ԾԵԾԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը երեկ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ավելացրել է Լեւոն Երանոսյանը: Նշենք, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի ամենամերձավոր անձանցից մեկը: Այն եզակիներից է, որ հաճախ է հյուրընկալվում Սարգսյանին եւ հնարավորություն ունի ուղիղ զանգահարելու երկրի ղեկավարին, երբ ցանկանա: Եւ, ահա, այս պաշտոնյան երկու ըմբոստ հրամանատարներին հրավիրել է «Գետափ»՝ հաց ուտելու, այդ ընթացքում նրանց փորձել է համոզել քաղաքական գործընթացներին չխառնվել: Երբ չի ստացվել, զգուշացրել է, թե ակտիվ մի՛ եղեք: «Լավ կլինի երկրից հեռանաք, թե չէ կարող է կրակենք»,- կատակել է գեներալ Երանոսյանը: Հրամանատարները դուրս են եկել պանդոկից եւ փողոցում հարձակման ենթարկվել: Սա արդեն ուղղակի «բեսպրեդել» է, սադրանք, որն արդարացում չի կարող ունենալ. ազատամարտիկներին դրդում են կոշտ գործողությունների, որ բանտարկե՞ն:

 

 

 

 

Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին: Ոչ մի խոսք այն մասին, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ում կողմից է եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է հանձնարարել երկու ղեկավարներին խոսել միմյանց հետ եւ պարզել, թե Ղազախստանը երբ է պատրաստվում վավերացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, ինչպես նաեւ՝ պայմանավորվել Սարգսյան-Նազարբաեւ հանդիպման մասին: Ի դեպ, այդ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ այդ այն պետք է վավերացնեն Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Ռուսաստանի խորհրդարանը երեկ վավերացրեց այն:

 

 

 

 

«Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը, որը թերեւս միայն փաստաթղթերով գոյություն ունի, պարզվում է՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին 240 հազար դրամ է պարտք եւ այնքան ժամանակ չի վճարել, որ գործը հասել է դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս տարվա հոկտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀԺԱՄ կուսակցությունից բռնագանձել նշված 240 հազար դրամ գումարը: Հիշեցնենք, որ ՀԺԱՄ-ի նախագահը նախկին ԱԺՄ-ական Սեյրան Ավագանն էր, որն ընդդիմադիր հայացքներից հրաժարվելուց հետո տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2001-ից ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է: Նրան ՀԺԱՄ-ում փոխարինեց այսօրվա ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Իսկ ՀԺԱՄ-ի փաստացի հովանավորը Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանն էր՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատերը:

 

 

 

 

ՀՀ գերատեսչությունները շարունակում են Ամանորի համար բացիկներ գնել` այդ նպատակով պետբյուջեից ծախսելով հարյուր-հազարավոր դրամներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետարանն այդ նպատակով ծախսել է 575 հազար դրամ: Մարզպետարանը «Կոոպ «Էլեկտրիկ» Ս.Գրիգորյան» անվանումով կազմակերպությունից գնել է 145 հատ 2 հազար 500 դրամ եւ 60 հատ 2 հազար դրամ արժողությամբ բացիկներ, 41 հատ 800 դրամ եւ 30 հատ էլ 2 հազար դրամ արժողությամբ նոթատետրեր: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իր հերթին «Գրաֆիկա-Ա» ՍՊԸ-ից գնել է 800 հատ ամանորյա բացիկ` այդ նպատակով ծախսելով 480 հազար դրամ, հատը՝ 600 դրամ: Այսինքն՝ ակնհայտ է, որ բացիկների հարցում էլ գերատեսչությունները մեկը մյուսի հետ մրցակցում են, թե ով ավելի ճոխ բացիկ կգնի: Բայց ողջ խնդիրն այն է, որ նրանց «մրցակցությունը» կյանքի է կոչվում պետբյուջեի հաշվին, այսինքն՝ հարկատուների գումարները վատնելու ձեւով:

 

 

 

 
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

Ինչպես տեղեկացրել էինք՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված, նախկինում ընդդիմության համար ավանդական դարձած, իսկ այսօր արդեն ոչ իշխանական եռյակի կազմակերպած երթը կայացավ առանց հիմնական առաջնորդների. Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը ներկա չէին երթին: Չէ՞ին կարեւորում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը՝ հատկապես հրամանատարներին ծեծի ենթարկելու զազրելի արարքի պայմաններում, թե՞ այլեւս հասարակական նման միջոցառումներ անցկացնելու ժամանակ չունեն, դժվար է ասել, բայց որ երթն անցավ նախկին էնտուզիազմի ու կազմակերպչական դրսեւորումների բացակայության պայմաններում, փաստ է:
Երեկվա հրապարակային այդ միջոցառումը լավագույնս ցույց տվեց, որ 2013 թվականի ապրիլին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված ծրագիր-ցանկությունը՝ «լավագույն հեղափոխությունը Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կլիներ», թերեւս արդարացված չէ: Ինչո՞ւ Հայաստանում (գոնե այսօրվա դրությամբ կամ տեսանելի ապագայում) չի կայանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը: Բացատրությունը թերեւս մեկն է՝ բուրժուաները դեռ չեն ցանկանում գնալ դեմոկրատների նախանշած ճանապարհով: Իսկ թե ինչու չեն ցանկանում, դա բազում բացատրություններ կարող է ունենալ՝ սկսած ժամանակի սխալ հաշվարկից, վերջացրած պարտվելու անցանկալի հեռանկարով:
Այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ ունենք քաղաքական ոգեւորություն, պաթոս, որը թելադրվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից, եւ գործողություններ ու ռեսուրսներ, որոնք ԲՀԿ-ի վերահսկողության տակ են: Առայժմ փողն ու ռեսուրսները չեն գնում «պաթոսի» հետեւից: Դրա համար երկվա երթը, թեեւ ուղեկցվում էր «Սերժիկ, հեռացի՛ր» վանկարկումներով, այնուամենայնիվ, ազդեցիկ չէր: Խոսքերն այլեւս ոչինչ են հայրենի քաղաքական դաշտում, եթե դրան չեն հետեւում կոնկրետ գործողություններ: Իսկ գործողությունները կարծես թե անորոշ ժամանակով կամ գուցե մինչեւ մյուս տարվա երկրորդ-երրորդ ամիսը հետաձգվել են: Եւ հիմա որքան էլ փորձեն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պաթոսով «կերակրել» հասարակությանը, չի ստացվելու: Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն արել է այն՝ հավաքելով կես միլիոնից ավել ձայներ: Բայց հիմա նույնիսկ նա չի կարողանում մարդաշատ ակցիաներ իրականացնել: Խոսքերն ու դատարկ ոգեւորություններն ազդեցիկ չեն. այլ մեթոդներ են անհրաժեշտ որոնել, գտնել՝ գոնե տրամադրությունները «տաք պահելու» համար:




Լրահոս