Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետևել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին և ներկայացրել իր դիտողությունները: Այս մասին armlur .am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
“Քաղաքի մասին առաջինը տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից: Ամենօրյա հետևողականությունն և սրտացավ վերաբերմունքը պետք է լինի յուրաքանչյուրի կողմից”,-աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետն ու հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում ավարտել նշված տարածքների կանաչապատումն ու գեղարվեստական ձևավորումը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի կրապատման և բուժման աշխատանքները, զուգահեռաբար բուժվում են նաև մշտադալար տնկիները` հնարավոր չորացումից խուսափելու նպատակով:
Քաղաքապետ հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել նախկինում անցկացված, սակայն տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի վերագործարկման նպատակով տարվող աշխատանքները և համապատասխան տարածքներն ապահովել ոռոգման ջրով:
Այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ ընտրված 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:
Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը` քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել աշխատանքների ընթացքի նկատմամբ և ապահովել, որ խաղերը տեղադրվեն տարածքների բարեկարգումն իրականացնելուց հետո: Կշարունակվի նաև բջջային կապի օպերատորների աջակցությամբ սահմանված ժամկետների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու գործընթացը։