ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱՆԻՑ» ՏԵՂՅԱԿ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ Համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, կարելի է ասել, բացահայտել է Սերժ Սարգսյանի սուտը:

Եւ այսպես՝ դեռեւս հունվարի 31-ին Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ու երբ նրան մեր հայրենակիցները հարցրել էին, թե ինչո՞ւ չհարցրիք համայն հայության կարծիքը մաքսային միությանն անդամագրվելու որոշումից առաջ, նա պատասխանել էր, թե՝ չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել: Իսկ երբ նախօրեին Ա. Աբրահամյանին հարց էր ուղղվել, թե ինչ գիշերվա մասին է խոսքը, Աբրահամյանը հայտարարել էր, թե. «Ես տեղյակ չեմ այդ հայտարարությունից: Այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ ես մասնակցել եմ այդ գործընթացին, այն մեկ տարուց ավել քննարկվել է»: Փաստորեն ստացվում է Ս. Սարգսյանը որոշումը կայացրել է մեկ գիշերում, իսկ Ա. Աբրահամյանն այդ որոշման գործընթացին մեկ տարի շարունակ մասնակցություն է ունեցել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ներկայացվածներից ո՞վ է ստում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
-Պարո՛ն Մկրտչյան, Համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը մեկ տարվա գործընթաց է, ու Ս. Սարգսյանի այն հայտարարությունը, թե՝ չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել, իրականության հետ կապ չունի: Ստել է՞ Ս. Սարգսյանը:
-Ես ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, որովհետեւ ես տեղյակ չեմ, թե որտեղից է Արա Աբրահամյանը նման բան վերցրել, նման հայտարարությամբ հանդես եկել: Ու ավելի լավ է՝ ես այդ հարցին չպատասխանեմ, քանի որ իրականությունը չգիտեմ: Ես չեմ հասկանում՝ արդյո՞ք ինքը եղել է բանակցությունների սուբյեկտ, ես դա չեմ հասկանում: Անկեղծ ասած՝ ես լսումներին եղել եմ, բայց չի տպավորվել Արա Աբրահամյանի հայտարարությունը:
-Բայց Դուք լինելով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ՝ տեղյա՞կ չեք՝ արդյո՞ք այդ որոշումը մեկ տարվա ընթացքում է կայացվել, թե՞ մեկ գիշերվա պատմություն ունի:
-Բնականաբար, երբ որ նախագահը որոշում է կայացնում, դա չի կարող լինել մեկ օրվա որոշում, կլինի երկար ժամանակվա որոշում: Երբ որ ԵՏՄ-ի պայմանագիրը քննարկվում էր Ազգային ժողովում, այն ներկայացնողը՝ Կարայանը, ներկայացնում էր, որ, այո՛, ԵՏՄ-ի պայմանագիրն այնպես չի, որ դա հընթացս եղավ, դա երկար ժամանակվա վերլուծությունների եւ քննարկումների արդյունք է եղել, ես այդպես եմ հիշում Կարայանի ասածը:
-Ստացվում է, որ Սերժ Սարգսյա՞նն է ստել, թե դա մեկ գիշերվա կայացրած որոշում է:
-Ես չեմ հիշում, որ Սերժ Սարգսյանը նման բան ասած լինի, այդպիսի բան հաստատ նախագահը չի ասել:
-Բայց առկա է նաեւ այդ հայտարարության ձայնագրությունը Պրահայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
-Ես ծանոթ չեմ նման հայտարարության, բազմաթիվ անգամ, որ խոսվել է պատասխանատու անձանց կողմից, նշվել է, որ դա երկարատեւ վերլուծությունների արդյունք է, ու նշվել է, որ մեզ համար ձեռնտու է ԵՏՄ-ին անդամակցելը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
-Պարո՛ն Նիկոյան, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մե՞կ գիշերում, թե՞ մեկ տարվա ընթացքում:
-Ես կարծում եմ, որ տեւական ժամանակ այդ երկու պրոցեսները զուգահեռ ընթացել են, դա եղել է խորը հաշվարկների, համեմատականների, վերլուծությունների արդյունքում: Մեկ գիշերվա մեջ ոչինչ չէր կարող լինել:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը 2014թ. հունվարի 31-ին Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԵՏՄ-ին միանալու պայմանագրին, իրենց տեսակետը չհարցնելու մեղադրանքին պատասխանել, թե՝ չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել: Փաստորեն Ս. Սարգսյանը խաբե՞լ է, ի՞նչ գիշերվա մասին է խոսքը:
-Ես չգիտեմ, թե Ձեր արտահայտած միտքն ինչի՞ մասին է, ի՞նչ գիշերվա մասին է, բայց ես ամեն դեպքում վստահ եմ, որ դա մեկ գիշերվա խնդիր չի, դա տեւական ժամանակի աշխատանքների համեմատական է, վերլուծությունների արդյունք է: Ըստ էության շատ մարդիկ, մինչեւ այդ հայտարարությունները, մինչեւ սեպտեմբերի 3-ը, այդ մասին տեղյակ էին:
-Փաստորեն Ս. Սարգսյա՞նն է սուտ խոսել:
-Դուք արդեն անլուրջ հարցեր եք տալիս, ես Ձեր հարցերին պատասխանեցի (անջատում է հեռախոսը Ս.Գ.):

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Թորոսյան, ըստ Համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը մեկ տարվա գործընթաց է, չնայած այն բանին, որ Ս. Սարգսյանը մեկ գիշերվա մասին է խոսում: Իրականում ո՞վ է ճիշտ ասում:
-Թե ինչ է խոսել լրագրողների հետ Արա Աբրահամյանը, ես ծանոթ չեմ ու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ պարտավորվածություն ունեմ դա մեկնաբանելու: Ես տեսակետ եմ հայտնում գլոբալ խնդիրների շուրջ, երեւույթների, պրոցեսների մասին, ես ուրիշի խոսքը չեմ մեկնաբանում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ

Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել եւ պահանջում էին իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցներն աղաղակում էին եւ պահանջում հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ: Սակայն միայն 5 հոգի` գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, պրոֆմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը եւ երեք աշխատակիցներ կարողացան հանդիպել վարչապետին:

«Նաիրիտ»-ի աշխատակից Թոմիկը Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց հիմնական պահանջը Հովիկ Աբրահամյանից աշխատավարձերի պարտքերի մարումն է եւ հնարավորության սահմաններում աշխատանքից ազատելու գործընթացի կասեցումը: Նշենք, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ն երեկ հայտարարություն էր տարածել գործարանի աշխատակիցների հնարավոր կրճատումների եւ աշխատավարձերի մասով պարտքերի մարման հետ կապված, որտեղ նշված էր, որ աշխատակիցների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման եւ հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով:
Գործարանի աշխատակից Թ. Հակոբյանը նշեց, որ իր գործընկերները հանդիպել են Հովիկ Աբրահամյանի հետ եւ ներկայացրել իրավիճակն ամբողջությամբ: «Առանձնապես որեւէ բան չի փոփոխվել, պարզապես ամեն ինչ ներկայացվել է մեր վարչապետին: Պետք է ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը զարմացած է մնացել` տեղեկանալով այն մասին, որ մեր գործարանում կան աշխատակիցներ՝ մոտ 180 հոգի, որոնք բարձր աշխատավարձ են ստանում՝ 400 հազարից մինչեւ 2,5 միլիոն 600 հազար դրամ»,-նշեց գործարանի աշխատակից Հակոբյանը՝ հավելելով. «Վարչապետը զայրացել է՝ իմանալով, որ, ըստ էության, կան չաշխատող գործարանի աշխատակիցներ, որոնք գերբարձր աշխատավարձ են ստանում»:
Նաիրիտցիները Հովիկ Աբրահամյանից խնդրել են հնարավորության սահմաններում օժանդակել, որպեսզի վճարվի իրենց աշխատավարձերի մի մասը գոնե: «Առջեւում Նոր տարի է, եւ մարդկանց նման պահանջն ավելի քան բնական է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է ամեն ինչ անել, որ գործարանի ախատակիցների պահանջը գոնե մասնակի բավարարվի: «Մնացած հարցերի վերաբերյալ էլ հստակություն կլինի շաբաթ օրը: Այդ օրը Հովիկ Աբրահամյանը մեզ հետ կրկին կհանդիպի, եւ բանակցություններ կանցկացվեն»,-տեղեկացրեց Թ.Հակոբյանը: Նա նշեց նաեւ, որ մինչեւ շաբաթ իրենք դադարեցնելու են իրենց բողոքի ցույցերը եւ սպասելու են Կառավարության ղեկավարի հետ հաջորդ հանդիպմանը: «Աբրահամյանը պատրաստ է մեզ ընդունել եւ բանակցել, հետեւաբար իմաստ չկա մինչեւ շաբաթ որեւէ գործողություն իրականացնել: Շաբաթ օրը կգնանք Կառավարության շենքի դիմաց, մեր աշխատակիցները կբարձրանան Հովիկ Աբրահամյանի մոտ, եւ մեր հետագա անելիքներն էլ արդեն այդ օրվանից են կախված»,-եզրափակեց «Նաիրիտ»-ի աշխատակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում կրակոցների հեղինակ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է «Տուգո» մականունով, ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է Հայաստանից չհեռանալու ստորագրությամբ: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք համատեղ բիզնես են ունեցել, ինչն էլ, ըստ շրջանառվող լուրերի, կրակոցի հնարավոր պատճառ կարող էր դարձած լիներ:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ կրակոցները հնչել էին ժամը 20:20-ին: Ծնկի շրջանում հրազենային վնասվածք ստացած Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ասել էր, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրենին իր՝ «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել եւ վիրավորել էր 53-ամյա Արսեն Ավագյանը: Ի դեպ, Արսեն Ավագյանին է պատկանում «Աստաֆյան» զվարճանքների կենտրոնը: «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է:

 

ՁՈՒՆ ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑԱՎ
Դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում թանկացումները շարունակվում են: Ձվի շուկայում մոտ 20 օր առաջ արդեն թանկացումներ եղել էին: Ինչի արդյունքում մինչեւ օրերս մեկ հատ հավկիթը երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվում էր 70-75 դրամով: Սակայն արդեն մի քանի օր է՝ որոշ խանութներում ձուն սկսել են վաճառել 80 դրամով: Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին հավկիթի շուկայում հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.6 տոկոս գնաճ: Հաշվի առնելով այն փաստը, որ դրամը շարունակում է արժեզրկվել, եւ դեռ հայտնի չէ, թե այդ գործընթացը որքան կշարունակվի, եւ դոլարի փոխարժեքը դեռ որքան կբարձրանա, ուստի ակնհայտ է, որ գնաճը դեռ կշարունակվի:

 

ՃՇՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարի երկրորդ էջում տպագրված «Արսեն Բաբայանը տեղի է տալիս» հրապարակման մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ` «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողի կողմից հնչեցված գնահատականները եւ կարծիքները վերագրվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Աստղիկ Բեդեվյանին: Հայցում ենք մեր ընթերցողների եւ գործընկերների ներողամտությունը:




Լրահոս