ԵՌՅԱԿԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԱԿԱՐԳՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում կայացավ ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության հրավիրած հանրահավաք-երթը, առաջնորդներից միայն «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակ եկավ: Որեւէ կոնկրետ ելույթ այդպես էլ չհնչեց, ելույթները հիմնականում վերաբերում էին օրերս ազատամարտիկներին ծեծի ենթարկելուն: Եռյակի հաջորդ հանրահավաքի մասին որեւէ հստակություն չկա:

Նշենք, որ հանրահավաք-երթը նվիրված էր Մարդու իրավունքների օրվան: Երեկ Ազատության հրապարակում, կարելի է ասել, ժողովուրդը ճամբարների էր բաժանվել, քանի որ ամեն մի կուսակցություն իր ներկայացուցիչների հետ մի «պատի» տակ ինչ-որ բան էր քննարկում, անգամ հրապարակ էին գալիս միմյանցից առանձին ու անտեղյակ:
Ազատամարտիկները հավաքվել էին Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում: Նրանք քննարկում էին նախօրեին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին եւ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու հանգամանքները: Իսկ հանրահավաքի մասնակիցները տարբեր ուղղություններից Ազատության հրապարակ էին «բերվում», քանի որ մասնակիցներին բերում էին ավտոբուսներով, իջեցնում հրապարակի հարակից տարածքներում ու հեռանում: Կարելի է արձանագրել, որ այս հանրահավաքը բաժանված էր մի քանի «թիմերի»՝ ԲՀԿ-ականներն իրենց թիմերով էին գալիս, աղմուկ-աղաղակով էին գալիս, որպեսզի ուշադրություն գրավեին: ՀԱԿ-ն՝ առանձին, «Ժառանգություն»-ն՝ առանձին: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը եկավ առանձին իր «խմբի» հետ՝ դրոշակները ձեռքներին, Վահե Էնֆիաջյանն առանձին՝ իր թիմակիցների հետ (հիմնականում ուսանողներ էին), Տիգրան Ուրիխանյանն էլ՝ առանձին: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Էլինա Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Արայիկ Աղաբաբյանը, Աբրահամ Մանուկյանն էլ Ազատության հրապարակ եկան առանձին, բայց առանց «աղմուկի»:
ՀԱԿ-ից առաջինը Ազատության հրապարակ եկավ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, հետո՝ Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ եկավ բոլորից «անկախ»: Հանրահավաք-երթին ներկա էր նաեւ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հարցին, թե ինչու է առաջնորդներից միայն ինքը մասնակցում հանրահավաքին, ասաց. «Ես առաջին դեմք չեմ, մենք ունենք տարբեր դեմքեր՝ մի շարք քաղաքացիներ, պատգամավորներ»: Երթին նախորդած մինի-հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, «Ազատամարտիկների դաշինք»-ի նախաձեռնող խմբի անդամ Սմբատ Հակոբյանը, որն անդրադառնալով ազատամարտիկների ծեծին՝ հայտարարեց. «Որոշ ուժեր, չգիտեմ ում հանձնարարությունը կատարելով, չնայած գիտակցում, ենթադրում ենք թե ում, Հայաստանը փորձում են վերածել Եվրամայդանի՝ կա՛մ ուկրաինական, կա՛մ արաբական որեւէ սցենարով: Հայ ժողովուրդն իր դարերի պատմության մեջ այնքան խոհեմ է եղել, որ չի տրվել պրովոկացիաների: Մեզ որեւէ մեկը չի կարող տանել նրան, որ մենք գնանք ուժային գործողությունների»:
Սմբատ Հակոբյանը կոչ արեց ազատամարտի մասնակիցներին դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին հավաքվել Եռաբլուրում:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց. «Նախ եւ առաջ ո՛չ մի բռնապետ, ո՛չ մի դիկտատոր, ո՛չ մի ռեժիմ երբեք կամովին չի հանձնում իր իշխանությունը, երբեք կամովին չի շնորհում ազատությունն իր քաղաքացիներին: Ցանկանում եմ խոսել մի տգետ, զզվելի, ստոր արարքի մասին: Շատերի համար նորություն է, շատերն էլ տեղյակ են: Երեկ մեր ազատամարտիկների՝ Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել իշխանությունների հրամանով, այսօր էլ հարձակվել են Սուրեն Սարգսյանի վրա: Սա նենգ, ստոր արարք է, եւ նորից պետք է ասեմ, որ սա նորություն չէ, երբ որ դիկտատորները տեսել են, որ ժողովրդի պայքարը մոտենում է ավարտին, դիմել են նման քայլերի»:
«Համաժողովրդական շարժումն առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը՝ ներառյալ հանրային, զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը եւ արտահերթ ազատ ու արդար ընտրություններով ժողովրդի իշխանության ձեւավորումը»,- ասաց Զուրաբյանը:
Ելույթներից հետո տեղի ունեցավ երթ, որն ուղեկցում էին ոստիկանները: Նկատենք, որ այս անգամ ոստիկանների թիվը նախորդ միջոցառումների համեմատ ավելի շատ էր, երեւի այն պայմանավորված էր Ազատության հրապարակում գտնվող ազատամարտիկների թվով, որոնք շատ վրդոված են տեղի ունեցածից: Ի դեպ, երբ երթը հասավ Ամիրյան փողոց, եղած առաջնորդները կամաց-կամաց հեռացան: Իսկ քաղաքացիները Կորյունի փողոցով շարժվեցին դեպի Աբովյան փողոց եւ Սայաթ-Նովա, Ալավերդյան, Թումանյան փողոցներով վերադարձան նորից Ազատության հրապարակ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԿՏՐՎԻ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում «Բեկոր» ՓԲԸ-ին արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր եւ պայթեցման միջոցներ ներմուծելու թույլտվություն կտրվի: Կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակաուղղված է ընդերքօգտագործման ոլորտում աշխատանքների իրականացման ապահովմանը: Նշենք, որ ներկրվող պայթուցիկ նյութերը եւ պայթեցման միջոցները ՀՀ-ում չեն արտադրվում: Ըստ նախագծի՝ այդ ապրանքատեսակների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը:
Տեղեկացնենք, որ «ԲԵԿՈՐ» ՓԲԸ-ն 2011 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել է «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզիա:

 

ԾԽԱԽՈՏԻ ՆՈՐ ԳԻՆ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի նաեւ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու եւ ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու հարցը: Նախագծի ներկայացման նպատակն է արգելել ՀՀ Կառավարության սահմանած կարգով մակնշված, առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքը: Նախագծի նպատակն է նվազեցնել հարկումից խուսափելու ռիսկերը: Նկատենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Ծխախոտ արտադրող եւ վաճառող տնտեսվարողները նախապես պետք է տեղեկանան, որ առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք իրացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազար հինգհարյուրապատիկի չափով:
Իսկ ծխախոտի վաճառքով զբաղվողների կողմից առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքում, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով գերազանցում է տասը հազար դրամը, ապա այն նույնպես տուգանք է առաջացնում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 
ՈՒՍԱՆԵԼԻ ՕՐԻՆԱԿ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մեկօրյա այցով ժամանել է Ուզբեկստան: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը եւ Ուզբեկստանը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ռուսական կողմը ներել է Ուզբեկստանի 890 միլիոն դոլարի պարտքի 865 միլիոնը: Բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են, որ կսկսեն բանակցել Ուզբեկստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագրի շուրջ: Այլ կերպ ասած՝ Ուզբեկստանի օրինակը ցույց է տալիս, որ սեփական արժանապատվության գիտակցումն իր արդյունքը տալիս է: Իսկ ստրուկի պես մեկ այլ երկրի «գիրկը գցվելը» երբեք լավ արդյունքի չի հանգեցնում:
Հայաստանի եւ Ուզբեկստանի տարբերությունն առավել տեսանելի դարձնելու համար հիշեցնենք, որ երբ Հայաստանի իշխանություններն անցած տարի, սեպտեմբերին ԵՏՄ մտնելու մասին հայտարարեցին, դրանից երկու ամիս անց ստիպված եղան 300 միլիոն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցել «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը:

 

ՄԱՌԱԶՄ
Նախագահական նստավայրի՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է ԱԺ հանրապետական պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսին: «Գիրքն» էլ այս տարվա ընթացքում Գեղամյանի հրապարակած հոդվածների, հարցազրույցների ու ելույթների ժողովածուն է: Հասկանո՞ւմ եք՝ մարդիկ չեն ալարում, տարվա ընթացքում իրենց խոսացածն ու գրածը հավաքում, գիրք են հրապարակում: Իսկ մյուսներն էլ, որ իրենց երկրի ղեկավարի տեղ են դրել, գնում են այդ հաստափորի շնորհանդեսին: Այսքանից հետո այս մարդիկ ուզում են, որ Հայաստանի բնակչությունն իրենց հարգի եւ չհայհոյի: Տեսնես զսպաշապիկները երբ են հանել` շնորհանդեսից անմիջապես առաջ, թե նախորդ օրը:

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է
Երեկ` դեկտեմբերի 10-ին, Սյունիքի մարզի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, «Նախախորհրդարանի» Կապանի գրասենյակի պատասխանատու Գեւորգ Գասպարյանին առաջարկել է հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ: Մերժում ստանալով՝ Զ. Նիկողոսյանը փոխել է խոսակցության թեման ու տոնայնությունը՝ նրան մեղադրելով «պետությունը քանդելու» մեջ եւ պահանջելով դադարեցնել ռեժիմի դեմ գործողությունները: Դարձյալ ժխտողական պատասխան ստանալով՝ մարզպետի թիկնապահը սպառնացել է սպանել նրան: Այս մասին հայտնում է «Նախախորհրդարանը»:




Լրահոս