ԿԱՐԵՎՈՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ, ՀԵՏՈՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից վարկային միջոցներով դեռեւս երկու տարի առաջ Լոռու, Սյունիքի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում իրականացված գազաֆիկացման աշխատանքները եւ դրան հետեւած իրադարձությունները դիպուկ բնորոշում են Հայաստանի կառավարման համակարգի վիճակը: Միանգամից նշենք, որ զուտ վարչարարական սխալների եւ գործընթացը վատ կառավարելու արդյունքում ՀՀ պետբյուջեն մի քանի միլիարդ դրամի վնաս է կրել:

Այս խնդրի մասին «Ժողովուրդ»-ը մեկ անգամ արդեն գրել է: Խոսքը վարկային գումարներով չորս մարզերի՝ թվով 26 գյուղերը գազաֆիկացնելու մասին է: Շինարարական աշխատանքներն իրականացվել են 2012 թվականին, սակայն մինչ օրս նոր կառուցված գազատարները չեն օգտագործվում, եւ այդ համայնքների բնակիչները գազ չեն ստանում:
Մոտ երկու տարի տեւած վարչարարական քաշքշուկներից հետո Կառավարության՝ նոյեմբերի 27-ի նիստում որոշում կայացվեց վարկային միջոցներով կառուցված գազատարները համապատասխան համայքներին նվիրաբերելու վերաբերյալ: Այդ որոշմամբ Կառավարությունն ընդհանուր առմամբ համայնքներին նվիրաբերել է 4 միլիարդ 920 միլիոն դրամ հաշվեկշիռային արժեք ունեցող գազատարներ:
Նշենք, որ այս ծրագրով գազաֆիկացված գյուղերից 12-ը Արագածոտնի մարզի համայնքներն են: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մարզի 12 գյուղերի վարչական տարածքներում գտնվող գազատարները համայնքներին հանձնելու աշխատանքներն առաջիկա օրերին կավարտվեն: «11 համայնքների հետ ընդունում-հանձնումը կատարվել է, մնացել է միայն Կոշ համայնքի հետ գործընթացն ավարտենք»,- պարզաբանեց Սահակյանը: Վերջինիս խոսքերով՝ իրենց մարզի Հարթավան եւ Արայի համայնքներն արդեն իսկ պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիայի» հետ, եւ գազատարներն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն վերջինիս: Դրանից հետո ռուսական «Գազպրոմ Արմենիան» արդեն կարող է սկսել բնակիչների գազամատակարարման կազմակերպումը:
Մեր տեղեկություններով՝ մյուս համայնքները դեռեւս չեն շտապում «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանագիր կնքել, քանի որ ապագայի հետ կապված մտահոգություններ ունեն: Բանն այն է, որ գազի խողովակները համայնքի սեփականություն դառնալուց եւ այդպիսին մնալուց հետո դրանց անվտանգության եւ հետագա շահագործման ընթացքում խնամման համար պետք է պատասխանատվություն կրեն հենց համայնքները: Այսինքն՝ գյուղապետերին ավելի ձեռնտու է այդ խողովակները նույնիսկ անհատույց «Գազպրոմ Արմենիային» հանձնել, քան թե դրանք պահել իրենց հաշվեկշռում` դարձնելով լրացուցիչ գլխացավանք իրենց համար: Այսինքն՝ ակնհայտ է, որ գազատարները համայնքներին հանձնելով՝ ինչ-որ կերպ փորձ է արվում լուծել խնդիրը, բայց դա ժամանակավոր բնույթ է կրելու, քանի որ ամեն անգամ, երբ գազատարների հետ կապված խնդիրներ առաջանան, համայնքները փաստի առաջ են կանգնելու եւ կրկին թակելու են մարզպետների դռները` վերանորոգման համար գումարներ հայթայթելու ակնկալիքով, իսկ մարզպետներն էլ թակելու են Կառավարության դուռը:
Բնական հարց է ծագում՝ իսկ ինչպես է պատահել, որ այսպես է ստացվել, այս հարցը շատ կարճ պատասխան ունի՝ անտերության եւ որոշ չինովնիկների անպատժելիության արդյունքում: Բանն այն է, որ երբ 2012-ին ծրագիրն իրականացվել է, գյուղերը գազաֆիկացվել են, աշխատանքների հանձնման-ընդունման գործընթացի ժամանակ ծրագրում ընդգրկված ընկերությունների եւ ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» միջեւ տարաձանություններ են սկսվել: Մոտ մեկ տարի շարունակ շինարարները եւ Կառավարության վերը նշված գրասենյակը չեն կարողացել համաձայնության գալ: Արդյունքում, երբ արդեն 2013-ի տարեվերջին նրանք ի վերջո կարողացել են համաձայնութան գալ, ի դեպ, կրկին խնդրով լրագրողների հետաքրքրվելուց հետո, այս անգամ հարց է առաջացել՝ իսկ «Գազպրոմ Արմենիան» ի՞նչ հիմունքներով պետք է այդ խողովակները շահագործի եւ դրանցով մարդկանց գազ մատակարարի: ՀՀ Կառավարության տեսանկյունից միակ ճիշտ լուծումը պետք է լիներ այն, որ այդ խողովակները տրվեին այն ժամանակ դեռեւս «Հայռուսգազարդին» (ներկայիս «Գազպրոմ Արմենիային»), եւ գազատարների գնի չափով պետք է ավելացվեր ՀՀ Կառավարության 20 տոկոս բաժնեմասի հաշվեկշռային արժեքը: Սակայն, մինչեւ հերթը հասել է այս խնդրի լուծմանը, ՀՀ Կառավարությունն արդեն կնքած է եղել «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը պարտքի դիմաց ռուսական «Գազպրոմին» հանձնելու մասին պայմանագիրը: Այլ կերպ ասած՝ ինչ-որ չինովնիկների անգործության արդյունքում 5 միլիարդ դրամի գույքը մնացել է «օդում»:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Կառավարությունը պետբյուջեից կրկին գումար հատկացրեց «Գազպրոմ Արմենիային» վճարելու համար, քանի որ պարտքի եւ բաժնետոմսերի հաշվարկումից հետո հայկական կողմը մոտ մեկ միլիոն դոլար պարտք էր մնացել: Հասկանալի է, չէ՞, որ եթե 12 միլիոն դոլար արժողությամբ գույքը ժամանակին ձեւակերպվեր, ապա նման խնդիր չէր առաջանա:
Ինչեւէ, այս պատմությունը լավագույնս բնորոշում է Հայաստանում առկա կառավարման համակարգի բնույթը` կարեւորը գումար լինի, ծախսեն, իսկ թե ինչպես պետք է այդ ամենը ձեւակերպվի, ոչ մեկին չի հետաքրքրում, իսկ երբ այդ մասին հիշում են, արդեն բանը բանից անցած է լինում:
Հ.Գ. ՀՀ վերահսկիչ պալատը 2013 թվականի իր զեկույցում այս ծրագրին եւս անդրադարձել է եւ արձանագրել, որ վարկային միջոցներն անարդյունավետ են ծախսվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԷ
«Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եւ հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանի՝ օրերս ծեծի ենթարկելու փաստին: «Իմ տպավորությամբ՝ ազատամարտիկների պարագայում ավելի շատ գործել է Կեսարից ավելի Կեսար երեւալը: Կան, չէ՞, գործիչներ, որ ինչ-որ ձեւով, ինչ-որ տեսքով ուզում են ցույց տալ, որ իրենք ավելի նվիրված են, իրենք Սերժ Սարգսյանի համար պատրաստ են ընտանիքներ զոհելու եւ այլն: Կարծում եմ, որ այդ առումով այստեղ գործել է ավելի շատ տղայական սկզբունքը: Հայհոյանք… ասեմ, որ դա ինձ համար ընդունելի չէ, որ նման բան է եղել… Ի տարբերություն պարոն Երանոսյանի՝ էլի լավ բան չի, բայց այդ տղաները՝ հատկապես Մանվել Եղիազարյանը, իր ջոկատով կռիվների ժամանակ ականջներ է կտրել: Ու կտրել են ոչ թե փողոցում 10 հոգով, այլ մարտի դաշտում: Եւ նրանց նման բաներով վախեցնելն անիմաստ է: Այդ ի՞նչ վարվելակերպ է ընդհանրապես, որ ոստիկանության սպան ցուցաբերել է»,-հայտարարել է Ա. Կարապետյանը:

 

ՊԱՐՏՔ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը որոշակի պարտքեր է կուտակել գյուղացիներին, որոնցից կաթ է ձեռք բերել: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց «Աշտարակ կաթ» ընկերությանը, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Այո՛, «Աշտարակ կաթ» ընկերությունն ունի կաթի մթերման դիմաց կուտակված որոշակի պարտքեր: Ամռան ամիսներին մթերվող կաթի քանակությունը միշտ ավելի շատ է լինում, քան ձմռան ամիսներին: Ավելցուկային կաթն ուղղվում է պանրի եւ չոր կաթի արտադրությանը, սակայն դրանց վաճառքն իրականացվում է հետագա ամիսներին: Արդյունքում՝ ընկերությունում ժամանակավորապես առաջանում է շրջանառու միջոցների պակաս, եւ գոյանում է որոշակի պարտք: Ընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից, եւ խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մարվելու են կաթի մթերման դիմաց կուտակված բոլոր պարտքերը»:

 

ԱՃԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին, հուլիսի համեմատ, ձուն թանկացել է մոտ 28 տոկոսով: Սակայն այս տարվա հունվարին, համեմատ նոյեմբերի, ձվի գները թանկ չեն: Սա բացատրվում է այն պարզ պատճառով, որ անցած տարի եւս տարեվերջին ձուն կտրուկ թանկացավ եւ այդպես պահպանվեց մինչեւ գարուն: Ձուն էժանացավ այն ժամանակ, երբ սկսեցին դրսից ներկրել: Այսինքն՝ տեղական արտադրողները՝ տեսնելով, որ ներկրումների պատճառով իրենց ապրանքը չի իրացվում, ստիպված իջեցրին գները եւ դրանից չէին դժգոհում: Բայց արի ու տես, որ արտադրողներն աշնան վերջին ձուն կրկին թանկացրին:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նիստում քննարկվել է ազատամարտիկների վրա կատարված հարձակման հարցը։ ՀԱԿ-ը, ՀԺԿժն եւ ՎՍԴՀԿ-ն արձանագրել են, որ «Հայ հասարակությանը ցնցեց դեկտեմբերի 9-ին արցախյան ազատամարտի հրամանատարներ, «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի («Ապարան» ջոկատի հրամանատար) եւ Մանվել Եղիազարյանի («Արաբո» ջոկատի հրամանատար), իսկ դեկտեմբերի 10-ին «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ եւ մամլո խոսնակ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակումները։ Ռեժիմը դավադրաբար ձեռք է բարձրացնում մարդկանց վրա, որոնք ոչ միայն 1988-ից ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ էին, այլեւ այդ շարժման այն հերոսներից, որ ինքնակամ, անձնազոհաբար գնացին պաշտպանելու Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի սահմանները։ Ռեժիմը դրանով անարգում է ազատամարտի երեւույթը որպես այդպիսին՝ մահացու վիրավորելով նրա բոլոր մասնակիցներին ու ներկայացուցիչներին»,- հայտարարել են երեք կուսակցությունները՝ դատապարտելով այդ նողկալի արարքը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւս դատապարտել է սպարապետի զինակիցների նկատմամբ բռնությունները:

 

ԱԶԱՏ ԿԼԻՆԵՆ
ՀՀ Կառավարության որոշմամբ ԱՄՆ քաղաքացիները 2015 թվականի հունվարի 1-ից կազատվեն Հայաստանի մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ամերիկյան կողմն իր հերթին որոշակի զիջումներ է անելու Հայաստանի քաղաքացիների համար. «2015 թվականի հունվարի 1-ից դյուրացվելու է Հայաստանի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի վիզայի ձեռք բերումը: Դա մի գործընթացի միայն սկիզբ է: Հունվարի 1-ից շատ կատեգորիաների տրվելու է ամերիկյան 10 տարվա եւ բազմակի վիզա»: Ըստ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի՝ Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագրի դյուրացումը տարածվելու է Հայաստանի քաղաքացիների լայն շերտերի՝ գործարարների, լրագրողների, զբոսաշրջիների, գիտնականների եւ ուսանողների վրա: Հունվարի 1-ից հետո ԱՄՆ քաղաքացիները կկարողանան այցելել Հայաստան եւ մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում ազատվելով մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդես են եկել հայտարարությամբ. «Վերահաստատելով երկու երկրների միջեւ առկա ամուր բարեկամական կապերը եւ պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առեւտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային կապի բարելավմանը, հումանիտար եւ մշակութային կապերի խորացմանը»:




Լրահոս