Այսօր՝ դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանում Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր եւ Սարիգյուղ համայնքներում: Լուսաձորում համայնքապետի թեկնածուն մեկն է՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արայիկ Սարհատյանը :
Սահմանամերձ Սարիգյուղում համայնքի ղեկավարի 3 թեկնածու կա՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Կոմիտաս Էլլարյանը, ՀՀԿ անդամ Գագիկ Մադաթյանը եւ անկուսակցական Սեյրան Սարիբեկյանը: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից(տեղակայման վայրը՝ ք. Նոյեմբերյան) տեղեկացա, որ Լուսաձորի ցուցակային 286 ընտրողներից ժամը 12-ի դրությամբ քվեարկել է 18-ը, Սարիգյուղի 984 ընտրողից՝ 200-ը: Սարիգյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն է գյուղապետի տեղակալ Սուրիկ Ոսկանյանը:
Սարիգյուղի ընտրողներից մեկն այսօր, առանց ներկայանալու, զանգահարել է թիվ 40 ԸԸՀ եւ հարցրել, թե ինչու է տեղամասային ընտրական հանձնաժողովը բաղկացած 8 անդամից, որեւէ հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքում «կողմ» եւ «դեմ» ձայների հավասար լինելու դեպքում ինչպե՞ս է որոշվելու հարցը: ԸԸՀ-ից պարզաբանել են, որ նման դեպքում, ըստ ընտրական օրենքի, հարցը լուծվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմամբ:
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի թվով 35 համայնքներում, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի և 9-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Ոսկան Սարգսյան