Հայաստանի դեմ Եվրոպական դատարան 2000-ից ավել գանգատ է ներկայացվել. Գևորգ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունենում «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները և եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» խորագիրը կրող միջազգային համաժողով: Մասնակցում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, Եվրոպայի  խորհրդի նախարարների կոմիտեի փորձագետներ, Հայաստանի պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, թե Եվրոպական դատարանի դատական իրավազորությունն ընդունելուց ի վեր Հայաստանի դեմ ներկայացված գանգատների և դրանց կապակցությամբ կայացված վճիռների վերաբերյալ տվյալներն իրոք ուշագրավ են:

«Մասնավորապես, Եվրոպական դատարանի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն՝ 2002թվականից 2014թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի, քան 2000 գանգատ: 2014 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացվել է 49 վճիռ»,- նշեց նա:

Կոստանյանի խոսքով, համաժողովին մասնակցում են մարդիկ, ովքեր կոչված են իրենց ամենօրյա աշխատանքով ապահովելու մարդու իրավունքների երաշխավորումը և պաշտպանությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

«Այսօր մենք ապրում ենք այնպիսի փոխկապակցված աշխարհում, որտեղ իրականում մարդու իրավունքների պաշտպանության համար այլևս սահմաններ գոյություն չունեն: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ յուրաքանչյուր պետություն իր ներքին գործն էր համարում, թե ինչ չափով են պաշտպանված կամ ինչու են հալածվում իր քաղաքացիները»,- հայտարարեց նա:




Լրահոս