Սահմանադրական փոփոխությունների նպատակով Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հանձնաժողովի հրապարակած «Հայեցակարգի» ուշագրավ դրույթներից հերթականը վերաբերում է Հայաստանում պետական իշխանության թեւերի սահմանադրական լիազորությունների խնդրին: «Ներածության» բաժնում արձանագրված է, որ սահմանադրական փոփոխությունների հիմնավորումների շարքում առանցքային է իշխանության թեւերի միջեւ լիազորությունների շուրջ առաջացող վեճերի հաղթահարման համար անհրաժեշտ մեխանիզմների բացակայությունը: Փաստաթղթում նաեւ շեշտվում է սահմանադրաիրավական գործընթացների՝ բացառապես քաղաքականի վերաճելու անթույլատրելիությունը:
«Հայեցակարգը» հռչակում է, որ Հայաստանում պարզապես գոյություն չունի սահմանադրական լիազորությունների հարցով իշխանության մարմինների միջեւ առաջացած վեճերի լուծման հնարավորություն: Այսօրինակ ձեւակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ նման մեխանիզմի բացակայության մեղավորը գործող Սահմանադրությունն է, որն իշխանության տարբերի թեւերի միջեւ գոյություն ունեցող հակասությունները չի հաղթահարում: Հեղինակները, սակայն, իրավամբ արձանագրելով հանդերձ իշխանության մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների կապակցությամբ վեճերի լուծման մեխանիզմների թերի լինելու հանգամանքը, ոչ մի գործնական օրինակով չեն հիմնավորում իրենց այս պնդումը: Խնդիրն իրականում այն է, որ Սահմանադրության ընդունումից ի վեր Հայաստանում իշխանության թեւերի տիրապետած լիազորությունների բախում եղել է միայն մեկ անգամ՝ 1998թ., երբ նախագահը, զերծ մնալով սեփական լիազորությունների կիրառումից, տեղի է տվել ուժային կառույցների ղեկավարների պահանջին եւ հրաժարական ներկայացրել: Անկախ նրանից, թե ինչպես է որակվում այս իրադարձությունը՝ իշխանափոխություն, պալատական հեղաշրջում թե պարզապես ներիշխանական խժդժություն, միեւնույնն է՝ գործ ունենք իշխանության թեւերի լիազորությունների հարցով սահմանադրական վեճի կամ ճգնաժամի հետ: Հատկանշական է, որ նշյալ գործընթացը տեղի է ունեցել լիովին ծածուկ, եւ դրանում ներգրավված ոչ մի գործիչ մինչ օրս հրապարակային մանրամասն բացատրություն չի ներկայացրել:
1998թ. հետո Հայաստանում կատարված գործընթացները նմանօրինակ վեճեր չեն հարուցել միայն ու միայն այն պատճառով, որ նախագահը, կառավարությունն ու դրա ղեկավարը եւ Ազգային ժողովը գործել են միասնաբար: Ռոբերտ Քոչարյանի օրոք պետաիշխանական մարմինների լիազորությունների առճակատման բացառիկ դեպքը եղել է Արամ Սարգսյանի վարչապետության շրջանը, որը հեշտությամբ հաղթահարվել է հենց Քոչարյանի կողմից: Ուշագրավ է, որ վերջինս, ունենալով 1998թ. ճգնաժամի փորձը, թույլ չտվեց դրա կրկնությունն ու հաղթահարեց վարչապետի եւ ուժայինների հնարավոր ըմբոստությունը: Այդուհետ սահմանադրական լիազորությունների հարցով վեճեր ու դրանց հաղթահարման քայլեր տեղի չեն ունեցել եւ ոչ ամենեւին ներկայիս Սահմանադրության պատճառով: Քոչարյանի իշխանավարությունից սկսած՝ Ազգային ժողովը, կառավարությունը եւ նախագահը ոչ մի հարցում տարաձայնություն չեն ունեցել: Քոչարյանը հաջողեցրել էր ԱԺ-ում իր վերահսկողությունը հաստատել եւ թույլ չտալ որեւիցե անհնազանդություն: Նման գործելակերպը շարունակեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ ԱԺ-ում հաստատելով իր բացարձակ ենթակայության ներքո գտնվող երեսփոխանների մեծամասնությունը:
Թեպետ «Հայեցակարգի» հեղինակները պնդում են իշխանության թեւերի միջեւ լիազորությունների վեճերի լուծման անհրաժեշտության մեխանիզմի վրա, այսուհանդերձ, գոյություն ունեցող քաղաքական համակարգն ու իրականությունը դրա օգտին չեն խոսում: Խոսենք կոնկրետ օրինակով. վերջին անգամ գազի գնի բարձրացման կապակցությամբ բացահայտվեց, որ կառավարությունը 300 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք է կուտակել, ինչի համար վաճառեց նախկին «Հայռուսգազարդում» Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող մասնաբաժինը: Այդպես էլ ոչ մի բացատրություն չտրվեց, թե ինչպես է կուտակվել այդ պարտքը, եւ ով է մեղավոր դրա համար: Առաջնորդվելով ժողովրդավարական երկրներին բնորոշ տրամաբանությամբ՝ ԱԺ-ը պետք է հապճեպորեն մեխանիզմներ մշակեր եւ բացահայտեր, թե որքանո՞վ է օրինաչափ եղել կառավարության այսօրինակ վարքը: Իրականում, սակայն, ԱԺ-ի իշխանական պատգամավորներն անգամ կանոնակարգ-օրենքի խախտումներով քվեարկություն իրականացրեցին ու դակիչ մարմնի պես՝ առանց գործող Սահմանադրությամբ վերապահված հակակշռի սեփական մեխանիզմի իրականացման: Ավելին՝ այս ինչպե՞ս է այսօր հնարավոր իշխանության մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների վեճեր, երբ կառավարությունը, ԱԺ-ն, ամբողջ դատական եւ իրավապահ համակարգը գտնվում են Սերժ Սարգսյանից կախվածության մեջ:
Սահմանադրական փոփոխությունների հիմնական փաստաթղթում արձանագրված է, որ սահմանադրաիրավական գործընթացն առկա թերությունների պատճառով վերաճում է բացառապես քաղաքականի: Այս պնդումն ինքնին թույլ է տալիս ենթադրել, որ սահմանադրական ինչ-ինչ նորմերի առկայության պարագայում սահմանադրաիրավական գործընթացները քաղաքական օրինաչափությունների փոխարեն կկարգավորվեն իրավական նորմերով: Բավականին դյուրին է իշխանությունների կողմից իրավական համակարգի նպատակադիր նվաստացման ողջ մեղքը բարդել Սահմանադրության վրա եւ հաղթականորեն եզրակացնել, որ սահմանադրաիրավական գործընթացների իրավական գործառույթները չեն կիրառվում գործող Սահմանադրության պատճառով: Անդրադարձ կատարելով վերջին շրջանի քաղաքական իրադարձություններին՝ վերհիշենք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո նոր վարչապետի նշանակման համար գործող Սահմանադրությունը սահմանում էր տասնօրյա ժամկետ: Սերժ Սարգսյանի կողմից այս դրույթը խախտվեց, եւ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վերոնշյալ սահմանափակումից երկու օր անց: Ակնհայտորեն քաղաքական ղեկավարությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց Սահմանադրության համապատասխան պահանջին եւ առաջնորդվեց անձնական շահերով: Արդյունքում հերթական անգամ խախտվեց ՀՀ Սահմանադրությունը: Արդ, եթե Սերժ Սարգսյանը խախտում է արդեն իսկ գոյություն ունեցող Սահմանադրությունը, ապա հազիվ թե այս «Հայեցակարգի» հեղինակներին հաջողվի ստիպելու նրան հարգել նորի դրույթները:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼԱՐՎԱԾ ՊԱՅՔԱՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ
ՀՀ Արմավիրի մարզի Դաշտ համայնքում մի քանի օրից՝ դեկտեմբերի 14-ին, տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախընտրական քարոզարշավն անցնում է լարված մթնոլորտում: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հրանտ Պետրոսյանը եւ անկուսակցական Ժորա Երանյանը:
Վերջինս արդեն վեցերորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը: «Ժողովուրդ»-ը այս հարցերի շուրջ զրուցեց Դաշտի գյուղապետ Հրանտ Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, Դուք ՀՀԿ-ական եք, իսկ Ձեր մրցակի՞ցը:
-Նա ամենասկզբում ՕԵԿ-ական էր, հրաժարվեց, հետո փորձեց մտնել ՀՀԿ, բայց այնտեղ չընդունեցին, այնուհետեւ ՀԱԿ գնաց ու կրկին դուրս եկավ: Նրա մոտ ամեն ինչ ստացվում է: Ինքը վեցերորդ անգամ է առաջադրվում, բայց ընդամենը մեկ անգամ է հաջողվել ընտրվել, այն էլ՝ սխալմամբ: Իհարկե, հետո այդ սխալն արագ ուղղվեց:
-Լարվա՞ծ են Ձեր հարաբերությունները:
-Ես տարիներ առաջ իր փոխարեն ընկա դատական քաշքշուկների մեջ: Իմ գյուղապետ ընտրվելուց հետո դեմոկրատիա դրվեց գյուղում: Ես տանել չեմ կարողանում գողերին, ավազակներին, տոկոսով փող տվողներին:
-Ի՞նչ պատճառով եք ընկել դատական քաշքշուկների մեջ:
-Ես իմ ընտանիքով հող էի մշակում, ու օրվա պիկ ժամին ինքն իր հարազատներով եկավ, հարձակվեց. իմ վարած, ցանած հողը տրակտորով խառնեցին, թափեցին, թուրքն է միայն նման քայլի ընդունակ: Այն ժամանակ նա էր գյուղապետը:
-Ի՞նչն էր պատճառը:
-Ես այդ ժամանակաշրջանում գյուղացիների հետ զրույցի ժամանակ ասել էի, որ գյուղապետի ընտրություններին առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Ինքն էլ եկել էր, որ «վախս բռներ»: Բայց դատավորը հասկացավ, թե ով ով է: Այս ընտրություններից հետո պատասխանը կտեսնեք: Ես իր ամեն վատ արարքին պատասխան չեմ տվել:
-Իսկ ինչպե՞ս է նա համոզում համագյուղացիներին:
-Ինքը գյուղացիներին համոզում է, որ այն վատ արարքները, որոնք մինչ այս արել է, այլեւս չի անի: Համոզում է, որ փոխվել է: Բայց դժվարությամբ եմ հավատում. մաշկի՞ գույնն է փոխել: Տոկոսով փող տվողն ինչերի կարող է ընդունակ լինել կամ բանջար-բոստան գողացողը, ում անընդհատ բռնում, ծեծում են: Ուղղակի ինքը լեզու ունի, աշխարհը չունի: Ես չեմ ուզում իր հասցեին վատ բաներ ասել, եկեք գյուղ, մարդկանց հետ խոսեք: Նա առեւտրական է եւ կաղամբի վաճառքով է զբաղվում:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք համոզում գյուղացիներին, որ Ձեզ ընտրեն:
-11 տարի աշխատել եմ այս գյուղում, ինչ դրական բան տեսնում եք, ես եմ ստեղծել:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց մյուս թեկնածուի հետ կապ հաստատել, սակայն չհաջողվեց:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԳՈՒՄԱՐՆԵՐ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Վերջերս մամուլում արձագանք գտած ապօրինի ծառահատումների եւ բնապահպանական վնասների հետ կապված փորձեցինք անդրադարձ կատարել:
Կոտայքի մարզում վերջին խոշոր ծառահատումը տեղի ունեցավ մոտ 2 ամիս առաջ: Հատվել էին մոտ 100-150 տարվա տանձենիներ եւ հացենիներ: Ծառերը հատվել էին Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» հարող անտառից: Սակայն Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հատված ծառերի տարածքը գտնվում է Հրազդանի վարչական տարածքի մեջ: «Եթե մեկ ծառ կտրվում է, ապա փոխարենը գոնե 10-ը ծառ պետք է տնկվի»-նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ նախ պետք է հասկանալ՝ ինչի համար եւ ինչ նպատակով են արվում ծառահատումներ: Քաղաքապետն արդարացրեց դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ծաղկաձորում արված 400 հա ծառահատումը, քանի որ տարածքում կառուցվեց գլխավոր մարզահամալիրը, իսկ աննպատակ ծառահատումները, ըստ քաղաքապետի, իհարկե, անընդունելի են: «Ծաղկաձորն անտառապատ է: Իմ օրոք բացառվում են աննպատակ ծառահատումները»-ավելացրեց նա:
Քաղաքապետի հետ զրուցեցինք նաեւ մարզում առկա բնապահպանական խնդիրների մասին: «Շատ հանքարդյունաբերող ընկերություններ կան այսօր, որոնք համապատասխան լիցենզիաներ են ձեռք բերել, սակայն դեռ չեն կարողանում շահագործել: Դա նշանակում է, որ հենց կառավարությունն է դեմ տուրիզմի կենտրոններում հանքարդյունաբերության զարգացմանը: Կոտայքի մարզի գեղատեսիլ վայրերը՝ Ծաղկաձորը, Հանքավանն ու Աղվերանը, կարծում եմ, հաստատ չարժե փչացնել: Եւ, ի վերջո, պետությունը տնտեսապես կշահի՝ զարկ տալով տուրիզմը, քան արդյունաբերությունը»-նշեց նա: Մեր հարցին, թե վերջին տարիներին կառավարության կողմից բնապահպանական նպատակով որքան գումար է հատկացվել Ծաղկաձոր համայնքին, քաղաքապետը պատասխանեց.«Բնապահպանական գումար չենք ստացել: 2013 թվականի համար նախատեսվել էր քաղաքին հատկացնել 1մլն. 100 հազար դրամ, սակայն մի փոքր խնդիրներ եղան. մենք փորձեցինք ավելին ստանալ բնապահպանության նախարարությունից, քանի որ, ինչպես գիտեք, Հրազդանում գործող ցեմենտի գործարանը եւ ՋԷԿ-ը, գտնվելով Ծաղկաձորից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, քաղաքի օդն աղտոտում են: Այս առումով կարծում եմ, որ Ծաղկաձոր եւ Հրազդան քաղաքները պետք է համապատասխանաբար փոխհատուցվեն»:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կոտայք