Երեկ՝ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, Սոսեի 2/2 հասցեում գտնվող իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատգամավորին դարանակալած անհայտ անձը, հարձակվելով Մանուկյանի վրա, սկսել է հարվածներ հասցնել նրա դեմքին: Պատգամավորի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, սակայն նրա կուսակիցներից կարողացանք պարզել, որ պատգամավորը դեմքի մասում լուրջ վնասվածքներ է ստացել եւ դեպքից հետո, մինչեւ ոստիկանների գալը, գտնվել է տանը: Իսկ ոստիկանների ժամանելուց եւ նրանց կողմից համապատասխան գործընթացներն իրականացնելուց հետո Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում մարդաորս է սկսվել: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի դեպքում թվում էր, թե հայտնի էր՝ ինչ է տեղի ունեցել, եւ ովքեր են եղել մասնակիցները: Հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի դեպքում գործ ունենք մարդկանց դեմ կազմակերպված հարձակման հետ, որի հեղինակները դեռեւս անհայտ են: Իհարկե, բացառված չէ, որ Սուրեն Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի դեմ կազմակերպված հարձակումների նպատակն առաջին միջադեպից հանրության ուշադրությունը շեղելն է: Ամեն դեպքում, եթե ոստիկանությունն այս դեպքերը չբացահայտի, ապա կարելի է ասել, որ Հայաստանում բանդա է գործում իրավապահների թողտվությամբ կամ միգուցե՝ «օրհնությամբ»: Ի դեպ, Արամ Մանուկյանի վրա իրականացված հարձակումը ոստիկանությունը պարտավոր է բացահայտել, քանի որ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իրավապահների տրամադրության տակ կա նաեւ միջադեպի տեսագրությունը:
«Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով հրամանատարների ծեծի մասին, ասել է, որ նման արարքը վայել է նենգ թշնամուն: «Այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին, մեր պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում ձեռք բարձրացնել նման կարգի հրամանատարների վրա, այն հրամանատարների, ովքեր մեր եղեռնազարդ պապերի չկրակած փամփուշտը ետ վերադարձրին մեր դարավոր ու նենգ թշնամուն` դրանով իսկ փրկելով մեր ազգին նոր եղեռնից, հայոց մայրերին ու կանաց՝ անպատվությունից, կաներ միայն թուրքը»,- ասել է «Սասուն» ջոկատի հրամանատարը։ Նա նաեւ վստահեցրել է, որ բոլոր ազատամարտիկները եղբայրներ են եւ անհրաժեշտության դեպքում այսօր էլ են պատրաստ պայքարելու թշնամու դեմ: «Իմ կարծիքով հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից, իսկ ինձ համար թուրքը մնում է թուրք. ես թուրքի դեմ զենքով եմ կռվել»,-ասել է Սասուն Միքայելյանը։
Երեւանի քաղաքապետարանում կրկին ակտիվացել են տրանսպորտի սակագինը թանկացնելու վերաբերյալ խոսակցությունները: Այս անգամ առիթը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ գազալցակայանները գազի 1 խ/մ թանկացրել են 10-ից 15 տոկոսով: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ երթուղիներ սպասարկողները արդեն իսկ դիմում են իրենց գազի գնի թանկացման հետ կապված: «Երեկվա դրությամբ նրանք անհանգստացած էին եւ մեզ էին դիմել մի հարցով՝ եթե հանկարծ վարորդները բոյկոտեն ու դուրս չգան աշխատանքի, ապա մենք ի՞նչ ենք անելու: Մենք էլ իրենց ի պատասխան ասացինք, թե գնացե՛ք ու աշխատե՛ք համոզել նրանց, որպեսզի անպայման սպասարկեն»,- ասել է Նավասարդյանը: Հետաքրքիր է, որ «գծատերերը» միշտ միայն սակագնի բարձրացման մասին են մտածում, բայց երբեք նրանց մտքով չի անցնում վարորդների, այսպես կոչված, «պլանները» պակասեցնելով՝ փոխհատուցել գազի թանկացումը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ազգային անվտանգության ծառայության հերթապահ բաժնի աշխատակից, ենթասպա Արտաշես Երանոսյանի գործերն ուղարկել են կադրերի ռեզերվ: Ասել է թե՝ Ա. Երանոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտնի «Զոդի զորամաս»-ում տեղի էր ունեցել միջադեպ, որի մասնակիցները զորամասի սպաներն էին եղել` զորամասի հրամանատար Սերոժա Գեւորգյանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ տեղի ԱԱԾ աշխատակիցները` վերը նշված Արտաշես Երանոսյանի գլխավորությամբ: Կողմերը մեկը մյուսին են մեղադրում` յուրաքանչյուրն ասում է, որ մյուս կողմը հարբած վիճակում եկել, հարձակվել է իր վրա: Ամեն դեպքում, ենթադրվում է, որ քննության արդյունքում, ի վերջո, կպարզվի, թե ով է սկսել միջադեպը, եւ ում մեղքով է այն տեղի ունեցել: Իսկ մինչ այդ ԱԱԾ աշխատակցի լիազորությունները դադարեցված կլինեն:
ՋԱՅԼԱՄԻ ՊԵՍ
Արդեն 4 օր է, ինչ Հայաստանի հասարակական, քաղաքական շրջանակներում բուռն կերպով քննարկվում է լեգենդար հրամանատարների՝ «Արաբո» եւ «Ապարան» ջոկատների հրամանատարներ Մանվել Եղիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի, ապա՝ Սուրեն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու թեման, որին երեկ ավելացավ եւս մեկը՝ իր տան բակում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Սակայն հրամանատարների գործի մասին ամեն ինչ հայտնի է. ոստիկանության գեներալը՝ ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, հատուկ հանձնարարությամբ իր մարտական ընկերներին հրավիրել էր ընթրելու, զրույցի ընթացքում, հավանաբար գաղտնի ձայնագրության համար, ոչ հաճելի խոսակցություն է ծավալվել, եւ հանձնարարությունը մնացել է թերի: Հրամանատարներին չի հաջողվել «վերբովկա անել» սեղանակիցներին, ինչից հետո ինքնամաքրվելու համար գեներալ Երանոսյանը ծեծել է տվել իր մարտական ընկերներին: Այսինքն՝ այս գործով այլեւս չկա որեւէ գաղտնիք, սակայն իշխանական կուսակցության ներկայացուցիչներն ընդհատակ են անցել, լռում են՝ ինչպես ձուկը. մեկը կաղ է, մյուսը երկրում չէ, երրորդի լեզուն են կարել եւ այլն:
Տարօրինակ է, որ լռում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա դեկտեմբերի 10-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ խուսափողական մտքեր էր հայտնել՝ ասելով. «Տեղյակ չեմ այդ դեպքերից, բայց գտնում եմ, որ ազատամարտիկներն առաջին հերթին իրենք պետք է օրինակ հանդիսանան մեր հասարակության մեջ, եւ եթե լինում են ոտնձգություններ ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Մենք մեր իրավասության շրջանակներում կփորձենք պարզել միջադեպերը»: Թե քանի օր է անհրաժեշտ մեր երկրի սահմանների պաշտպանության պատասխանատու Սեյրան Օհանյանին՝ այսքան հրապարակային իրադարձության մանրամասները պարզելու համար, դժվար է ասել, բայց փաստ է, որ նա զգուշանում է ինչ-որ բանից: Թե ինչն է այս պատմության մեջ այդքան վտանգավոր, դժվար չէ կռահել, բայց ՀՀ պաշտպանության նախարարը պարտավոր է գոնե այս հարցում խիզախություն ցուցաբերել, առավել եւս, որ 2018-ին պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում:
Ինչո՞ւ ենք ասում՝ պարտավոր է, որովհետեւ ամիսներ առաջ, երբ ադրբեջանական զինուժը մեր սահմանի երկայնքով գրեթե պատերազմական գործողություններ էր սկսել, Սեյրան Օհանյանն առաջիններից հենց ազատամարտիկների հետ հանդիպեց, նրանց խնդրեց օգնել երիտասարդ զինվորներին՝ իրենց ուժով, կամքով ու համարձակությամբ վարակելով զինվորականներին: Հիմա ինչո՞ւ է ջայլամի քաղաքականություն վարում՝ ձեւացնելով, թե տեղյակ չէ՝ ինչ է պատահել հրամանատարների հետ: Ի վերջո, հրամանատարները որեւէ հանցանք չեն գործել, եւ նրանց միայն անցյալի համար կարելի է, գոնե ձեւի համար, ՊՆ-ի անունից զորակցել: Թե չէ՝ սիրուն չէ, պարո՛ն Օհանյան: