ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից

Երեկ Վրաստան կատարած այցելության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որի ժամանակ երկու երկրների համանախագահներն ունեցել են առանձնազրույց: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունները եւ կարեւորել դրանց շարունակական խորացումը: Հայաստանի վարչապետը եւ Վրաստանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից եւ ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առեւտրատնտեսական համագործակցությունը եւս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Քննարկվել է նաեւ տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, կարեւորվել այդ ուղղություններով համագործակցության ընդլայնումը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ոսկու գրավադրմամբ եւ երաշխավորի միջնորդությամբ Կոնվերս բանկից վարկ եմ վերցրել: ԴԱՀԿ-ի կողմից տուգանքների պատճառով հաշիվներիս վրա կալանք է դրվել: Այժմ ցանկանում եմ ամբողջությամբ մարել բանկի պարտքս՝ գրավադրված ոսկին ստանալու նախապայմանով, սակայն բանկից ինձ տեղեկացրին, որ ԴԱՀԿ-ի հետ իմ խնդիրները կարգավորելուց հետո միայն կարող եմ վերցնել գրավադրված ոսկին: Կցանկանայի տեղեկանալ՝ բանկն ի՞նչ կապ ունի ԴԱՀԿ-ի հետ, եթե ես բանկի հետ ունեմ իմ անձնական գործառույթները:

Նաիրի Ասրյան (52 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածի 1-ին մասի՝ պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը եւ ի պահ հանձնելը: Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները եւ ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը եւ այլ հանգամանքներ:
Օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար ու ենթակա են կատարման ՀՀ ամբողջ տարածքում: Այս դեպքում հարկադիր կատարողի կողմից արգելանք է դրվել ոչ միայն Ձեր դրամական միջոցների, այլեւ գույքի վրա, ուստի գույքի վրա արգելանքի առկայության պարագայում Ձեզ պատկանող գույքն ազատորեն տնօրինելու Ձեր իրավունքը սահմանափակված է հարկադիր կատարողի որոշմամբ, իսկ բանկը պարտավոր է ղեկավարվել ՀՀ օրենսդրությամբ եւ կատարել ՀՀ օրենսդրության պահանջները: Ուստի արգելանքի առկայության պարագայում Ձեզ պատկանող ոսկյա իրերի հետ գործարք չի կարող կատարվել:

Կոնվերս բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն օրինական կերպով տուգանքների պատճառով արգելանք է դնում նաեւ քաղաքացիների գույքի վրա, եւ կալանքի պատճառով քաղաքացին իրավասու չէ ազատորեն տնօրինելու եւ մարած պարտքի դիմաց պահանջելու իր գույքը: Փաստորեն տուգանքները մարդկանց կարող են հասցնել ծայրահեղ վիճակի եւ զրկել սեփականությունից: Մի՞թե մի աննշան խախտումը կարող է ճակատագրական լինել եւ հասցնել մարդուն աղքատության եզրին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը 01.07.2014-ի դրությամբ եղել է ՀՀ ՊՆ աշխատակից, իսկ 10.11.2014-ի դրությամբ ձեռք է բերել վարձու աշխատողի կարգավիճակ, նրանից կուտակային կենսաթոշակային պահումներ կատարվելո՞ւ են:

Լուսինե Սեդրակյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն` վարձու աշխատող է համարվում գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը, այդ թվում` հանրային ծառայող (բացառությամբ ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների եւ Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների), ինչպես նաեւ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձը: Օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` սոցիալական վճարներ կատարելուց չի կարող հրաժարվել 2014 թվականի հուլիսի 1-ից հետո վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերած, նոտարի պաշտոնում նշանակված, անհատ ձեռնարկատեր դարձած, 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, որը 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չի հանդիսացել վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր: Ելնելով վերոգրյալից՝ եթե անձը 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխատել է ՀՀ ՊՆ-ում (չի հանդիսացել վարձու աշխատող), նրա վրա չի տարածվում օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, եւ քանի որ նա վարձու աշխատողի կարգավիճակ է ստացել 2014թ. հուլիսի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցվճար կատարելուց:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ քաղաքացին թեեւ ՀՀ ՊՆ աշխատող չէ, այնուամենայնիվ, չի կարող հրաժարվել սոցվճար կատարելուց, քանի որ նա վարձու աշխատողի կարգավիճակ է ձեռք բերել 2014թ. հուլիսի մեկից հետո:




Լրահոս