Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal-ը, վաճառքի է հանվել 20 հունական կղզի:
Հունական կղզիներն ընտանեկան ունեցվածք են հանդիսանում, խնամքով պահպանվում են և որպես սեփականություն և փոխանցվում միայն ընտանեկան կլանի անդամներին: Դրանք վաճառքի են հանվում շատ հազվադեպ և շատ քիչ քանակությամբ: Սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է: Արտասահմանցի ներդրողների կողմից պահանջարկի աճը, գների անկումը և հունական հարկային օրենսդրության փոփոխությունները խաղացել են իրենց դերը, և այժմ ցանկացողները կարող են 20 ոչ մեծ կղզի ձեռք բերել:
Պարբերականը նշում է կղզիների մի քանի գնորդի անուն: Մասնավորապես, դրանց թվում է ռուս միլիարդատիրոջ 25-ամյա դուստր Եկատերինա Ռիբոլովլևան, ով գնել է Սկորպիոս կղզին 126 մլն եվրոյով: Այն վաճառել է լեգենդար հունական նավերի սեփականատեր Արիստոտել Օնասիսի թոռնուհին: 45 տարի առաջ հենց այդ կղզում էր Օնասիսը նշանվել Ժակլին Քենեդիի հետ: Սկորպիոսից ոչ շատ հեռու գտնվում է փոքրիկ Օքսիա կղզին, որը ձեռք է բերել Քաթարի նախկին էմիր շեյխ Համադ բին Հալիֆա ալ-Թանին:
Հունական կղզիների գները տատանվում են 2-3-ից մինչև 100 մլն եվրո: Ներկայումս գները 30 տոկոսով ավելի ցածր են, քան ճգնաժամից առաջ: