ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ԷԼ ԱՌԻԹ ԷՐ ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազալցակայաններում գազի գնի բարձրացումը դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել երեւանյան տաքսի ծառայությունների վարորդների մոտ: Թեեւ տաքսիների վարորդները դեռ չեն պատրաստվում ուղեվարձի մեջ փոփոխություններ անել, սակայն գազալցակայաններում գազի գնի բարձրացման հետեւանքով Երեւանում կավելանա անբարեխիղճ տաքսու վարորդների թիվը: Շատերի կարծիքով այս ամենի արդյունքում զգալի կնվազի տաքսիների ուղեւորների թիվը: Իսկ սա անխուսափելիորեն բերելու է տաքսին ավտոբուսով փոխարինելու հեռանկարին:

Տեղեկացնենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով արդեն հինգ օր է, ինչ ՀՀ գազալցակայաններում սպառվող գազի 1 խմ-ը մոտ 10-15 տոկոսով թանկացել է: Տաքսիների վարորդների պնդմամբ՝ որոշ գազալցակայաններում թանկացումը հասնում է նույնիսկ մինչեւ 30 տոկոսի:
Երեւանում մոտավորապես ամեն երկրորդ կամ երրորդ մեքենան գործում է որպես տաքսի, որոնցից մի մասը 1կմ-ի դիմաց այլ գումար է վերցնում, իսկ մի մասն էլ՝ այլ: Սակայն Երեւանում գործող տաքսիների կողմից 1կմ-ի դիմաց սահմանված 100 դրամն իրականում շատ է: Գաղտնիք չէ, որ գազալցակայաններում գազի գնի բարձրացումն անխուսափելիորեն բարձրացնում է նաեւ տաքսի ծառայությունների գործունեության ինքնարժեքը: Եւ տաքսի ծառայությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղեւորները քիչ են, իսկ տաքսիների շուկայում մրցակցությունը շատ մեծ է, այս պատճառով սահմանված 1 կմ-ի դիմաց 100 դրամը դեռ շարունակում են պահել: Բնականաբար, տաքսիների ուղեվարձը չի բարձրանա: Թեեւ չի բացառվում, որ ինքնարժեքի մեջ ավելացած տոկոսը կունենա իր բացասական հետեւանքը:
Սա բերելու է նրան, որ տաքսիների վարորդների գերակշիռ մասը կդառնա ավելի անբարեխիղճ: Օրինակ՝ մեքենայում դրված տաքսոմետրի վրա 1 կմ-ի գինը նշված է 100 դրամ, իսկ ծառայության նվազագույն պարտադիր վճարը` 600 դրամ, որը 6 կմ-ից հետո ենթակա է փոփոխման: Սակայն գազի սակագնի բարձրացման ֆոնին կավելանա այն տաքսիների թիվը, որոնց տաքսոմետրի վրա նշված պարտադիր վճարը ուղեւորափոխադրման ընթացքում կփոխվի սկսած 1 կամ 2 կմ-ից:
Արդյունքում՝ ինչպես միշտ կտուժի ՀՀ քաղաքացին: Տաքսի մեքենայի հաշվիչը կսկսի է՛լ ավելի արագ պտտվել, եւ մարդկանց փաստի առաջ կանգնեցնել:
Տաքսու վարորդ Արամը, ով արդեն չորս տարի է, ինչ այս աշխատանքով է զբաղվում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս թանկացումների արդյունքում զգալի կպակասի ուղեւորների թիվը: «Սրան գումարած վերջին շաբաթների ընթացքում մեր քաղաքացիների սոցիալական ծանր վիճակը, գնաճը գլուխ բարձրացրեց: Չգիտենք, թե ինչպես վարվենք»,- մտահոգվեց երիտասարդ վարորդը:
Իսկ, ահա, «Բրավո» տաքսի ծառայության տնօրեն Լեւոնը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ արդեն երեք օր է, ինչ իր ղեկավարած ընկերության վարորդները մտահոգված են: «Ճիշտ է՝ գազալցակայաններում գազի գնի ավելացված գումարը վարորդները պետք է վճարեն, բայց, դե, իրենք էլ չգիտեն, թե ինչ անեն: Հիմա ամեն ինչ անորոշ է, չգիտենք, թե այս հարցին ինչպես լուծում տանք, դիմացը Ամանորն է, դոլարի փոխարժեքի բարձրացումը, գնաճը: Վարորդներն էլ նեղվում են, որովհետեւ մի 400-500 դրամի տարբերություն է տալիս մեկ անգամ գազ լիցքավորելը: Բայց իրենք օրվա ընթացքում մեկ եւ ավելի անգամ են լիցքավորում»,- նեղսրտեց տաքսի ծառայության տնօրենը: Այս ընկերության տնօրինությունը մտադիր է «կիսովի» վճարել գազի վճարի ավելացված արժեքը:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն կատարեց տաքսիների գործունեության ոլորտում, ինչի արդյունքում հայտնաբերեցին բազմաթիվ խախտումներ: Տաքսի ծառայություն իրականացնող 16 ընկերություն ՏՄՊՊՀ-ի կողմից անբարեխիղճ վարքագիծ դրսեւորելու համար խիստ նախազգուշացում էր ստացել, քանի որ նվազագույն վճարը 4,1 կմ-ից էր փոխվում, իսկ որոշների մոտ բացակայում էր հաճախորդին անհրաժեշտ տեղեկությունը սպասելավարձի, ուղեւարձի սակագների մասին: Հուսանք՝ ՀՀ գազալցակայաններում գազի գնի բարձրացումից հետո վերը նշված կառույցն աչալուրջ կլինի եւ կվերահսկի այս ոլորտը, որպեսզի առիթից օգտվելով՝ որոշ տնտեսվարողներ իրենց շահույթի հաշվին չմոլորեցնեն եւ չխաբեն սպառողին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՌԱՆՑ 7 ՄԼՆ ԴՐԱՄԻ

Դեկտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ Գյումրու ավագանին հաստատեց քաղաքի՝ 2015 թվականի բյուջեն՝ 3մլրդ. 234մլն. 729.000 դրամ: Ինչպես նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ 2015-ի բյուջեն խիստ սոցիալական է եւ 2014-ի նկատմամբ 5.1 տոկոսով ավել:
Բյուջեի հաստատումից զատ՝ օրակարգում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք նույնպես ավագանու կողմից ընդունվեցին: Հատկապես քննարկվելիք խնդիրներից հատկանշական էին մի քանիսը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց հրաժարվել քաղաքի «կլկլաններից»՝ ավանդական մուշուրբաներից, որոնք քաղաքի շատ հատվածներում են կանգնեցված, եւ փոխարենը կանգնեցնել հայտնիների արձաններ: Ավագանու քննարկմանը դրվեց Սայաթ-Նովայի արձանը տեղադրել աշուղի անունը կրող պողոտայում: Այս նպատակով քաղաքապետարանի բյուջեից հատկացվելու է 7մլն դրամ: Նշենք, որ ավագանիներից Լեւոն Բարսեղյանը հակադարձեց որոշմանը՝ ասելով, որ բյուջեն պետք է ծառայի քաղաքի հրատապ խնդիրների լուծմանը, օրինակ՝ փողոցների ասֆալտապատմանը եւ ոչ թե որեւէ քանդակագործի երազանքների իրագործմանը: Ի վերջո, քաղաքն առանց Սայաթ-Նովայի արձանի կարող է ապրել:
Գյումրու տնակային թաղամասի բնակիչներին վառելիք տրամադրելու համար կտրամադրվի ընդամենը 2մլն դրամ: Իսկ Համլետ Տոնոյանին, ում տնակը հրդեհից մոխրակույտի էր վերածվել, որին «Ժողովուրդ» օրաթերթն օրերս անդրադարձել էր, ավագանու որոշմամբ քաղաքապետարանը կհատկացնի 300.000 դրամ օգնություն:
4մլն 600 հազար դրամ էլ կհատկացվի 23 ուսումնական հաստատությունների, որոնք ունեն շենքային եւ գույքային խնդիրներ:
Գյումրու ավագանու կարեւոր որոշումներից մեկն էլ եղավ Շիրակի մարզի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար վճար սահմանելու մասին դրույթը: Ինչպես նշեց զեկուցողը՝ սա նպաստելու է համայնքի բյուջեի զարգացմանը: Ի տարբերություն Երեւան քաղաքի, որտեղ այս վճարը կազմում է 50.000 դրամ, Գյումրիում կլինի 25.000 դրամի չափով. հաշվի է առնվում քաղաքի սոցիալական վիճակը:
Թերեւս որոշումներից հետաքրքրականը Գյումրու «Հունահռոմեական ըմբշամարտ»-ի մարզադպրոցի անվանափոխությունն էր: Ավագանին, հաշվի առնելով, որ օլիմպիական կոմիտեն գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակից հետո մարզադպրոցը վերանորոգել է, նպատակահարմար գտավ դպրոցն անվանել Արթուր Ալեքսանյանի անվամբ:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս