ԳԵՆԵՐԱԼԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԿԱՆՋՆԵՐ ԿՏՐԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այն տեղեկությունները, որ իր հրահանգով են նախօրեին «Արաբո» եւ «Ապարան» ջոկատների հրամանատարներին ծեծի ենթարկել:

-Պարո՛ն Երանոսյան, մեր տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ծեծի ենթարկված ազատամարտիկներ՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը Ձեր անմիջական հրահանգով են ծեծի ենթարկվել: Դուք նրանց հրավիրել եք ճաշի, որի ժամանակ շատ «թեժ» զրույց եք ունեցել նրանց հետ՝ վերջնագիր ներկայացնելով, թե դուրս եկեք քաղաքականությունից կամ երկրից: Ու երբ Ձեր օգնականը նրանց ճանապարհել է, արդեն փողոցում հրամանատարներին ծեծի են ենթարկել:
-Եթե ասում են, որ ազատամարտիկներին ծեծի են ենթարկել, մի հատ հարցրեք ազատամարտիկներին, ես այդտեղ ի՞նչ… Ռազմիկ Պետրոսյանին խոսեցրեք, նա իմ ընկերն է, ի՞նչ է եղել, իրեն հարց տվեք:
-Բայց Դուք եք ազատամարտիկների հետ «հաց կիսել», Ձեզ հետ հանդիպումից հետո են նրանց ծեծել. ինչո՞ւ Դուք չեք ասում, թե ինչ է տեղի ունեցել ազատամարտիկների հետ:
-Իսկ լինում է, որ Դուք մի օր հաց չուտեք, ուտում ենք, մարդ ենք, ի՞նչ է հիմա եղել, հացն ինչ կապ ունի, մարդ ենք, պետք է հաց ուտենք:
-Հաց ուտում ենք, բայց ազատամարտիկների ծեծի օրը նրանք Ձեզ հետ են ճաշել, որից հետո դուրս են եկել ռեստորանից, ու մի խումբ մարդիկ նրանց ծեծել են: Նշվում է, որ ծեծողները Ձեր «տղաներն» են եղել. Դուք եք նրանց այդպես դիմել:
-Ես ազատամարտիկ եմ ու բոլոր ազատամարտիկների հետ էլ ամեն օր էլ հանդիպում եմ, հիմա ի՞նչ է եղել: Ես էլի եմ կրկնում՝ Ձեր այդ հարցերը տվեք Ռազմիկին:
-Ռազմիկ Պետրոսյանն ի՞նչ կապ ունի, եթե նշվում է, որ նրանց ծեծի կազմակերպիչը Դուք եք եղել, Ձեր «թիմակիցները»:
-Ռազմիկն իմ մարտական ընկերն է, հարցերը տվեք իրեն, եթե շոշափվում է իմ ու Ռազմիկի խոսքը, ուրեմն ավելի ճիշտ կլինի, որ հարցերն ուղղեք իմ ընկեր Ռազմիկ Պետրոսյանին:
-Պարո՛ն Երանոսյան, նշվում է, որ Դուք Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով եք առաջնորդվել ու Ձեր «տղաներին» ուղարկել եք, որպեսզի ծեծի ենթարկեն Ձեր մարտական ընկերներին, քանի որ նրանք վերջին ժամանակահատվածում «ակտիվացել» են, ինչը ձեռնտու չէ Ս. Սարգսյանին: Դուք նման հրահանգ ստացե՞լ եք ու այդ հրահանգը կատարե՞լ եք:
-Ուրեմն Դուք ճիշտ հարց չեք տալիս, Սերժ Սարգսյանն իմ գերագույն հրամանատարն է, Սերժ Սարգսյանը նման խնդիրներ այսօր չի դնի… Հանրապետության նախագահը նման խնդիրներ չի դնի, մարդիկ ինչ-որ անիմաստ տեղեկություններ են տարածում: Անհարմար է, էլի, չի կարելի հանրապետության նախագահի անունը շոշափել: Հիմա ընկերներ են, կարող է նստած լինեն, խմած լինեն, վեր կենան, իրար ծեծեն, հանրապետության նախագահի անո՞ւնը շոշափվի:
-Ըստ տեղեկությունների՝ Ձեր հանդիպման ժամանակ Ռազմիկ Պետրոսյանն ու Մանվել Եղիազարյանը հայհոյել են Սերժ Սարգսյանին, քանի որ Դուք փորձել եք նրանց համոզել, որ իրենք Ս. Սարգսյանի դեմ չաշխատեն: Ու դա են մեջբերել հանցագործները՝ ծեծի ենթարկելիս:
-Այդ հարցերին ճիշտ կլինի, որ Ռազմիկը պատասխանի, ես նորից եմ ասում, ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասել, ես ականջները կկտրեմ շան թուլի պես:
-Հիմա Դուք ե՞ք «պատժել» ազատամարտիկներին:
-Ես չունեմ… թող Ռազմիկը պատասխանի, եթե իմ զինակից ընկերն ասում է, որ ես առնչություն ունեմ, ուրեմն ինքն էլ այդ հարցերին կպատասխանի: Այսքանը:
Հ. Գ. Երեկ՝ Լեւոն Երանոսյանի հետ զրույցից հետո, «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է Լ. Երանոսյանը բոլոր հարցերի պատասխանները նրա միջոցով ցանկանում ստանալ, սակայն Ռազմիկ Պետրոսյանի հեռախոսն անջատված էր:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ՏՂԱՆԵՐԻ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Արդեն երկու օր շարունակ անհայտ անձիք դաժանորեն ծեծի են ենթարկում ազատամարտիկներին: Դեկտեմբերի 9-ին ծեծին էին ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, իսկ ահա երեկ Սուրեն Սարգսյանին էին դաժանորեն ծեծել: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության անդամ, «Սեւ հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի հետ:

-Պարո՛ն Գասպարյան, ի՞նչ է կատարվում:
-Եթե մարդկանց ծեծում են եւ ասում են՝ մեր նախագահի դեմ եք դուրս գալիս, ինչի հետեւանք պետք է լինի:
-Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկողները, երբ հայտարարել են, թե մեր նախագահի դեմ եք դուրս գալիս, արդյո՞ք այս քայլով չեն ցանկացել լարվածություն ստեղծել ազատամարտիկների եւ իշխանության միջեւ: Ի վերջո, ծեծողները գիտակցել են, որ նման հայտարարություն անելով՝ ազատամարտիկներին հուշել են, թե ում պատվերն են կատարել:
-Չի բացառվում: Այդ հարցին չեմ կարող առայժմ պատասխանել, քանի որ դեռ առիթ չեմ ունեցել տղերքի հետ լուրջ զրուցելու, բայց բանն այն է, որ իրենց հացի կանչողը իշխանության ներկայացուցիչ է եղել, իսկ դա եղել է հացից անմիջապես հետո, դա կապվում է իրար հետ:
-Ձեր ազատամարտիկ ընկերները ոստիկանություն չեն դիմում, ինչո՞ւ, փորձե՞լ եք հասկանալ:
-Եթե բոլորն ասում են, այս մասին լրատվամիջոցները գրում են, խոսում են, եթե մեկը մի հատ հավ գողանար, թեկուզ ինֆորմացիա չստանային, կգնային հավ գողացողին ման գալու:
-Իսկ միգուցե այլ խնդիր կա՞:
-Դե, դա չգիտեմ:
-Ի վերջո, ազատամարտիկներին ծեծի ենթարկելու արդեն երրորդ դեպքն է արձանագրվել, ի՞նչ է լինելու վերջը:
-Կոչ ենք անում կատարողներին զերծ մնան սադրանքներից, չի կարելի, մենք չենք ուզում Հայաստանը Կիեւ դառնա: Այս տղաների վրա ձեռք բարձրացնելը դավաճանություն է երկրի, ազգի, իրենց ծնողների հանդեպ: Այս տղերքի շնորհիվ են իրենք կենդանի, աշխատում են, լափում են այսօր, իշխանությունների կերակրամանից զակազներ կատարում, այն էլ ում՝ այս սրբության դե՞մ: Մենք չենք ուզում հասնել նրան, որ պատժամիջոցներ կիրառենք: Ուղղակի ցանկանում ենք, որ սթափություն լինի, ուշքի գալ է պետք: Հակառակը մենք տեսել ենք, պետք չի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆԵՂԱՑԵԼ ԵՆ
ՀՀ մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց միության անդամները խիստ վիրավորված են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից: Նազարյանի պատմելով՝ ավելի քան մեկ ամիս առաջ Մոսկվայի մեղվաբույծների միությունը «Վեդենխա»-ում իրականացվող փառատոնին մասնակցելու համար հրավեր է ուղարկել Հայաստանի մեղվաբույծների միությանը: Նազարյանը գումար չունենալու պատճառով ստիպված է եղել «թակել» Ճշմարիտյանի դուռը՝ ճանապարհածախսով օգնելու համար: «Մոսկվայի «Վեդենխա»-ում պետք է անցկացվեր այդ փառատոնը, իսկ Ճշմարիտյանը մեր խմբին գումար չտվեց, որպեսզի գնանք ու այդ խոշոր փառատոնին մասնակցենք: Մենք չկարողացանք մասնակցել, որովհետեւ որոշակի գումարներ պետք է վճարեինք, որը չունեինք: Ես այս մասին դեռ կբարձրաձայնեմ: Նույնիսկ նախարարին առաջարկեցի, որ այնտեղ գիշերելու հարցերն ինքս կլուծեմ: Ասացի՝ ազգականիս տանը կքնեմ, միայն թե տոմսի գումարը տվեք, գնանք, մասնակցենք: Այս կարգի ցածրացա, բայց չտվեց»,- սրտնեղեց Նազարյանը:

 

ՕՐԱՎԱՐՁ  ՔՆՆԻՉՆԵՐԻՆ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի մի որոշման նախագիծ, որով նախատեսվում է սահմանել քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության գործուղելիս բնակելի տարածքով ապահովելու անհնարինության դեպքում նրան դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը: Ըստ այդմ, քննչական կոմիտեի ծառայողին իր բնակության վայրից 30 կմ եւ ավել հեռավորությամբ վայրում ծառայության նշանակելիս, եթե ծառայողական բնակարանով ապահովելն անհնար է, առաջարկվում է նրան օրական վճարել դրամական փոխհատուցում` Երեւան քաղաքում գործուղելու համար 1.500 դրամ, իսկ 4-ից ավել անդամ ունեցողներին՝ 2.250 դրամ: ՀՀ այլ քաղաքներում համապատասխանաբար 800 եւ 1.200 դրամ, իսկ այլ բնակավայրերում` 500 եւ 750 դրամ:

 

«ՓԱՅ» ԵՆ  ՈՒԶՈՒՄ
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գուքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ՀՀ Կառավարության այսօր կայանալիք նիստում ներկայացնելու է նախագիծ, որով գործադիրը պետք է նրա ղեկավարած գերատեսչությանը թույլատրի արտաբյուջետային բանկային հաշիվ բացել: Պետական գույքի կառավարման վարչության կողմից աճուրդով վաճառված մինչեւ 5 միլիոն շարժական գույքի արժեքի 20 տոկոսը պետք է փոխանցվի այդ հաշվին: Այլ կերպ ասած՝ ՊԳԿ վարչությունն իր կողմից իրականացված աճուրդներից «փայ» կունենա: Կարելի է կարծել` քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ Արման Սահակյանին ազատել, այժմ արդեն ստիպված է նրան «իր գլխի վրա ման ածել»:




Լրահոս