Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանին մշտապես հաջողվել է հումորի միջոցով լուրջ թեմաներից խոսել: Վաղվա օրվա համար մտահոգվող ռեժիսորն այն կարծիքին է, որ այսօրվա հերոս դառնում են օլիգարխները, ինչպես ինքն է ասում՝ փողի տոպրակներն ու կրիմինալները: Նիկոլայ Ծատուրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է նաեւ կաթողիկոսի հասցեին արտահայտած խիստ կարծիքից հետո ստացած առաջարկից եւ այլ թեմաներից:
-Հեռատես գտնվելով՝ հրաժարվեցիք Գյումրու Վարդան Աճեմյանի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ Ձեր տեղը զիջելով երիտասարդի: Ձեր այդ քայլը պետք է որ օրինակ ծառայեր թատրոնների տարեց, իրենց սպառած գործիչների համար…
-Բոլոր այն մարդիկ, որոնք պետք է իրենց տեղը զիջեն երիտասարդներին, չեն անում դա, ինձ ասում են՝ այդ ինչ «ախմախ» բան ես արել, որովհետեւ դա կարող է օրինակ ծառայել մյուսների համար: Իրենց գործն է, թող նստեն…
-Դուք ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին մտադիր եք դարձնել Ձեր ներկայացման հերոսը: Ի՞նչ եք կարծում՝ տարիներ անց ովքե՞ր են դառնալու մեր հերոսները, ինչպիսի՞ն են նրանք լինելու:
-Ախր այսօր արդեն հերոսներ դառնում են այն ապուշ-ապուշ օլիգարխները՝ փողի տոպրակները, կրիմինալները, այդ պատճառով էլ Հայաստանում փողը կուռք է: Մարդիկ չեն ճանաչում հսկա գիտնական Գրիգոր Գուրզադյանին, իսկ «լֆիկ-մֆիկներին» բոլորը գիտեն…
-Իշխանությունների, հասարակության շրջանում ամեն աղետալի երեւույթի վերաբերյալ ազատ արտահայտվող մարդ եք. երբեւէ Ձեր անձի նկատմամբ հետապնդումներ, սպառնալիքներ զգացե՞լ եք:
-Առանձնապես՝ ոչ: Մի անգամ միայն, երբ շատ խիստ բան ասացի մեր կաթողիկոսի հասցեին, ինձ ինչ-որ տեղից մեկի միջոցով առաջարկ եկավ, որ թողնեմ պաշտոնս, ես ասացի, որ դա չի լինի…
-Ամեն դեպքում, չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ կաթողիկոսի հասցեին հնչեցրած խոսքերից հետո Ձեզ ստիպել են թողնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
-Թող խոսեն, դրանք ինձ բացարձակ չեն հետաքրքրում, եթե ես ընկնեմ, մտածեմ, թե ով ինչ է ասում, կկորցնեմ իմ «ես»-ը:
-Ձեր սուր լեզվի պատճառով կրակը չե՞ք ընկել:
-Գիտեք՝ սուր լեզուն ինձ համար ընդունելի է, բայց ոչ երբեք՝ չարախինդ լեզուն: Տիրող իրավիճակի առնչությամբ ես չեմ չարախնդում, այլ ցավում եմ: Օրինակ՝ Վահրամ Սահակյանը շատ հետաքրքիր մարդ է, բայց չարախինդ է. ասա՝ եթե պետք է այդպիսին լինես, թո՛ղ, գնա՛ այստեղից…
-Վերջերս պատգամավոր Մհեր Սեդրակյանն ասաց՝ հայերը միշտ ապրել են ուրիշի լծի տակ եւ ավելի լավ է՝ ռուսի լծի տակ ապրեն: Ի՞նչ կասեք նրան:
-Նախ՝ չգիտեմ, թե դա ով է, իմ շրջապատում կարգին մարդիկ են, դերասաններ էլ կան, բայց ոչ՝ պատգամավոր-դերասաններ: Բանն այն է, որ մեր ամբողջ կառավարությունը ստրկամիտ է, մերոնք անպայման պետք է մեկի թեւի տակ լինեն, ասում են՝ մենք փոքր երկիր ենք…Մի տեսեք, թե ոնց են, օրինակ, վրացիները պահում իրենց արժանապատվությունը…
-Ի դեպ, լրագրողներին քննադատեցին Մհեր Սեդրակյաններին խոսեցնելով՝ արտաքին թշնամու բերանը լեզու դնելու համար…
-Ամենամեծ ցավն օլիգարխի մուտքն է իշխանություն: Ինչ վերաբերում է Ձեր ասածին, դա փոքր ազգերի շրջանում տարածում գտնող միտում է…Իբր մյուս երկրները մեզ բանի տեղ դնո՞ւմ են, որ մենք էլ մեր գաղտնիքները չասենք…
-Մի առիթով մեր Ազգային ժողովը համեմատել եք թատրոնի հետ՝ նկատելով, որ այն Հայաստանում երբեք չի մեռնի. իսկ Դուք հետեւո՞ւմ եք այդ «թատրոնի ներկայացումներին»:
-Քիչ, որովհետեւ… ապրել եմ ուզում: Դրանք որ տեսնում եմ, ավելի եմ հիասթափվում, մեկ-մեկ կնոջս ասում եմ՝ արի, վեր կենանք-գնանք այս երկրից, ինձ սաստում է… Բա ի՞նչ անենք… Գեղը, ոչ թե գյուղը, եկել-լցվել է այդտեղ, չեմ ուզում անուններ տալ, բայց նրանցից մեկն ասել էր՝ Խաչատրյանի բոլոր օպերաները բեմադրելու ենք. այստեղ, արդեն, ամեն ինչ ավարտվում է…
-Մեր այս օրով մտահոգ մեկն արվեստի միջոցով կարո՞ղ է ելնել պայքարի:
-Այսօր ուժն է իշխում, ինչքան ուզում է ասեն՝ արվեստ-մարվեստ… Բանակ, հզոր բանակ. ամեն ինչ պետք է անել, որ լավ բանակ ունենանք, լավ զինամթերք ձեռք բերենք: Մենք շատ ենք սիրում հայրենիքի համար բաժակ բարձրացնել, բայց ով որ կենաց է ասում, իր տղային արդեն ազատել է բանակից: Ես իմ ուսանողներին ասում եմ՝ գնացե՛ք, ծառայե՛ք, ասում են՝ պարո՛ն Ծատուրյան, գնանք, մեռնե՞նք. ոչինչ, մեռեք էլ…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՌԻՆՋԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՀԱՅՏ
Վերջին շրջանում սոցցանցերում կրկին բարձրացվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքի պատմական, միջնադարյան գերեզմանոցը պահպանելու, նոր հուղարկավորություններից զերծ պահելու հարցը: 15-19 դարերի գերեզմանոցը Հայաստանի բացառիկ հնավայրերից է եւ իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է, այն ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Սա նշանակում է, որ այնտեղ արգելված է ցանկացած շինարարական-տնտեսական գործունեություն, փոփոխում կամ միջամտություն: Դրա պահպանական գոտին ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատվել է 2011-ին:
Այնինչ, դեռեւս ապրիլին «Պահպանության ծառայության» ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի՝ հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրվել էր նոր գերեզմանոցի պարսպապատում, տարածքում տնտեսական աղբի կուտակում:
Առինջ գյուղի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ թե՛ մարդիկ, թե՛ անասուններն ազատ մուտք ունեն գերեզմանոց, եւ մի թեթեւ շփման դեպքում անգամ խաչքարերը կարող են ընկնել:
ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը «Ժողովուրդ» թերթին տեղեկացրեց, որ գերեզմանոցում նոր հուղարկավորությունների խնդիրն արդեն 10 տարի է՝ քննարկվում է. «Այս տարի էլ գնացել ենք, տեսել ենք, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, դիմել ենք տարածքային կառավարման նախարարությանը, կարծում ենք, որ այս խնդիրը լուծելուն ուղղված աշխատանքները պետք է իրականացվեն մարզպետարանի եւ համայնքի ղեկավարների աջակցությամբ: Այս պահին նախարարությունը համապատասխան ծրագրային գումար չունի»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն անգամ իրենք գերեզմանոցի պահպանության հարցով դիմում են դատախազություն, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում:
Հիշեցնենք, որ Առինջի գյուղապետի տեղակալն ավելի վաղ նշել էր, որ մինչեւ գերեզմանոցը չցանկապատվի, այդ հարցը հնարավոր չի լինի լուծել, իսկ համայնքային բյուջեն համապատասխան միջոցներ չունի:
Ա.Աբրոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց.«Գյուղապետարանն ասում է՝ կներեք, այս պետք է անեի, այն չպետք է անեի…Ես չեմ կարող այդ արձագանքներին լուրջ նայել»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՆԴՐԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԷՐ ԸՆԿԵԼ
Օրերս լեփ-լեցուն դահլիճում կայացել է Անդրեի եւ «X factor»-ի երեք տղաների՝ Հայկ Հունանյանի, Վահե Մարգարյանի եւ Նարեկ Վարդանյանի համերգը, որը մեկնարկել է «Հաղթենք միասին» երգով: Համերգի հանդիսավար Ավետ Բարսեղյանը նկատել է, որ «X factor»-ն Անդրեին հասցրել է «Նաիրի» բժշկական կենտրոն, եւ նրան հորդորել է քաշ հավաքել: ESem.am-ի հետ զրույցում երգիչն ասել է, որ նախագիծը, համերգը մեծ պատասխանատվություն են ենթադրում, դա էլ իր հերթին՝ մեծ էներգիա եւ նյարդեր: Երգիչն այժմ լավ է, իսկ առաջիկայում կփորձի մի փոքր հանգստանալ: Նա առաջիկայում կսկսի աշխատել «Անդրե» նախագծի վրա, կմեկնի Հայաստանից եւ տեւական ժամանակ հայրենիքում չի լինի:
ՊՈՌՆՈՆՅՈՒԹԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Էդինբուրգի «Playhouse» թատրոնը հարյուրավոր երեխաների պոռնոնյութեր է ուղարկել: BBC-ի փոխանցմամբ՝ թատրոնում պարապող երեխաներին իրենց ամառային դասընթացներին առնչվող տեսագրություններն ուղարկելու փոխարեն փոխանցվել են պոռնոգրաֆիկ նյութերով սկավառակներ: Մինչ թատրոնի աշխատակիցներից մեկը բացահատել է սխալը, որոշ երեխաներ հասցրել են դիտել տեսանյութը:
Թատրոնը ներողություն է խնդրել երեխաներից եւ նրանց ծնողներից՝ մեղքը գցելով տեսագրման ընկերության վրա: Շոտլանդիայի ոստիկանությունը հանցագործություն չի արձանագրել:
ԲԱԺԱՆՎԵԼ Է ԸՆԿԵՐՈՒՀՈՒՑ
Դերասան Լեոնարդո դի Կապրիոյի եւ մոդել Թոնի Գարնի սիրավեպն այլեւս անցյալում է: «Us Weekly»-ի փոխանցմամբ՝ 2014-ին դերասանը զվարճացել է ամեն պատահածի հետ: Հիշենք ֆուտբոլի ԱԱ-ի ժամանակ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ոճով նրա կազմակերպած շքեղ երեկոն Բրազիլիայում, «Կաննի» կինոփառատոնի ընթացքում մոդելների հետ անցկացրած պահերը:
Թերեւս դերասանի ցոփ ապրելակերպն է պատճառը, որ այս ամսվա սկզբին Մայամիում անցկացված ժամանակակից արվեստների տոնավաճառին նա եւ ընկերուհին ներկայացել են առանձին եւ առհասարակ չեն շփվել իրար հետ: Իսկ վերջերս էլ Լեոնարդոն զվարճացել է Մայամիի ակումբներից մեկում եւ այնտեղից դուրս եկել 20 աղջիկների ուղեկցությամբ: