«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կրկեսի արտիստ Արմեն Ադոնցը սահմանել է միանգամից չորս ռեկորդ ու գրանցվել հայկական «Դյուցազնագրքում»: Ադոնցի վրայով անցել է ավտոմեքենա, դյուցազուն կարողացել է նաեւ հրել այդ նույն մեքենան: Բացի այդ՝ նա գլխի վրա ճկել է 12մմ հաստությամբ 15 ամրան, իսկ պարանոցով՝ 10սմ-անոց 7 ամրան: Արմեն Ադոնցը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ հայերը չեն ճանաչում իրենց ռեկորդակիրներին:

-«Դյուցազնագրքում» գրանցվելու հանգամանքը գործնականում ի՞նչ տվեց Ձեզ:
-Ինչ-որ առումով նպաստեց է՛լ ավելի ճանաչվելուն, բայց մի փաստի համար շատ եմ ցավում. Հայաստանում ռեկորդակիրներին լուրջ չեն վերաբերվում: Մեզ մոտ չափանիշը Գինեսի ռեկորդների գիրքն է. մինչեւ որ դրսում հաջողություն չունենաս, ներսում չեն գնահատի: Ոչ մի հեռուստաընկերություն անգամ տեղյակ չէր իմ սահմանած ռեկորդների մասին. ո՛չ եկան, ո՛չ լուսաբանեցին: Առհասարակ, Հայաստանում կրկեսի արտիստը, համեմատած «սուտի աստղերի հետ», զրկված է ճանաչումից: Իսկ դրսում նրանց հանդեպ հարգանքն ու ուշադրությունն ավելի մեծ է:
-Ձեզ պարգեւատրեցի՞ն կամ գոնե խրախուսեցի՞ն:
-Եթե նկատի ունեք ֆինանսական գործոնը, ասեմ, որ այդ առումով ուշադրության չեմ արժանացել:
-Ո՞րն է հաջորդ ռեկորդը, որ կուզենաք սահմանել:
-Հաջորդի մասին դեռ չեմ մտածում, բայց ռեկորդներիցս երկուսն արդեն ներկայացվել է Գինեսի գրքում. մնում է միայն հաստատեն:
-Եթե Ձեր ոլորտում կարողանայիք ինչ-որ բաներ փոխել դեպի լավը, որտեղի՞ց կսկսեիք:
-Նախ՝ Հայաստանում կկառուցեի ոչ թե մեկ-երկու, այլ մի քանի կրկեսի դպրոց, այդ թվում՝ մարզերում, իսկ ուսուցումը կլիներ անվճար:
Ասեմ, որ եթե կրկեսի հանդեպ ուշադրություն, պետական աջակցություն լիներ, հնարավոր կլիներ ավելի շատ ծրագրեր իրականացնել: Այսօր շատացել են, օրինակ, թատրոնի եւ կինոյի ոլորտի ամենատարբեր կինոփառատոնները, բայց Դուք երբեւէ լսե՞լ եք, որ Հայաստանում կրկեսային փառատոն անցկացվի: Չեմ կարծում, թե որեւէ մեկը ֆինանսներ կներդնի դրա համար, այնինչ, վստահ եղեք, որ լուրջ փառատոնի համար ներդնում անելու դեպքում հնարավոր կլինի հետ բերել ողջ գումարը:
-Գիտենք, որ տանը պահում եք էկզոտիկ կենդանիներ, անգամ ունեք օձեր, որոնցից ամեն մեկին, ըստ արտաքին տվյալների նմանության, տվել եք շոու-բիզնեսի ներկայացուցիչների անուններ, օրինակ՝ Արամեն, Շուշան Պետրոսյանը Ձեզանից չե՞ն նեղացել:
-Չէ՛, ես իրենց հարգելով եմ օձերիս անունները կնքել (ծիծաղում է), իսկ վերջինը, ում անունով անվանակոչել եմ օձիս, եղել է Էրիկը:
-Լիլիթ Հովհաննիսյանի, Զառա Սահակյանի եւ մի շարք հայտնիների հետ հայտնվել եք միեւնույն բեմում. այդ կերպ իրե՞նք են նպաստում Ձեր ճանաչմանը, թե՞ հակառակը:
-Ես առանձնապես չեմ ձգտում իրենց միջոցով ճանաչվել, պարզապես, բացի մասնագիտական հմտություններից, նույն բեմում հանդես գալու համար ընտրում եմ արտիստների, որոնց մարդկային տեսակն ինձ ավելի հարազատ է:
-«Թաքնված տաղանդ» նախագծին մասնակցած դերասանը ոլորտում մրցակիցներ տեսնո՞ւմ է:
-Այդ նախագծին մասնակցելով՝ համոզվեցի, որ ի տարբերություն մյուս տաղանդների, ես ամեն անգամ կարող եմ նորովի ներկայանալ եւ չսպառվել: Տաղանդավորներ մեր ոլորտում շատ կան, բայց իմ ժանրում մրցակից չեմ տեսնում:
-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել ուժը, արվեստը եւ շոուն այնպես, որ դրանցից ոչ մեկը չտուժի:
-Ինձ համար դա դժվար չէ. բեմում ես ներկայանում եմ որպես արվեստագետ՝ չմոռանալով շոուի մասին, իսկ ուժն առանձին, ինքն իրենով ոչինչ չարժե:
-Այդքան անհավանական հնարքներ անելուց առաջ բժիշկների խորհրդակցությանը դիմո՞ւմ եք:
-Այո՛, առաջնահերթ ուշադրություն եմ դարձնում ատամներիս, որոնք ստիպված են դիմանալ շատ մեծ ծանրության:
-Հոգեբանները երբեմն զգուշացնում են, որ կենդանիների հետ շատ սերտ առնչություն ունենալու դեպքում մարդիկ կորցնում են երկրորդ կեսին գտնելու անհրաժեշտության զգացումը…
-Չէ՛, ինձ նման վտանգ չի սպառնում (ծիծաղում է): Իսկ երկրորդ կեսին անպայման գտնելու եմ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 
ԱՅԾԻ ԹԵԼԱԴՐԱԾ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԹՐԵՆԴՆԵՐԸ

Շուտով Ամանոր է, եւ մինչ բոլորը տոնական եռուզեռի մեջ են, նորաձեւության սիրահարները չեն դադարում հետաքրքրվել եկող տարվա տենդենցներով: 2015-ին «ճաշակ թելադրողի» դերում այծն է լինելու. նա է ոգեշնչելու դիզայներներին, իսկ մոդային հետեւողներին տանելու է իր ետեւից:

Ոճաբան Արփինե Կոշտոյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, որ այծի տարում չափազանց նորաձեւ կլինեն նախորդ տասնամյակների վառ թրենդները, պոդյումում կգերակշռեն 60-ականների՝ մինչեւ ծունկ հասնող գունավոր երկարաճիթ կոշիկները՝ համադրած մինի կիսաշրջազգեստի հետ, որոնք ձեւավորված կլինեն նախշերով կամ հետաքրքիր պրինտներով:
Մեկ տասնամյակ անց կրկին ի հայտ է եկել Dior-ի 70-ականների հանճարեղ new look -ը:
Գալիք տարում նորաձեւ են կիսաշրջազգեստները, որոնք ընդգծում են բարակ իրանը եւ ծնկից ներքեւ հասնող լայն փեշը, մոդայիկ են նաեւ անգորայից բլուզները, ժակետները: Կրկին ակտուալ է լինելու 90-ականների «թափթփված» ոճը:
Այծի տարում մորթե դետալներ օգտագործելու թրենդը հասնելու է իր գագաթնակետին: Հնարամիտները դրանք կարող են համադրել կիսաթափանցիկ կտորների հետ: «Շահավետ կլինի, եթե Ամանորին կոկտեյլային զգեստները համադրեք մորթե ժիլետների կամ երկար, անթեւ ժակետների հետ»,-խորհուրդ է տալիս ոճաբանը՝ հավելելով, որ 2015-ին նորաձեւ են համարվում նաեւ մորթյա շարֆերը:
Ինչ վերաբերում է գունային գամմային, ապա 2015-ին այն բավական բազմազան է լինելու, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ եկող տարի գերիշխող կլինի փայլուն արծաթագույնը: Համաշխարհային նորաձեւության տներում աչքի են ընկնում «արծաթով օծված» զգեստները:
Շարունակական է լինելու մետաղի թեման, ակտուալ կլինեն մետաղական զարդերն ու խոշոր բնական քարերը:
Ոճաբանը Ամանորին խորհուրդ է տալիս կրել պարզ ձեւվածքի մինիմալիստական զգեստներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ներդաշնակ լինել սեփական անձի հետ: Նա, առհասարակ, հորդորում է գործի դնել երեւակայությունը եւ անընդմեջ ստեղծագործել….

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՌԻԳԱՅՈՒՄ
Դեկտեմբերի 4-8-ը Ռիգայում կայացել է «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ հանդես է եկել 200 մասնակից՝ 18 երկրից:Հայաստանից մասնակցել են Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ «Դո-ռե-մի» վոկալ դպրոցի չորս սաները, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են մրցանակների: Հայաստանի Հանրապետության պատվիրակ Մերի Ավետիսյանին ժյուրիի միաձայն որոշմամբ շնորհվել է «Ռիգա Սիմֆոնիա-2014»-ի գլխավոր մրցանակը՝ «Գրան պրի»:
Մրցանակների են արժանացել նաեւ Հարություն Մկրտչյանը, Վահագն Կարապետյանը, Հովսեփ Աբրահամյանը:

 

ԱՄԵՆԱԿՐՔՈՏՆ ԵՆ
Adweek ամերիկյան հեղինակավոր հրատարակությունը որոշել է, թե որն է այս տարվա ամսագրային ամենակրքոտ շապիկը: Ի վերջո, լավագույնի տիտղոսը ստացել է ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանին եւ նրա ամուսնուն՝ ռեփեր Քանիե Ուեսթին, ովքեր ապրիլին հայտնվել էին Vogue ամսագրի շապիկին եւ հայտնվել բուռն քննարկումների կիզակետում: Մեր հայրենակիցը շնորհակալություն է հայտնել պարբերականին՝ իրեն առաջինի տիտղոսին արժանացնելու համար:
Հիշեցնենք, որ Vogue-ի շապիկին հայտնվել էին նաեւ Ռիհանան, Ռոնալդուն, Իրինա Շեյքը եւ այլ հայտնիներ:

 

ՋՈԼԻԻՆ ՌԱՍԻՍՏ ԵՆ ՀԱՄԱՐԵԼ
Ճապոնիայի «Պատմական փաստերի տարածում» ՀԿ-ի անդամներն ամերիկյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին մեղադրել են ռասիզմի մեջ: Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Անկոտրումները» ֆիլմի ցուցադրությունից հետո ճապոնացի ազգայնականներն արտահայտել են իրենց վրդովմունքը: Բանն այն է, որ վերջիններս, դիտելով այն հատվածները, ըստ որոնց ճապոնացի զինվորների կողմից ամերիկացի ռազմագերիների նկատմամբ իրականացվել են կտտանքներ, նշել են, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ Ջոլիի ռասիստական համոզմունքների արդյունքն են:
Նրանք այդքանով չեն բավարարվել եւ ստորագրահավաք են սկսել Change.org կայքում՝ պահանջելով դադարեցնել ֆիլմի ցուցադրումը Ճապոնիայում:




Լրահոս