Հայաստանի բնակչության 67 %-ն օգտվում է համացանցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի է ունեցել ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտական շնորհանդեսը:

Երևանում այսօր աշխատանքներն է սկսել «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովը, որով ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը: Այն կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ ջանքերով: Միջոցառման մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ընթերցել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ավարտն ազդարարող համաժողովի բոլոր մասնակիցներին: Այս համաժողովը մենք դիտում ենք որպես պատեհ հնարավորություն՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը ոլորտում կատարված փոփոխությունների մասին և մատնանշելու այն նոր խնդիրները, որոնք ի հայտ եկան էլեկտրոնային հասարակության զարգացման ճանապարհին:

Վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նախագիծը Հայաստանում էլեկտրոնային կառավարման զարգացման անբաժան մաս է կազմել, ինչի շնորհիվ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացումը Հայաստանում թևակոխել է որակապես նոր փուլ:

2010 թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնեց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր՝ համաձայն միջազգային լավագույն չափորոշիչների։ Ծրագրի նպատակն էր ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ նվազագույնի կհասնի քաղաքացի‑պետական պաշտոնյա շփումը, ինչի արդյունքում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի մատուցվող ծառայությունների բարձր որակ և հասանելիություն։

Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը  համացանցին էլ ավելի բարձր է՝ 82 տոկոս: Սա արդեն համեմատական ցուցանիշ է Եվրոպական միության երկրների կտրվածքով և տարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: Գոհունակությամբ եմ նշում, որ համացանցի հասանելիությունը գրեթե նույնն է Հայաստանի ողջ տարածքում. մարզերի բնակիչները մայրաքաղաքի բնակիչների հետ հավասարապես օգտվում են համացանցից:

2014 թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության պատրաստվածության ինդեքսով Հայաստանն զբաղեցրել է 61-րդ տեղը, ինչն զգալի առաջընթաց է նախորդ ցուցանիշի համեմատ՝ 2012 թ.՝ 94-րդ տեղ:

Հարգելի՛ ներկաներ,

Մեկ այլ նշանակալից բարեփոխում ենք համարում քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Դա նաև կարևոր քայլ է էլեկտրոնային նույնականացման համակարգի բարելավման գործում: Էլեկտրոնային նույնականացման ամբողջական համակարգի ներդրմանը զուգահեռ պետք է ապահովվի նաև անձնական տվյալների պաշտպանությունը և դրանց անվտանգությունը: Այս առումով կարևորում ենք ծրագրում ներգրավված փորձագետների դերը համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման գործում:

Իրականացվող հիմնարար բարեփոխումներին զուգահեռ «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրն զգալիորեն ընդլայնել է հասարակական սպասարկման հատվածը: Առանձնապես կարևորում ենք ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների էլեկտրոնային համակարգի ստեղծումը: Մշակված համացանցային լուծումների շնորհիվ, օրինակ, հնարավոր է դարձել առցանց տեղեկանալ վարորդների կողմից խախտումների արդյունքում առաջացած տուգանքների վերաբերյալ տեղեկատվությանը և վճարումների կատարմանը համացանցի միջոցով:

Այս դրական միտումների հետ մեկտեղ պետք է նշեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման պատկառելի ներուժը դեռ ամբողջությամբ իրացված չէ, քանի որ էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը դեռևս փոքր է: Այս առումով մենք դեռ անելիքներ ունենք:

Հարգելի՛ մասնակիցներ,

«Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության հաջողված նախաձեռնություններից է: Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային հասարակության զարգացման ուղղությամբ, և այս գործում մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության և այլ դոնորների աջակցությունը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին, ընկերություններին և փորձագետներին՝ այս ծրագրի իրականացման ուղղությամբ ներդրված ջանքերի և նշանակալի արդյունքների հասնելու համար»:

Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հանդես է եկել «Էլեկտրոնային պատրաստություն-2014» զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանում տեղեկատվական հասարակության զարգացման ներկայիս մակարդակը, էլեկտրոնային ծառայությունների արդի զարգացումները մեր երկրում, ինչպես նաև ապագա ձեռնարկվող քայլերը: Համաժողովին մասնակցող եվրոպացի փորձագետներն էլ իրենց զեկույցներում անդրադարձել են Եվրոպայում էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության զարգացումներին: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նաև «e-citizen.am» էլեկտրոնային պորտալը:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. (տևողությունը` 24 ամիս): Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, արժեքը 1.4 մլն եվրո է:




Լրահոս