«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով երեկ Գյումրիում փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ հնչած կրակոցներին, ասաց, որ անձամբ զրուցել է փաստաբանի հետ:
-Պարո՛ն Զոհրաբյան, ինչպես նկատում ենք՝ փաստաբանների նկատմամբ ոտնձգությունները շարունակական բնույթ են կրում: 2014թ. ընթացքում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատավարության ժամանակ սպառնալիքներ էին հնչում մեղադրյալի պաշտպան Երեմ Սարգսյանի նկատմամբ: Օրերս Դուք հայտարարել էիք, որ փաստաբանի վրա ցանկացել են բենզին լցնել եւ այրել: Իսկ, ահա, այսօր Գյումրիում կրակոցներ են հնչել փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ: Ինչի՞ հետեւանք է այս ամենը:
-Սա նրա հետեւանքն է, որ փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ: Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից: Հասարակության զգալի հատվածը դեռեւս իրազեկված չէ այս կանոնի մասին: Այստեղ ունենք ԶԼՄ-ների աջակցության կարիքը, քանի որ թե՛ փաստաբանական համայնքը եւ թե՛ զանգվածային լրատվական միջոցները հանդիսանում են քաղաքացիական հասարակության անքակտելի մասը:
-Ի՞նչ քայլեր եք արել այս ընթացքում՝ փաստաբաններին հնարավոր վտանգներից զերծ պահելու համար:
-Այս նպատակով 2014թ. օգոստոսի 8-ին փաստաբանների պալատում ստեղծվել է փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որի առջեւ դրված է խնդիր՝ հրատապ արձագանքել փաստաբանների իրավունքները խախտող միջադեպերին եւ ձեռնարկել միջոցներ խախտումների վերացման ուղղությամբ: Փաստաբանների պալատը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում փաստաբանների իրավունքները խոչընդոտող դեպքերը, իսկ դրանք քիչ չեն: Շատ հաճախ այդպիսի միջադեպեր տեղի են ունենում պաշտոնատար անձանց ոչ պրոֆեսիոնալ վարքագծից: Օրինակ՝ երբ դատավորն ի վիճակի չի լինում պատշաճ կարգ ու կանոն ապահովել դատական նիստերի դահլիճում, երբ քաղաքացին վիրավորում է փաստաբանին ու անպատիժ մնում, հաջորդ անգամ նրան են միանում մի քանի քաղաքացիներ ու անցնում են նույնիսկ վիրավորանքի սահմանը:
-Փորձե՞լ եք ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ եւ հնարավոր միջոցներ իրականացնել փաստաբաններին պաշտպանելու համար:
-Թամարա Յայլոյանի դեպքի հետ կապված անձամբ խոսել եմ Թամարայի հետ, եւ ըստ մեր փաստաբանի համոզման՝ դա պատահականության արդյունք է, եւ կրակոցը, ըստ փաստաբանի, հավանաբար տեղի է ունեցել թափառող շներին վերացնող անձանց կողմից: Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոսել է նաեւ դատախազի հետ, եւ այս պահին մտահոգիչ որեւէ տեղեկություն չունենք: Բոլոր դեպքերում, իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով: Լյուքս Ստեփանյանի սպանության գործի հետ կապված միջադեպով փաստաբանների պալատն իր դատապարտող հայտարարությունը տարածեց, բացի այդ՝ անձամբ խոսել եմ Լյուքս Ստեփանյանի հոր եւ մեղադրյալի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: Ուրախ եմ, որ կողմերը շրջահայացություն ցուցաբերեցին եւ խուսափեցին նման սուր վեճերից:
Արդեն 2 տարի է, ինչ փաստաբանների պալատը հուշագիր է կնքել ոստիկանության հետ, որով ստեղծվել է հանձնախումբ, ինչի արդյունքում հաճախ են կանխվել փաստաբանների իրավունքների ոտնահարման դեպքերը:
-Չե՞ք կարծում, որ այս կերպ փորձում են փաստաբաններին լռեցնել, ի՞նչը կարող է հետագայում ազդել նրանց գործունեության վրա:
-Փաստաբանի արյան մեջ առկա է պաշտպանի գենը: Փաստաբանը հիմնականում պաշտպանում է իր վստահորդին ուժեղ հակառակորդից՝ պետական հարկադրանքի իրավունք ունեցող դատախազից: Երբեմն դատախազին միանում է նաեւ դատավորը: Եվ այս պայմաններում փաստաբանը չի վախենում նրանց դեմ դուրս գալ: Պաշտպանի այս հոգեբանությունը հասկացող որեւէ անձ չի փորձի վախի միջոցով նրան լռեցնել, քանի որ դա ամբողջությամբ հակառակ ազդեցությունը կունենա:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն իր ուշադրության տակ է պահում նաեւ փաստաբան Արշավիր Խալափյանի քրեական գործը: Ինչպես հիշում եք՝ համացանցում տարածված տեսաձայնագրությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առեւտրային կաշառք ստանալու համար: Փաստաբանների պալատում այս դեպքի հետ կապված հարուցվել է կարգապահական վարույթ: Եթե Արշավիր Խալափյանի արարքում կա խախտում, ապա նա անպայման փաստաբանական համայնքի կողմից պատասխանատվության կենթարկվի: Բայց այս գործի մեջ ինձ անհանգստացնում է մեկ այլ բան: Սյունիքի մարզի իրավապահ մարմինները եւ դատական համակարգը, կարծես թե, ցանկանում են Արշավիր Խալափյանից «վրեժխնդիր» լինել նրա փաստաբանական ակտիվ գործունեության համար: Այս կարծիքն ինձ մոտ ձեւավորվել է մեկ անպատասխան պարզ իրավական հարցից: ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի դիսպոզիցիայից հետեւում է, որ փաստաբանը կարող է առեւտրային կաշառք ստանալու համար պատասխանատվության ենթարկվել, եթե դա տեղի է ունեցել ապօրինաբար, կամ որ նույնն է՝ իր վստահորդի հակառակորդ կողմից ստացել կամ պահանջել է գումար՝ նրա օգտին որոշակի գործողություններ կատարել կամ չկատարելու համար: Արշավիր Խալափյանի քրեական գործից չի երեւում նրա վստահորդը: Այս պայմաններում, իմ կարծիքով, չի կարող խոսք գնալ առեւտրային կաշառքի մասին: Առավել եւս, երբ ստեղծված վեճում Արշավիր Խալափյանը հանդիսացել է շահագրգիռ անձ եւ պահանջատեր:
ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
Շուրջ մեկ տարի ընթացող քննությունից հետո Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրենի եւ աշակերտներից մեկի մոր միջեւ տեղի ունեցած հայտնի ծեծը դատարանում ստացավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը եւ դպրոցի աշակերտուհի Լիդիայի՝ ծեծի ենթարկված մայրիկ Նատալյա Սարգսյանը պարտվել են:
«Ժողովուրդ»-ը 2013թ. ապրիլի 23-ին գրել էր, որ Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել էր տուն: Աշակերտուհու մայրը` Նատալյան, եկել էր դպրոց՝ տնօրենից բացատրություն պահանջելու, ինչի արդյունքում՝ տնօրենի եւ ծնողի միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել: Աշակերտուհու մայրը դիմել էր ոստիկանություն, սակայն որեւէ արդյունքի չհասնելով՝ 2013թ. հունիսին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նատալյան դատարանում հայտնել էր, որ Չեխովի անվան N 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, հանդիսանալով կրթական հաստատության ղեկավարը, երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվելու փոխարեն մանկավարժին ոչ վայել պահվածք է դրսեւորել, ինչի հետեւանքով խախտել է նրա եւ նրա երեխայի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները եւ ազատությունները: Ուստի դպրոցի՝ արդեն նախկին աշակերտուհու մայր Նատալյան դատարանից պահանջել էր, որ պարտավորեցնեն դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրի եւ 1.000.000 դրամ վճարի:
Հակընդդեմ հայցով դատարան էր դիմել նաեւ Չեխովի անվան N 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը` պահանջելով Նատալյա Սարգսյանից իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել, հրապարակավ ներողություն խնդրել: Շուրջ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը վճռել է Նատալյա Սարգսյանի հայցն ընդդեմ Գայանե Սարուխանյանի մերժել: Ի դեպ, դատարանը նույն կերպ էր վարվել նաեւ դպրոցի տնօրենի՝ Գայանե Սարուխանյանի դեպքում: Ասել է թե՝ նրա հակընդդեմ հայցը եւս մերժել է: Արդյունքում դպրոցի տնօրենն ու աշակերտուհու մայրը մնացին դատարկաձեռն:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԾԵԾԵԼ ԵՆ
Օրերս քրեական աշխարհում հայտնի Գեւորգ Մելիքյանի (Օշականցի Գեւորիկի) եղբորորդին՝ կրկին Գեւորգ Մելիքյանը, ծեծկռտուքի մեջ է ընկել: Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ աղմկահարույց պատմությունների կիզակետում բազմիցս հայտնված Գեւորգ Մելիքյանը ընկերոջ՝ Մրոյի հետ ծեծի է ենթարկել մոսկվայաբնակ հայազգի գործարար ոմն Արման Կարապետյանին:
Վերջինս, հնարավոր է, հենց այն գործարարն է, ում սպանությունը մեկ տարի առաջ պատվիրել էր հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը: Արման Կարապետյանը բաժնեմաս ունի «Ռոստելեկոմ» ընկերությունում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Լիլիթ անունով մի աղջիկ դիմել է Գեւորգ Մելիքյանին եւ Մրոյին՝ խնդրելով նրանց «պաշտպանել իր պատիվը»: Զայրացած տղաները հայազգի գործարարի հետ հանդիպել են ուշ երեկոյան, երեւանյան հյուրանոցներից մեկում, ծեծել են նրան, ապա զրույցը շարունակել Երեւանի Իտալիայի փողոցում գտնվող «Congress» հյուրանոցում: Այստեղ, սակայն, վեճը չի շարունակվել: Երիտասարդները հաշտվել են եւ այսքանով եզրափակել պատմությունը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին նույն Գեւորգ Սերգեյի Մելիքյանը՝ նույն ինքը՝ Օշականցի Գեւորիկի 25-ամյա եղբորորդին անզգուշությամբ դարձել է 41-ամյա Ալվարդ Թամիրյանի մահվան պատճառը: Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հիմքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դեպքից ժամեր անց մեղայականով ներկայացել էր ոստիկանության կենտրոնի բաժին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը համաներմամբ ազատ էր արձակել 22-ամյա Գեւորգ Մելիքյանին:
Իսկ հայազգի գործարար Արման Կարապետյանի ծեծին մասնակցություն ունեցած Մրոն ոչ այնքան հայտնի «Տրամվի պարկի Ղազար» մականունը կրող հեղինակության որդին է:
Տեղեկացնենք, որ շուրջ 4 տարի առաջ, դեկտեմբերի 4-ին, մայրաքաղաքի մոտ 300 հեղինակություններ հավաքվել էին Էրեբունու «Արգիշտի» ռեստորանում: Հավաքի նախաձեռնողը եղել է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը), իսկ նպատակը պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել՝ համատեղ դիմագրավել առաջիկա մարտահրավերները: Հանդիպմանը մասնակցել էին Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը եւ ուրիշներ:
Ավելի ուշ ոստիկանության տարբեր բաժիններ, 6-րդ վարչություն, քրեական հետախուզություն էին հրավիրվել հավաքի մոտ 50 մասնակիցներ, նրանց թվում՝ Երրորդմասցի Լյովիկը, Զեյթունի Էդոն, Էրեբունու Արտյոմը, Մասիվի Հակը, Վահանն ու Ժիրոն, Արաբկիրից՝ Տուն, Կոմայգու Սեփիկը, Տրամվի պարկի Ղազարը, Անդրանիկ Մարգարյանի սանիկ Պիստ Արմենը եւ ուրիշներ: Յուրաքանչյուրին 4-5 ժամ պահել են եւ հետաքրքրվել նշված հավաքով: Բնականաբար, ոչ մի արձանագրություն չէր կազմվել, եղել էին բանավոր զրույցներ: