Մինչ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հայտարարել, որ այս տարի կարտոֆիլի արտադրությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է, այս ընթացքում «Հայաստանի ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը հակառակն է պնդում: Վերջինիս խոսքով՝ այս տարի Շիրակի մարզում ոռոգման ջուր չունենալու հետեւանքով մարդիկ չկարողացան կարտոֆիլ մշակել, ինչն էլ իր բացասական հետեւանքն ունեցավ հանրապետության կարտոֆիլի արտադրության ցուցանիշի վրա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2013 թվականին Հայաստանում կատարվել է կարտոֆիլի 30 հազար 680 հեկտարի ցանքս, իսկ 2014 թվականին` 31.549 հա: Նույն պետական կառույցի տվյալներով՝ այս տարի հանրապետությունում արտադրվել է 691 հազար տոննա կարտոֆիլ, իսկ նախորդ տարի՝ 660 հազար 500 տոննա: Սակայն «Հայաստանի ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը լսելով այս թիվը՝ զարմացավ: Մասնագետի տվյալներով՝ այս տարի կարտոֆիլի արտադրությունը նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով նվազել է:
«Քանակի առումով նախորդ տարվա տվյալները չունենք: Այս տարի քիչ է կարտոֆիլը: Քանի որ Շիրակի մարզի կարտոֆիլի մշակությամբ զբաղվող բնակիչները ոռոգման համակարգի պատճառով խնդրի առաջ կանգնեցին: Այս մարզում ձախողվեց կարտոֆիլի ոռոգումը: Ինչի արդյունքում Շիրակի մարզում արձանագրված կարտոֆիլի ցածր բերքատվությունն ընդհանուր իր բացասական ազդեցությունը թողեց նաեւ հանրապետության ցուցանիշի վրա»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Բերբերյանը դրական քայլ է համարում այն, որ Հայաստանի գործադիր մարմինը որոշեց ջրային տնտեսության կոմիտեն միացնել գյուղատնտեսության նախարարությանը: «Իհարկե, միայն կադրային փոփոխություններից հետո հնարավոր է՝ խնդիրը լուծվի: Հուսով ենք, որ հաջորդ տարի մեր ֆերմերները ջրի խնդիր չեն ունենա»,- հավելեց Հ. Բերբերյանը:
Բացի այն, որ Շիրակի մարզի բնակիչները ջուր չունենալու պատճառով քիչ քանակությամբ կարտոֆիլ են հավաքել, մյուս մարզերում էլ գործին վնասել են նաեւ ՀԷԿ-երը: «Հայաստանի որոշ մարզերում էլ ՀԷԿ-երը գյուղատնտեսության ոռոգման ջրի հաշվին էլեկտրաէներգիա են արտադրում, այս պատճառով հողատարածքները մշակելու համար ջուր չի լինում: Եւ այս խնդիրը լուծելու փոխարեն, ոլորտի պատասխանատուները բավարարվում են միայն հայտարարելով, որ այս երկու տարիները սակավաջուր են: Միաժամանակ ոչինչ չեն ձեռնարկում»,-մտահոգվեց գյուղատնտեսը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ այս տարեսկզբից մինչ օրս Հայաստանից արտահանվել է մոտ 21 հազար 100 տոննա կարտոֆիլ, իսկ նախորդ տարի նոյեմբերի տվյալներով կազմել է մոտ 11 հազար 700 տոննա: Կարտոֆիլի արտահանման թեմային անդրադառնալիս Բերբերյանը մի ուշագրավ հայտարարություն արեց:
Ըստ որի՝ այս տարվա արտահանված 20 հազար 600 տոննա կարտոֆիլը եղել է 2013 թվականի բերքը: Հրաչ Բերբերյանի հաշվարկներով՝ նախորդ տարվա կարտոֆիլից մոտ 20 հազար տոննա արտահանվել է 2013-ի աշնանը, իսկ մոտ 20 հազար տոննա՝ այս տարվա գարնանը:
Մինչդեռ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները մեծ շուքով ասուլիս են կազմակերպում եւ հայտարարում, թե այս տարի մենք մեծ քանակությամբ կարտոֆիլ ենք արտադրել ու արտահանել, քան նախորդ տարի:
Նրա համոզմամբ, թեեւ այս տարվա կարտոֆիլն արտահանվում է, սակայն դրա ծավալները նախորդ տարվա համեմատ զգալի նվազել են: Բերբերյանը միաժամանակ նշեց, որ այս տարվա կարտոֆիլից այս տարի արտահանվել է մոտ 3.5-4 հազար տոննա: Եւ սա դեռ գործընթացի մեջ է:
Տեղեկացնենք, որ 2013-ին ՀՀ-ից կարտոֆիլ է արտահանվել դեպի Իրաք, Թուրքմենստան, Ուկրաինա, ՌԴ, Վրաստան: 2014-ին կարտոֆիլ է արտահանվել Իրաք, Ռուսաստանի Դաշնություն, Սիրիա, Վրաստան: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ հայկական կարտոֆիլ արտահանվում է միայն Վրաստանի Հանրապետություն, որովհետեւ այնտեղ ավելի արագ է սպառվում: Բայց ֆերմերները կարող են կարտոֆիլ արտահանել նաեւ Իրանի Հանրապետություն:
Բացի այն, որ այս տարի կարտոֆիլ քիչ կա նախորդ տարվա համեմատ, գնաճի պատճառով էլ ներքին շուկայում էլ գինն է սկսել բարձրանալ: ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ կարտոֆիլի շուկայում այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 16 տոկոս գնաճ: Մասնագետների պնդմամբ՝ կարտոֆիլի թանկացումն ուղիղ կապված է արտահանման ծավալների մեծացման հետ: Մինչդեռ նախորդ տարվա նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառվել է 80-100 դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմում է 200-250 դրամ:
Սակայն «Հայաստանի ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ կարտոֆիլի շուկայում Ամանորից առաջ թանկացումներ չեն լինի: «Մոտ օրերս կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում մենք կոչ արեցինք նրանց զերծ մնալ անհիմն թանկացումներից: Ավելին՝ նշեմ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կարտոֆիլի գները 10 տոկոսով նվազել են»,-լրացրեց Բերբերյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԴԻԴԱՍԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ
Adidas հայտնի բրենդն այժմ մեծ մասսայականություն է վայելում մարզիկների շրջանում: Բրենդի պատմությունը սկսվել է դեռեւս 1920-ին:
Դասլեր ընտանիքը որոշել է կոշիկի արտադրության բիզնես սկսել: Նրանց առաջին արտադրանքը նախատեսված էր հեռացատկորդների պարապմունքների համար: Նորաբաց ընկերությունը կոչվում էր հենց «Դասլեր»:
1920-ին հիմնադրված ընկերության ղեկավարումը ստանձնել էին Ադին եւ Քրիստոֆ Դասլերը (հայրը): 1924թ. նրանց է միանում նաեւ Ռուդին: Երկու եղբայրները հրաշալի փոխլրացնում էին միմյանց: Ադին իսկական գյուտարար էր իր ոլորտում, իսկ Ռուդին հանճար էր կապերի, մարկետինգի եւ վաճառքի ոլորտում:
1925-ին նրանց բիզնեսը սկսեց կտրուկ աճել: Ադին` որպես ֆուտբոլասեր, ստեղծեց առաջին ֆուտբոլային մարզակոշիկը: Տակի մասում դրանք երկաթյա մատիկներ ունեին, եւ այդպես ծնվեցին ֆուտբոլային այժմյան մարզակոշիկները: 1927-ին «Դասլեր» ընկերությունը գնեց լքված հսկայական մի ֆաբրիկա. կոշիկի արտադրությունն օրական հասավ 100 զույգի, իսկ աշխատողների քանակը՝ 25-ի: Հաջորդ օլիմպիական խաղերին՝ 1932թ., Լոս Անջելեսում գերմանացի Արտուր Յոնատը 100 մետր մրցավազքում գրավեց 3-րդ տեղը: Այդ ժամանակ նա կրում էր «Դասլեր» մարզակոշիկները:
Եվ չնայած հաջողություններին՝ եղբայրների միջեւ տարաձայնություններ էին սկսել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկուսն էլ նացիստական կուսակցության անդամ դարձան: Պատերազմի ավարտից հետո նրանց միջեւ կապը վերջնականորեն խզվեց: Ռուդին մեկնեց ճակատ այն ժամանակ, երբ Ադին հրամանատարության պատվերով զինվորական կոշիկներ էր կարում նացիստական Գերմանիայի համար: Գերմանիայի պարտությունից հետո եղբայրները գրեթե զրոյից սկսեցին իրենց բիզնեսը: Իսկ 1948-ի գարնանը` հոր մահից հետո, նրանք վերջնականորեն որոշեցին կիսել բիզնեսը, առանձնացան ու պայմանավորվեցին, որ երկու բիզնեսներից ոչ մեկն էլ ընտանիքի անվամբ չեն կոչելու: Ադին իր բիզնեսն անվանեց Ադիդաս (Ադի + Դասլեր), իսկ Ռուդին՝ Պումա:
Այսօր «Ադիդասն» աշխարհին ներկայանում է արտադրանքի լայն տեսականիով` տարբեր մարզակոշիկներ, սպորտային հագուստ, կոշիկներ զբոսաշրջիկների համար:
Ադի Դասլերը մինչեւ իր կյանքի վերջն անձամբ ղեկավարել է «Ադիդասը»: Կյանքի վերջում նա ասել է, որ «Ադիդասն» իր համար ոչ թե նպատակ է եղել, այլ միջոց: «Իմ կյանքի միակ կարեւոր գործը սպորտն է եղել»,- խոստովանել է Ադին: Նա մահացել է 1978թ. սրտի կաթվածից` իր 5 երեխաներին թողնելով ծաղկող ընկերությունը: Այժմ աշխարհահռչակ այս երկու բրենդներն իրար հետ կատաղի մրցակցության մեջ են, իսկ ամեն ինչ սկսվեց մի ընտանիքից, որը պարզապես ուզում էր ինչ-որ գործ ձեռնարկել: