Հանրային վայրերում մի՛ խոսեք բարձրաձայն, հասարակական տրանսպորտում մի՛ թափահարեք ձեռքերը և մի՛ հրմշտեք: Սրանք միայն օգտակար խորհուրդների մի մասն են, որոնք ռուսական ուղղափառ եկեղեցին տալիս է օտարերկրյա ներգաղթյալներին:
Այս խորհուրդները ներառված են այն ձեռնարկում, որը եկեղեցին մշակել է, որպեսզի օգնի մեծ մասամբ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի նախկին խորհրդային երկրներից ներգաղթյալներին` անցնելու ռուսաց լեզու, պատմություն ու ՌԴ օրենսդրության հիմունքներ առարկաներից քննությունները: Այս քննությունները մտցվել են օրենքով, որն ուժի մեջ կմտնի 2015 թ հունվարի 1-ից:
Ինչպես գրում է ռուսական «Известия»-ն, «Ռուսաց լեզու, պատմություն ու ՌԴ օրենսդրության հիմունքներ» անվամբ գիրքն իր մեջ նաև նյութեր է պարունակում , թե «ինչպես պետք է ներգաղթյալներն իրենց պահեն հասարակական վայրերում ու լուծեն տարաձայնությունները տեղացիների հետ»:
Հասարակական տրանսպորտում «գլխավոր կանոներն են` չխոսել բարձրաձայն, ձեռքերը չթափահարել ու չհրմշտել», նկարագրում է գիրքի բովանդակությունը «Известия»-ն:
Կոնֆլիկտային իրավիճակի դեպքում ներգաղթյալներին խորհուրդ է տրվում «չսպառնալ ու ուժ չկիրառել», այլ «փորձել հակամարտությունը հանգիստ, երկխոսության միջոցով լուծել, հակառակ դեպքում մարդիկ ձեզ որպես թշնամու կնայեն, որի հետ անհրաժեշտ է ոչ թե խոսել, այլ նրա դեմ պայքարել»:
Ձեռնարկում նաև ներգաղթյալներին զգուշացնում են, որ անհրաժեշտ է ասպետին վայել կերպով վերաբերվել կանանց. «Ռուսաստանում շատ են դժբախտ ընտանիքները, միայնակ կանայք, քանի որ շատ տղամարդիկ վաղ տարիքում են մահանում, զոհվում են պատերազմներում: Սակայն ռուս կանայք իրենց բարձր են գնահատում ու հարգանք են պահանջում: Եթե նրանց ինչ-որ մեկը նեղացնի, ապա բարեկամ տղամարդիկ ու պետությունը նրանց կպաշտպանի»:
Ձեռնարկի խմբագիրն է դարձել ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Վսեվոլոդ Չապլինը:
Վերջինս հրատարակչությանն ասել է, որ ձեռնարկն անհրաժեշտ է, քանզի «կարևոր է, որպեսզի օտարերկարացիները կարողանան հասկանալ ռուսներին»: Բացի վարքագծին վերաբերվող խորհուրդներից ձեռնարկում նաև խորհուրդ է տրվում ներգաղթյալներին ուտել «մսով, կաթնաշոռով, մուրաբայով, խավիարով և ձկով նրբաբլիթներ»:
Ձեռնարկի առաջին 1700 օրինակներն արդեն հանձնվել են ներգաղթյալների հետ աշխատող հասարակական կազմակերպություններին ու վերոնշյալ առարկաներից քննությունները նախապատրաստող կենտրոններին:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք էր ստորագրել, համաձայն որի` աշխատանքային ներգաղթյալները, բացառությամբ բարձր որակում ունեցող մասնագետների, պարտավոր կլինեն հանձնել ռուսաց լեզու, ՌԴ պատմություն ու ՌԴ օրենսդրության հիմունքներ առարկաներից քննություններ Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու թույլտվություն ստանալու համար:
ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների համաձայն` 2013 թ Ռուսաստան են մուտք գործել շուրջ 12,4 միլիոն աշխատանքային ներգաղթյալներ: