամաբանությունը, մշտապես հրապարակավ հորդորում են հայկական իրականության մեջ փնտրել ձեռքբերումներ, աճ ու դրանք լուսաբանել: Սակայն ամեն անգամ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի դեմ են դուրս գալիս:
ՀՀ Կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը երեկ տվյալներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում 2013-2014 թվականների հունվար-նոյեմբեր ամիսներին իրականացված ավիափոխադրումների վերաբերյալ: 2014 թվականի հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղեւորի, ինչը շուրջ 332 376 ուղեւորով կամ 20,8 տոկոսով ավել է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 976.708 ուղեւոր (803.523 ուղեւորի փոխարեն, 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 954.846 (795.652 ուղեւոր՝ 2013-ին): Մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21. 862 մարդ (անցած տարվա 7.871 դիմաց):
Այսպիսով՝ ըստ պաշտոնական տեղեկության՝ անցած տարվա համեմատ երեք անգամ ավելացել է օդային ճանապարհով մեկնած-չվերադարձածների թիվը: Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնող մեր հայրենակիցները սովորաբար ձգտում են գնալ ցամաքային ճանապարհով՝ հատելով Վրաստան-Հայաստան սահմանը: Այս վիճակագրությունը փաստում է, որ 21.862 մարդ մեր երկրից անվերադարձ գնացել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնություն (որը շատ հայերի համար դարձել է աշխատանքի վայր), այլեւ ավելի հեռու, որտեղ անհնար է հասնել ցամաքային ճանապարհով, օրինակ՝ Եվրոպա, ԱՄՆ եւ այլն:
Իհարկե, ՀՀ միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը կշարունակի պնդել, որ մեկնածներն աշխատանքային միգրանտներ են եւ կվերադառնան, սակայն իրականում ամեն հրապարակվող պաշտոնական վիճակագրություն հերքում է Եգանյանի այդ թեզը:
Ու եթե շարունակենք Սերժ Սարգսյանի «գաղջ մթնոլորտ»-ի տեսլականը, ապա պետք է արձանագրենք, որ, իսկապես, Հայաստանում կա առնվազն երկու ոլորտ, որտեղ մշտապես աճ է արձանագրվում. աղքատության եւ արտագաղթի տվյալներն ամեն եռամսյակում ՀՀ-ում աճի միտումներ են ցուցաբերում: Միայն թե անհասկանալի է, թե ինչ ծրագրեր է իրականացնում ՀՀ Կառավարությունը աղքատության վերացման կամ արտագաղթի կանխման անվան տակ: Օրինակ՝ այդպես էլ անհայտ մնաց, թե որտեղ եւ ինչ եղանակով ծախսվեց եվրոպական կառույցների կողմից Հայաստանին տրամադրված 1 մլրդ եվրոն, որով, իբրեւ թե, պետք է կասեցվեր արտագաղթը: Փաստորեն՝ ոչինչ էլ չի արվել, ինչպես միշտ:




Լրահոս