ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ armlur.am-ի
Երեկ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Մեա Կուլպա» («Իմ մեղքը») ներկայացումն էր: Քաղաքացին armlur.am-ին տեղեկացրել է, որ վճարել է ամենաթանկ գինը՝ առաջին կարգի տոմս ձեռք բերելու համար, սակայն գնալով ներկայացման՝ անակնկալի է եկել՝ տեսնելով, որ իրենց առջեւ եւս մեկ շարք աթոռներ են դրված: Ստացվում է, որ առաջին կարգի տոմս գնած այցելուները հայտնվել են երկրորդ կարգում: Այսինքն՝ առաջին կարգի տոմս ձեռք բերելը բավարար նախապայման չէ՝ ներկայացումն առաջին շարքից դիտելու համար, իսկ հրավիրատոմսով հանդիսատեսները, չգիտես ինչու, արտոնյալ կարգավիճակում են հայտնվում:
ՀԱՐՑ. Ըստ շրջանառվող լուրերի՝ կենսաթոշակները 14%-ով պետք է բարձրանան, ինչպես նաեւ ամեն տարվա աշխատանքային ստաժի համար սահմանված գումարը հուլիսի 1-ից 450 դրամի փոխարեն 500 դրամ է դառնալու: Կցանկանայի տեղեկանալ՝ իրականում որքանո՞վ է բարձրանալու կենսաթոշակը, եւ արդյոք կա՞ նման բան:
Ղուկաս Բուսալյան (76 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հիմնական կենuաթոշակի չափը եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը uահմանում է ՀՀ Կառավարությունը:
ՀՀ Կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1488-Ն որոշմամբ՝ 2014 թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 14.000 դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է` առաջին տասը տարվա համար՝ 700 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 450 դրամ:
Հայտնում եմ, որ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ շարունակական ծրագրեր իրականացնելը ՀՀ Կառավարության` սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտի ծրագրային դրույթներից մեկն է: Այս խնդրի լուծման նպատակով աշխատանքային կենսաթոշակների մասով առաջիկա տարիներին ձեռնարկվելիք միջոցառումներն ամրագրված են ՀՀ 2015-2017թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով, որով, մասնավորապես, նախատեսված է հիմնական կենսաթոշակի եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի ավելացում նշված տարիների համար: Ընդ որում, ՀՀ 2015 թ. պետական բյուջեն արդեն իսկ կազմվել է այս մոտեցմամբ:
Վերը նշված օրենսդրական փոփոխության արդյունքում հիմնական կենսաթոշակի չափը նախկին 14.000 դրամի փոխարեն կկազմի 16.000 դրամ, իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար 700 դրամի փոխարեն կկազմի 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 450 դրամի փոխարեն 500 դրամ:
Այսպիսով՝ 2015 թ. միջին աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա մոտ 14%-ով, որը կկազմի մոտ 41.000 դրամ` 2014 թ. 36.000 դրամի դիմաց: Աշխատանքային ստաժից կախված` կենսաթոշակները կփոխվեն տարբեր չափերով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ 2015 թ. միջին աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա գրեթե 14%-ով, որը կկազմի մոտ 41.000 դրամ` 2014 թ. 36.000 դրամի դիմաց: Հետաքրքիր է՝ ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացիներին 5.000 դրամը գնաճի այսպիսի սուղ պայմաններում:
ՀԱՐՑ. Ցանկանում եմ ՌԴ մեկնել՝ աշխատելու նպատակով: Կցանկանայի տեղեկանալ՝ հին անձնագրով կարո՞ղ եմ ՌԴ մուտք գործել, թե՞ նոր՝ «պլաստիկ» հայկական անձնագիր կամ, ինչպես ասում են՝ նույնականացման քարտ պետք է ունենամ:
Գեղամ Արսենյան (35 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացու հարցման՝ տեղեկացնում ենք, որ ներկայիս վավեր անձնագրերով (ոչ բիոմետրիկ) կարող են մուտք գործել ՌԴ: Ինչ վերաբերում է նույնականացման քարտերին, ապա դրանք Հայաստանի տարածքում օգտագործման համար են, եւ միջազգային ճամփորդական փաստաթուղթ չեն հանդիսանում:
Միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2012-ի սեպտեմբերին գործադիրը հաստատեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու որոշումը, ըստ որի՝ գործարարները պարտադիր պետք է հաշվետվությունը ներկայացնեն էլեկտրոնային ստորագրությամբ, սակայն էլեկտրոնային ստորագրությունը վերջիններիս տրվում է միայն նույնականացման քարտի առկայությամբ: 3.000 դրամանոց պլաստիկ քարտը դարձել է հայկական անձնագիրը՝ ներքին օգտագործման համար: Իսկ ճամփորդության համար հայկական ավանդական կապույտ անձնագիր է անհրաժեշտ ունենալ, որն ավելի թանկ արժի՝ 25 հազար դրամ: