ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌՎՈՂ ԶԻՆՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԻՐ ԱԶԱՏ ԽՈՍՔԸ ԶՈՀԱԲԵՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը կարծում է, որ հրամանատարներին ծեծի ենթարկելով՝ իշխանություններն ավելի են արագացնում ազատամարտիկների համախմբումը։

-Պարո՛ն Միքայելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ազատամարտիկների՝ մասնավորապես արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարների նկատմամբ վերջին օրերին տեղի ունեցած բռնության ու ծեծի դեպքերը։ Ի՞նչ է դա նշանակում։
-Ես մեծ ցավ եմ ապրում այդ դեպքերի առթիվ ու իմ զորակցությունն եմ հայտնում հրամանատարներ Մանվել Եղիազարյանին, Ռազմիկ Պետրոսյանին եւ, առհասարակ, բոլոր այն ազատամարտիկներին, որոնց նկատմամբ այս կամ այն կերպ բռնություն է կիրառվել կամ երբեւէ կկիրառվի։ Ես կանգնած եմ նրանց կողքին եւ պատրաստ եմ ոչ միայն խոսքով, այլեւ գործով՝ հնարավոր բոլոր միջոցներով, պատժել նման կարգի ստոր դավադրություն իրականացնողներին։ Այդ ստահակների կատարած քայլը բնորոշում եմ որպես թուրքից էլ դաժան արված արարք, որովհետեւ նրանք ձեռք են բարձրացրել ողջ արցախյան պատերազմն ուղն ու ծուծով անցած այն լեգենդար հրամանատարների վրա, որոնք կազմավորել ու իրենց հրամանատարությամբ մարտի են տարել 400-500 նվիրյալ ազատամարտիկների, որոնցից շատերն այսօր ննջում են Եռաբլուրներում, իսկ ոմանք էլ նույնիսկ հայրենի հողում գերեզմանի չեն արժանացել։
Մենք՝ ազատամարտիկներս, եղբայրներ ենք, արյունակից եղբայրներ, որովհետեւ մեր երակներով հոսում է Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, բանակի, զինանշանի, եռագույնի, մեր 7.000 նահատակների, ազգովի հաղթանակ կռած ու ազատ ապրող ժողովրդի արյունը։ Եվ այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին, մեր պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում ձեռք բարձրացնել նման կարգի հրամանատարների վրա, այն հրամանատարների, ովքեր մեր եղեռնազարդ պապերի չկրակած փամփուշտը ետ վերադարձրին մեր դարավոր ու նենգ թշնամուն՝ դրանով իսկ փրկելով մեր ազգին նոր եղեռնից, հայոց մայրերին ու կանաց՝ անպատվությունից։ Ես ուզում եմ հիշեցնել թուրքին վայել այդ արարքի հեղինակ ստահակներին, որ Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը հայ կանանց կրծքի պտուկներից թզբեխ էին պատրաստում կամ գրազ էին գալիս հղի կանանց փորը թրով բացելուց առաջ։ Իմ կարծիքով հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից, իսկ ինձ համար թուրքը մնում է թուրք։ Իրեն հայ համարող յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանի հենց այդ տղաներին եւ ոչ թե մեր երկիրն ու ժողովրդին կործանման տանող իշխանություններին հաճոյանալու համար՝ ձեռք բարձրացնի նրանց վրա։
-Բոլորը դատապարտում են այս միջադեպը, բայց արդյո՞ք միայն դատապարտելը բավարար է։
-Ես արդեն բնորոշեցի այդ արարքը՝ որպես թուրքին վայել, իսկ թուրքերի դեմ ես կռվել եմ զենքով ու հիմա էլ պատրաստ եմ։
-Նախկինում ազատամարտիկները որպես մեծագույն արժեք էին գնահատվում, այսօր ծեծվում են. սա՞ էր նրանց մատուցած ծառայությունների գնահատականը։
-Հոկտեմբերի 27-ից հետո իշխանություններն ամեն ինչ արել ու անում են՝ ազատամարտիկներին մասնատելու համար։ Ինչ վերաբերում է գնահատելուն, ապա դա կատարվում է միայն մի սկզբունքով՝ յուրային ու օտար։ Յուրայինը, եթե անգամ ազատամարտից գաղափար չունի, կարող է արժանանալ չլսված մեծարանքի, իսկ իրենց կողմից օտարված ազատամարտիկը մոռացության է մատնված։ Այսօր էլ ձեռագիրը մնացել է նույնը, եւ իշխանություններն ամեն ինչ անում են՝ ազատամարտիկների հնարավոր համախմբումը ձախողելու համար, որովհետեւ ղեկավարվելով դրսի ուժերի կողմից՝ իրենց իշխանությունը պահպանելը դարձրել են գլխավոր նպատակ՝ անտեսելով թե՛ մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, թե՛ այդ անկախության նվիրյալներին ու ազգի ապագայով մտահոգ ժողովրդին։ Բայց թող գիտակցեն, որ բոլոր ժամանակներում գնահատականը տալիս է ժողովուրդը։
-Արդեն իսկ հայտնի է, որ հրամանատարների հետ կատարված միջադեպը տեղի է ունեցել ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից հրամանատարներին պանդոկ հրավիրելուց հետո, եւ միջադեպի պատճառ են հանդիսացել իշխանությունների հասցեին հնչած կոշտ որակումները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա պահվածքը միջադեպի ժամանակ։
-Նախ՝ եթե Լեւոն Երանոսյանը հրավիրել է հրամանատարներին, նա ի պաշտոնե պարտավոր էր ապահովել նրանց անվտանգությունը։ Իսկ եթե իշխանությունների հասցեին տհաճ խոսքեր են հնչել իր ներկայությամբ, ու ինքն այդքան ազդվել է դրանից, ապա թող ձերբակալեր տղաներին կամ էլ հենց ինքը հաշվեհարդար տեսներ նրանց հետ եւ ոչ թե դիտորդի կարգավիճակով նենգաբար նայեր, թե ինչպես են ստահակները ծեծում իր մարտական ընկերներին։
-Պարո՛ն Միքայելյան, Ձեր կարծիքով՝ այս կերպ փորձում են վախեցնե՞լ ազատամարտիկներին։
-Նման արարքով նրանք միայն արագացնում են ազատամարտիկների համախմբումը: Իսկ ինչ վերաբերում է վախեցնելուն, ապա ազատամարտիկներն իրենց բաժին վախերը թողել են արցախյան պատերազմում, եւ նրանց այսօր վախեցնելն անհնար է։ Ամփոփելով վերը նշվածը՝ ցանկանում եմ շեշտել, որ ազատության համար կռված զինվորն իրավունք չունի իր ազատ խոսքը զոհաբերելու։

Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

 
ՎԵՐՑՐԱԾ ՎԱՐԿԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելու է յոթ վարկային համաձայնագիր, որոնցով Կառավարությունը շուրջ 260 միլիոն դոլարի նոր պարտք է վերցնելու: «Ժողովուրդ»-ը զրուցել է վերոնշյալ հանձնաժողովի անդամներից ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանի, դե յուրե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի եւ ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանի հետ` տեղեկանալու, թե նրանց կարծիքով մեր արտաքին պարտքն ավելացնելու անհրաժեշտությունն այս պահի դրությամբ որքանո՞վ է ճիշտ:

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով նոր պարտքեր վերցնելը մեծամասամբ բեռ է դառնում մեր հետագա սերունդների ուսերին: «Եթե դուք հետեւած լինեք հանձնաժողովի նիստերին, կհամոզվեք, որ ես մշտապես դեմ եմ քվեարկում նմանատիպ պայմանագրերին: Մենք էլ հասկանում ենք, որ վարկային համաձայնագրերի ճնշող մեծամասնությունը մեր թոռների ուսերին վարկային բեռ է դառնում»,- նշեց Արզումանյանը` հավելելով. «Այնպես չէ, որ դեմ եմ ամբողջությամբ, մի երկու պայմանագրի կողմ եմ, սակայն, եթե փորձեմ իմ ընդհանուր դիրքորոշումը հայտնել, պետք է ասեմ, որ դեմ եմ արտահայտվելու հիմնականում: Թե հատկապես ո՞ր պայմանագրերին եմ դեմ արտահայտվելու, կտեղեկանաք նիստի ընթացքում»: Ալեքսանդր Արզումանյանը նշեց նաեւ, որ իր համար ամենակարեւորն այն է, որ վերցված գումարները կոնկրետ նպատակների ծառայեն, ավելի կոնկրետ՝ ըստ իրական անհրաժեշտության:
ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանն էլ հրաժարվեց որեւէ կոնկրետ մեկնաբանություն անել եւ ներկայացնել իր տեսակետը ՀՀ արտաքին պարտքն ավելացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Պատգամավորի բացատրությամբ. «Ես ինչպե՞ս կարող եմ համպատրաստից մեկնաբանություններ անել: Գոյություն ունի արտաքին պարտքի կոնկրետ շեմ, միջազգային տնտեսական գործոններով պայմանավորված կոնկրետ կազմակերպություններ, որոնք վճարունակության սանդղակ ունեն: Սովորաբար հաշվի է առնվում այն հանգամանքը, թե տվյալ երկիրը վճարունակ է, թե ոչ, պարտքի տակ մտնելու կարողունակ է, թե ոչ»: Պատգամավոր Թորոսյանը բավարարվեց միայն իր ունեցած գիտելիքները մեզ փոխանցելով:
ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իր տրամադրվածությունը վարկային բեռի ավելացման վերաբերյալ բացասական է: «Նիստի ընթացքում շատ բան պարզ կլինի, շատ հնարավոր է, որ ինչ-որ բաների կողմ լինեմ, հնարավոր է՝ առհասարակ նիստին չմասնակցեմ: Միայն կարող եմ առանձնացնել այն հանգամանքը, որ ես չեմ կարող մի օրինակ բերել, որը ցույց կտա, թե վարկը ծառայել է ըստ նպատակի եւ գործարանի է վերածվել: Իմ կարծիքով հենց դա է կարեւոր: Դրա վրա պետք է կենտրոնանալ»,-ներկայացրեց տնտեսագետ Արսենյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ
ՆՈՐ ԵՐԱՆԳ
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի կողմից թույլ տրված չարաշահումների գործը կրկին վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քննության: Հիշեցնենք՝ դեռեւս հոկտեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ մի քաղաքացի բողոք է ներկայացրել ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին: Ըստ բողոքի՝ քաղաքապետը մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքում յուրացումներ է կատարել: Հետագայում, երբ այս դիմումին ընթացք էր տրվել եւ քրեական գործ էր հարուցվել, ՀՀ քննչական կոմիտեից այն ուղարկել էին ՀՀ գլխավոր դատախազություն` ընդդատության հարցը որոշելու համար: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ քրգործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւոր գործերով վարչություն` քննությունը շարունակելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քաղաքապետի կողմից չարաշահումներ թույլ տալու մեղադրանքով այս գործում խառնաշփոթ է ստեղծվել դիմումատուի ցուցմունքների արդյունքում: Բանն այն է, որ քաղաքապետի դեմ բողոք ներկայացրած կինը հայտարարել է, թե իբր իրեն ոստիկանն է ասել, որպեսզի նման բողոք գրի:

 

ՇԱՆ ԹՈՒԼԻ ԳՈՐԾՈՎ
Ազատամարտիկներին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկելու տեղեկությունների մասով նախապատրաստված նյութերը կուղարկվեն հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացնում է NEWS.am կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Նյութեր պատրաստելու հիմք է հանդիսացել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որ, ըստ էության, հրամանատարների ծեծը Երանոսյանն է կազմակերպել` «Գետափ» ռեստորանում միասին հաց կիսելուց հետո: Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ փոխոստիկանապետի տված հարցազրույցը «Ժողովուրդ»-ին, որտեղ նա ասել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 27-ամյա երիտասարդ` որովայնի շրջանում կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքով: Պարզվել է, որ նա ՀՀ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող 27-ամյա Մուշեղ Խարախանյանն է:

 

ԷԼԻ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ
ՀՀ ԿԲ-ն երեկ սակարկություններով վաճառել է 6 միլիոն դոլար` 464.07 դրամ 1 դոլարի դիմաց փոխարժեքով: Նախորդ օրը ԿԲ-ն կրկին 6 միլիոն դոլար էր վաճառել` 460.69 դրամ՝ 1 դոլար փոխարժեքով: Այսինքն՝ նախորդ օրվա համեմատ ԿԲ-ն դոլարի փոխարժեքը բարձրացրել է եւս 3.38 դրամով:




Լրահոս