ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազատության հրապարակում
Երեկ Ազատության հրապարակում Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաք-երթի ժամանակ ոստիկանները նկարել են հանրահավաքի ընթացքը՝ լրագրողական «ֆլիպ» կոչվող սարքով: Մնում է հարցադրել՝ հիմա նրանք ոստիկա՞ն են, թե՞ լրագրող:
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ երեխայի խնամքի նպաստը՝ 18.000 դրամը, ստանալու համար ո՞ւմ պետք է դիմենք, եւ արդյո՞ք նպաստը տրամադրվում է առանց խտրականության եւ սահմանափակումների:
Հայկ Սաղաթելյան (29 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախարարությունը նրա ընտանիքի մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ մանրամասն պարզաբանում տրամադրել չի կարող, քանի որ քաղաքացու վերաբերյալ բավարար տվյալներ ներկայացված չեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը` մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:
Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային մարմին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր: Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի իրավական ակտում նշված ամսից, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ գործատուների համապատասխան իրավական ակտերում նշված ամսից: Երեխայի խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է մինչեւ գործատուի իրավական ակտում նշված խնամքի արձակուրդի ավարտի ժամկետը, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը: Այն նշանակվում է մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:
Սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես վերջերս բացահայտվեց, բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր, անգամ 30 մլն դրամի հասնող նպաստ, իսկ իրականում այն ընտանիքները, որոնք իսկապես դրա կարիքն են զգում, ոչ միայն բավարար չափով չեն ստանում նպաստները, այլեւ դեռ մի բան էլ փորձում էին պակասեցնել նրանց տրամադրվող նպաստները: Ահա թե ինչպես են խթանում ծնելիության բարձրացմանը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս են մարդիկ հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ անել դրա համար:
Հրաչյա Ավագյան (30 տարեկան, ատամնաբույժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար քաղաքացին անձամբ է դիմում եւ ներկայացնում օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր: ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան եզրակացությամբ փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, այնուհետեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ Նախագահի աշխատակազմին, որից հետո էլ ՀՀ նախագահի որոշմամբ՝ քաղաքացին իրազեկվում է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրին: Տեղեկացնում ենք, որ Ձեզ հետաքրքրող տեղեկատվությանը ավելի մանրամասնորեն կարող եք ծանոթանալ http://www.passportvisa.am/news/news1/ կայքէջից:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա ինն ամիսների ընթացքում 13 հազար 5 հարյուր մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Լավ կլիներ, որ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումների թիվը մեր երկրում ոչ թե ավելանար, այլ պակասեր: Թեեւ տնտեսական ծանր պայմաններում ապրող, քաղաքական փակուղում եւ պատերազմի շեմին հայտնված քաղաքացիների միակ ելքը, ցավոք, դեռ արտագաղթն է: