Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվողը ստորագրությամբ ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված 42-ամյա Արշակ Սվազյանը չի ձերբակալվել. նրան ստորագրությամբ ազատ են արձակել: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ պարզաբանելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներից պարզվել է, որ Արամ Մանուկյանի առողջությանը հասցվել է թեթև վնաս:

Այսինքն՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշնորով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելը): Նշված հոդվածը ազատազրկում չի նախատեսում, ուստի կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Այսպիսով՝ սա չի նշանակում, որ Արշակ Սվազյանը դատավարական կարգավիճակ չունի: Դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքը պատրաստ կլինի 2-3 շաբաթից, և այդ ժամանակ Արշակ Սվազյանի կարգավիճակն ավելի կհստակեցվի:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է: Armlur.am-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը ոչ հերքել, ոչ հաստատել է այս լուրը՝ հորդորելով «իրենից հեռու մնալ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին հարձակում է իրականացվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա և ծեծի ենթարկել նրան:




Լրահոս