Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) պաշտոնապես սակարկությամբ արտարժույթ է վաճառում: Ըստ այդմ,ՀՀ ԿԲ-ն երեկ վաճառել է վեց միլիոն դոլար` մեկ դոլարը 458.31 դրամ փոխարժեքով: Նախորդ օրը ԿԲ-ն կրկին վեց միլիոն դոլար էր վաճառել, բայց 456.63 դրամ սակագնով: Այսինքն՝ երկօրյա սակարկությունների արդյունքներով մեկ դոլարի փոխարժեքն արդեն իսկ բարձրացել է 1,68 դրամով:
Այս երկուշաբթի ՀՀ ԿԲ-ն հայտարարեց. «Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու եւ արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչեւ տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում՝ ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով»: Այսպիսով՝ առնվազն վերջին 15 տարում ՀՀ Կենտրոնական բանկն առաջին անգամ հրապարակային հայտարարում է արտարժույթ վաճառելով, նույն է թե՝ ֆինանսական ինտերվենցիայով արժույթի շուկայում տատանումները վերահսկելու մասին: Մինչ այս ՀՀ ԿԲ-ն պարբերաբար ֆինանսական ինտերվենցիաներ է իրականացրել, սակայն այդ մասին երբեք չի հայտարարել: Նախկինում դոլարի ինտերվենցիաները ՀՀ Կենտրոնական բանկն իրականացնում էր Հայաստանի ֆոնդային բորսայի («ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) միջոցով: Այսինքն՝ ամեն անգամ, երբ Հայաստանի ֆոնդային բորսայում արտարժույթի պահանջարկ է առաջացել, որը բորսայի մյուս մասնակիցների կողմից չի բավարարվել, եւ ակնհայտ է եղել, որ այդ պահանջարկի չբավարարումը կարող է հանգեցնել դրամի կտրուկ արժեզրկման, ԿԲ-ն մշտապես միջամտել է ու վաճառել անհրաժեշտ քանակությամբ արտարժույթը: Հետագայում, երբ արտարժույթի գինը կարգավորվել կամ, անգամ, ինչ-որ չափով իջել է, ԿԲ-ն հետ է գնել իր կողմից վաճառված արտարժույթը, երբեմն նաեւ՝ ավելի շատ, քան վաճառված է եղել:
Այս մեխանիզմը գործել է մեկուկես տասնամյակ շարունակ, եւ թվում էր, թե ԿԲ-ին հնարավորություն է տալիս արժույթի շուկայում իրավիճակը լիարժեք վերահսկել: Սակայն 2009-ին՝ մարտի 3-ին, արժույթի շուկայում տեղի ունեցած փլուզումը ցույց տվեց, որ ԿԲ-ի կողմից իրականացվող ֆինանսական ինտերվենցիաներն արդյունավետության որոշակի սահման ունեն, որից հետո իրավիճակն այլեւս սկսում է ինքնաբուխ զարգանալ: Հիշեցնենք, որ 2009-ի մարտի 3-ին դոլարի փոխարժեքը մեկ օրում թանկացավ մոտ 50 դրամով, չնայած մինչ այդ ԿԲ-ն մի քանի հարյուր միլիոն դոլարի ինտերվենցիա էր իրականացրել:
Դրամի հաջորդ կտրուկ անկումը սկսվեց այս տարվա նոյեմբերի վերջին: Սական այս անգամ ի սկզբանե ամեն ինչ ակնհայտ էր, եւ դրամի արժեզրկումը չէր կարելի համարել անսպասելի: Այն պահից, երբ միջազգային հանրությունը խստացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, իսկ միջազգային շուկայում էլ նավթի գները սկսեցին կտրուկ իջնել, ինչի արդյունքում ռուսական ռուբլու փոխարժեքը նույնպես սկսեց իջնել, ակնհայտ էր, որ այդ ալիքը վաղ թե ուշ հասնելու էր Հայաստան: Ավելին՝ ՀՀ ԿԲ-ն փոխարեն թույլ տար, որ դրամի փոխարժեքը դանդաղ, բայց հաստատուն ընթացքով իջներ, ամեն կերպ փորձում էր պահպանել հայկական դրամի փոխարժեքը՝ մեկ դոլարը 405-ից 415 դրամի սահմաններում: Այս նպատակով ԿԲ-ն կրկին մի քանի հարյուր միլիոն դոլարի ինտերվենցիա էր կատարել, սակայն ապարդյուն. նոյեմբերի 24-ին դրամին այլեւս հնարավոր չէր «փրկել», եւ փոխարժեքը կտրուկ նվազեց միանգամից 17 դրամով: Հաջորդ օրերին դրամը շարունակեց արժեզրկվել, իսկ վերջին մեկ շաբաթում շուկայում արդեն սկսեցին խուճապային երեւույթներ նկատվել, քանի որ բանկերը հրաժարվում էին հարյուր կամ երեք հարյուր դոլարից ավել վաճառել, ու արտարժույթ կարելի էր գնել միայն սեւ շուկայում` ձեռքի վրայից, այն էլ՝ հայտարարված կուրսից 20-30 դրամով ավել:
Այսինքն՝ այս երկուշաբթի ԿԲ-ի կողմից կատարված քայլը` պաշտոնապես արժույթի ինտերվենցիաներ իրականացնելու մասին հայտարարելը, Հայաստանի ֆինանսական շուկայում կատարվող գործընթացները վերահսկողության տակ վերցնելու վերջին փորձն է: Ի դեպ, ԿԲ-ն հայտարարել է, որ այդ գործիքը կիրառելու է մինչեւ այս տարվա վերջ: Այսինքն՝ ենթադրվում է, որ առաջիկա քսան օրերին ԿԲ-ն փորձելու է դրամի փոխարժեքը բերել այն մակարդակին, որը, իրենց գնահատմամբ, համապատասխանում է Հայաստանի տնտեսության հնարավորություններին: Այլ կերպ ասած՝ ԿԲ-ն ղեկավարելու է դրամի արժեզրկման գործընթացը, որպեսզի այն սահուն կերպով ընթանա, եւ կտրուկ տատանումներ ու խուճապային իրավիճակներ չլինեն:
Այլեւս ակնհայտ է, որ եթե ԿԲ-ն փորձի պահպանել դրամի փոխարժեքը, ապա այդ մոտեցումն ավելի ծանր հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ զսպող գործիքներով հնարավոր չէ փոխարժեքն անվերջ հաստատուն պահել: Իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու դեպքում էլ շուկան ուղղակի կարող է «պայթել»: Վերջին երկու օրերի տվյալները, ըստ որոնց, ԿԲ-ն դրամի փոխարժեքը մեկ օրում նվազեցրել է 1,68 դրամով, վկայում են, որ շուկայում տարվում է դրամի վերահսկվող արժեզրկման քաղաքականություն: Իսկ մինչեւ ուր կիջնի դրամի արժեքը, պարզ կդառնա առաջիկա օրերին:
Արտարժույթի մեծ պահանջարկի պայմաններում, միեւնույն է, Հայաստանի ֆոնդային բորսայում արդեն երկու օր է՝ գործարքներ տեղի չեն ունենում, ինչը նույնպես ԿԲ-ի միջամտության արդյունքն է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՄԻԱՅՆ ՐԱՖՖԻՆ
Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաք-երթ, որի մասին դեռեւս նոյեմբերի 19-ին՝ եռյակի հանդիպումից հետո, հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կայանալիք հանրահավաք-երթին չի մասնակցելու: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Ըստ ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակի՝ հանրահավաք-երթին ներկա կլինեն ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները: Իսկ թե ինչու Գագիկ Ծառուկյանը հանրահավաք-երթին չի մասնակցելու, Տոնոյանը տեղյակ չէր: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է հանրահավաք-երթին: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս չի մասնակցի հանրահավաք-երթին: Նա այդ ավանդական երթին երբեւէ չի մասնակցել:
«ԽԱԲԱՐԲԶԻԿԸ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն ամեն ինչ անում է, որպեսզի իրենց գերատեսչությանը ենթակա բոլոր ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններն անձամբ զեկուցի նախարարին: Երեկ «Ժողովուրդ»-ը Խաչիկ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչու է բոլոր հարցերով շտապում նախարարին զեկուցել: «Պետական կառավարման մարմնում ընդամենը կատարվում են կանոնադրության շրջանակներում ամրագրված աշխատանքներ ու պարտականություններ: Այդ աշխատանքների տրամաբանության մեջ, բնականաբար, ինչ-որ տեղի է ունենում, պետք է ղեկավարն ամեն ինչից տեղյակ լինի, ես չեմ հասկանում, թե դուք ինչ նկատի ունեք, բայց զուտ տրամաբանորեն փորձելով մոտենալ ձեր հարցադրմանը՝ դա եմ պատասխանում»,- ասաց Հակոբյանը: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ նախարարությունում ինքը որեւէ աշխատակցի հետ որեւէ խնդիր չունի: «Աշխատանքային տարբեր միջադեպեր, բնականաբար, կարող են լինել, իսկ անձնական միանշանակ բացառվում է»,-վստահեցրեց բնապահպանության փոխնախարարը:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԷԺԱՆԱՆԱԼ
Անցած շաբաթվա վերջից միջազգային շուկայում նավթի մեկ բարելի գինը շարունակում է տատանվել 66-ից 67 դոլարի սահմաններում: Այսինքն՝ նավթի գների շաբաթական 3-4 դոլար անկումը շարունակվում է: Ամերիկյան մասնագետների կանխատեսումներով՝ նավթի ամենացածր գինը կարող է արձանագրվել եկող տարվա երկրորդ եռամսյակում, երբ բացառված չէ, որ մեկ բարել նավթի գինը կիջնի մինչեւ 40 դոլար: Ի դեպ, մինչեւ դեկտեմբերի 4-ը նավթի գների անկմանը զուգահեռ իջնում էր նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքը: Սակայն ՌԴ նախագահի՝ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձից հետո ռուբլու արժեզրկումը դանդաղեց: Անցած մեկ շաբաթվա ընթացքում ռուբլին, դոլարի համեմատ, արժեզրկվել է մեկ ռուբլու չափով:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՇՈԿԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
Խոսելով դրամի արժեզրկման պատճառների մասին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նախ նշեց ԱՄՆ տնտեսությունում նկատվող աճը, ինչի արդյունքում զարգացող երկրներից կապիտալը հոսեց դեպի ամերիկյան տնտեսություն, փոխարենը բազմաթիվ երկրներում գրանցվեց ազգային արժույթի անկում: Հաջորդ պատճառը Ռուսաստանի տնտեսական աճի ու ռուբլու կտրուկ անկումն էր, եւ նոյեմբերի վերջին Ռուսաստանում առաջացած խուճապը փոխանցվեց Հայաստան: «Ռուսաստանի խոշորագույն բանկերը, օրինակ, «Սբերբանկը», սկսեցին սահմանափակումներ մտցնել արտարժույթի ոչ միայն վաճառքի մասով, այլեւ իրենց հաճախորդների նույնիսկ դեպոզիտներ ստանալու մասով: Ասենք՝ «Ռայֆհայզենբանկը», «Սիթիբանկը» ընդհանրապես վերացրեցին արտարժույթի վաճառքն ու տրամադրումը: Այս ամեն ինչը բերեց նրան, որ… ամեն ինչը տեղափոխվեց նաեւ Հայաստան, Վրաստան եւ այլ շուկաներ»,- մասնավորեցրեց ԿԲ նախագահը՝ հայտնելով, որ ֆինանսական դաշտը շոկից դուրս է եկել. մնացել է լուծեն սպեկուլյանտների հարցերը:
ԷԼԻ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ
«Դեռ որոշված չէ՝ Հայաստանի եվ ԼՂ-ի միջեւ մաքսակետ կլինի, թե ոչ», – լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը։ «ԵՏՄ պայմանագրի վավերացումից հետո՝ 2015-ին, կհավաքվեն արտգործնախարարները, կառավարության ղեկավարները եւ կքննարկեն այդ հարցը», – հավելեց նա։ Տեղեկացնենք, որ հայ եւ ռուս պաշտոնյանները ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի շրջանակներում շփվում էին բացառապես ռուսերենով։ «Մենք չենք մոռացել, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է», – ասաց քննարկման մասնակիցներից ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը՝ պատճառաբանելով, թե ռուսերեն շփվեցին «ժամանակի սղության պատճառով»։ Պատգամավորներից միայն ՀՀԿ-ականներ էին ներկա:
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանում եւ արտասահմանում աշխատող 32 երիտասարդ գիտաշխատողներ բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին. «Մենք` ներքոստորագրյալներս, չհետապնդելով որեւէ քաղաքական, կուսակցական կամ անձնական շահ եւ առաջնորդվելով բացառապես այն խորը տագնապով, որն այսօր առկա է մեր գիտության եւ հայրենիքի ապագայի հանդեպ, կոչ ենք անում Ձեզ իրականացնել հստակ քայլեր մեր գիտության առկա վիճակի մեջ բեկում մտցնելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ Ձեր եւ մեր պատկերացումներում ապագա հզոր Հայաստանը չի կարող գոյություն ունենալ առանց գիտության, քանի որ` «այն պետությունը, որը չի զարգացնում գիտությունը, անխուսափելիորեն դառնում է գաղութ…»: Մեր պարտքն ենք համարում բարձրաձայնել Հայաստանյան գիտության առկա վիճակի մասին, որը շարունակում է մնալ թերֆինանսավորված եւ պատշաճ չգնահատված: Արտագաղթը շարունակվում է մինչ օրս` վտանգի տակ դնելով Հայաստանի գիտության ներկան եւ ապագան՝ այսպիսով վտանգելով նաեւ մեր ազգային անվտանգությունը»: